«…որպեսզի սեղմված բռունցքը «չբացվի»»

Զինադադարի հաստատումից ի վեր ապրիլյան մարտական գործողություններն իսկապես աննախադեպ էին թե՛ ծավալով, թե՛ կիրառված զինատեսակներով, ցավոք, նաև զոհերի ու վիրավորների քանակով: Եվ ինչպես հայ զինվորն ու սպան պատվախնդրորեն կատարեցին հայրենիքի հանդեպ իրենց նվիրական պարտքը՝ խիզախման բազմաթիվ օրինակներ ցույց տալով, այնպես էլ զինվորական բժիշկներն ու բուժաշխատողները. աննկարագրելի համախմբմամբ, նվիրմամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու լիարժեք կատարեցին իրենց խնդիրները:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ԶՈՒ բուժծառայության գործունեության մասին գնահատականներ արդեն իսկ հնչել են ու դեռ կհնչեն: Անկախ մարտական գործողությունների ծավալներից և վիրավորների մեծ թվից՝ բացառիկ կազմակերպվածությամբ և ներդաշնակությամբ են գործել բուժծառայության օղակները, և բոլոր վիրավորները «ոսկե ժամվա» ընթացքում առաջնագծից տարհանվել են որակավորված բուժօգնության էտապներ: Յուրաքանչյուրն իր տեղում արել է հնարավորն ու անհնարինը:

Մարտական գործողությունների ընթացքում ԼՂՀ ՊԲ հյուսիսային, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի պաշտպանության տեղամասերում վիրավորված զինծառայողները տարհանվել են Մարտակերտի առանձին բժշկական ջոկատ, որի բուժանձնակազմը վիրավորների մեծ հոսքի պայմաններում գերմարդկային ճիգերով բազմաթիվ կյանքեր է փրկել: Բացի տեղում կատարված մեծածավալ վիրահատություններից՝ ԱԲՋ-ի բժիշկներն իրենց ուժերով ընդառաջ են գնացել առաջնագծից տարհանվող վիրավորներին, հաճախ արկակոծվող տարածքում իրենց կյանքը վտանգելով՝ բժշկական անհետաձգելի օգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել առանձին բժշկական ջոկատ:

Օրեր առաջ Արցախ կատարած մեր այցելությունը նվիրել ենք ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ բուժաշխատողների գործունեության լուսաբանմանը:

Մեր զրուցակիցն է 2015 թվականին ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ լավագույն ռազմաբժշկական զորամաս ճանաչված ԼՂՀ ՊԲ Մարտակերտի ԱԲՋ-ի հրամանատար, բուժծառայության մայոր Խորեն Ազարյանը:

– Պարո՛ն մայոր, ծանոթանալով ապրիլյան ծանր օրերին այստեղ կատարված աշխատանքին՝ անհնար է հիացմունքի, երախտագիտության խոսքեր չասել… Ինչպե՞ս է հաջողվել վիրավորների այդպիսի հոսքի պայմաններում գրեթե անթերի կատարել խնդիրը:

– Կարելի է ասել, որ մեր բուժանձնակազմը մշտապես ծառայել է լարված պայմաններում, ու թեև ապրիլի սկզբին հակառակորդի հարձակողական գործողությունների ծավալն ու վիրավորների մեծ հոսքը որոշակի իմաստով անակնկալ էին, բայց մենք պատրաստ էինք և, ինչպես հարկն է, կարողացանք կատարել մեր խնդիրը: Զորամասն անմիջապես բերվեց մարտական պատրաստության բարձր աստիճանի և սկսեց գործել՝ համաձայն սահմանված կարգի: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 06:00-ի սահմաններում, արդեն վիրահատարանում էին մեր առաջին վիրավորները: Նրանց տարհանումը կատարվել է «դեպի մեզ» սկզբունքով. մեր բժիշկները, ընդառաջ գնալով անմիջապես կրակի գոտուց տարհանվող վիրավորներին, բավականին մոտեցել են առաջնագծին, կրճատել տարածությունը, մեզ համար այդքան թանկ ժամանակը և առաջին բուժօգնություն ցուցաբերելով՝ նրանց տեղափոխել ԱԲՋ: Վիրավորների մեծ հոսքի ժամանակ չափազանց կարևոր էր ճիշտ և գրագետ բժշկական տեսակավորման խնդիրը: Այդ գործընթացում ընդգրկված են եղել մեր լավագույն մասնագետները: Այնուհետև վիրավորներին ցուցաբերվել է որակավորված բուժօգնություն, որից հետո տարհանվել են հաջորդ էտապներ:

Կատարվել են մեծ թվով թե՛ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորների բարդ վիրահատություններ, թե՛ միջին և թեթև ծանրության առաջնային վիրաբուժական մշակումներ: Բացի հրազենային, բեկորային վիրավորումներից՝ ունեցել ենք նաև մեծ թվով մարտական այլ վնասվածքներ (կոտրվածքներ, բարոտրավմաներ և այլն):

Բուժանձնակազմի բարձր մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև մեր հոսպիտալի՝ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցվածությունը թույլ են տվել բարձր որակով իրականացնել բժշկական ապահովումը: Նախորդ տարի ԱԲՋ-ին «Toyota land cruiser» մակնիշի ամենագնացի (կահավորված՝ որպես ռեանիմոբիլ) հատկացումը հեռանկարային քայլ էր: Նաև դրա շնորհիվ մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնված զինծառայողների փրկված կյանքեր:

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Մարտակերտի ԱԲՋ-ի ողջ անձնակազմին՝ մասնագիտական պարտքը անձնվիրաբար կատարելու համար:

Կարևորում եմ նաև զորային օղակի բուժանձնակազմերի հետ մեր փոխգործակցության բարձր մակարդակը, ինչի արդյունքում կարողացանք առավել արդյունավետ աշխատել:

Այդ օրերին մեր կողքին էին պատերազմ անցած վաստակաշատ վիրաբույժներ Սամվել Գևորգյանը, Արշակ Գասպարյանը, որոնց օգնությունն անգնահատելի է: Նրանց ներկայությունը ոգևորել է մեզ, գոտեպնդել: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր փորձառու վիրաբույժներին, ինչպես նաև Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալից մեզ օգնության եկած կրծքային վիրաբույժ Գոռ Գեղամյանին, վնասվածքաբան Աշոտ Հարությունյանին, «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներին:

– Անշուշտ, խոնարհման է արժանի յուրաքանչյուրի աշխատանքը. ես տեղեկացա, որ օրեր շարունակ բժիշկները, բուժքույրերը վիրահատարանից դուրս չեն եկել…

– Բոլորն այդ օրերին աշխատել են բացառիկ նվիրմամբ: Սակայն մասնագիտական պատրաստվածությունից, նվիրումից զատ՝ ես կարևորում եմ նաև մարտական ոգին և պատրաստակամությունը: Մեր բոլոր բուժաշխատողներն անխտիր, վախի զգացումն արհամարհելով, արել են հնարավորն ու անհնարինը:

Քանի որ միջին բուժանձնակազմը հիմնականում տեղացիներ են, գրեթե բոլորն առաջնագծի ամենաթեժ հատվածներում հարազատներ ունեին՝ ամուսին, եղբայր ու զավակ: Մենք բավականին մոտ ենք առաջնագծին, արկերի՝ անընդհատ լսվող ձայնը, պատերազմի շունչն ուղղակի ազդեցություն էին ունենում բոլորիս վրա: Երբ արկակոծվեց Մարտակերտ քաղաքը, ԱԲՋ-ին բավականին մոտ տարածության վրա ևս արկեր ընկան, սակայն անգամ այդ պայմաններում կին բուժաշխատողներն արիաբար կատարեցին իրենց պարտականությունները:

Այդ ամենից զատ՝ ինտենսիվ գործողությունների ժամանակ վիրավորների տարհանման երթուղիներն անընդհատ արկակոծվում էին: Սակայն մեր բժիշկները և միջին բուժանձնակազմի արական սեռի ներկայացուցիչները (կախված վիրավորի վիճակից) առանց վարանելու կատարել են իրենց մասնագիտական պարտքը: Այս առումով ես առանձնահատուկ կցանկանայի խոսել զորային օղակի մեր բժիշկների ծառայության մասին, ովքեր ևս իրենց պարտականությունները փայլուն են կատարել: Բժիշկներից կցանկանայի շեշտել հատկապես Արա Միրաքյանի անունը:

Պետք է նշեմ, որ մեր անձնակազմի աշխատանքը բարձր է գնահատվել վերադաս հրամանատարության կողմից: 12 բուժաշխատողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

– Դուք կարևորեցիք անձնակազմի մարտական ոգին: Ձեր բուժաշխատողները պնդում են, որ դժվարին այդ օրերին իրենց հուզող հարցերի, մտահոգությունների պատասխանները փնտրել են Ձեր աչքերում ու գոտեպնդվել…

– Հրամանատարի կարևորագույն պարտականություններից մեկը անձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության համար պատասխանատու լինելն է: Այո՛, անձնակազմը դժվարին իրավիճակներում հետևում է հրամանատարին: Ինձ համար այդ օրերին գերխնդիր էր անձնակազմի մարտական ոգին, տրամադրությունը բարձր պահելը: Յուրաքանչյուրս ունենք մեր հուզական աշխարհը, և տեսնելով վիրավորի ցավը՝ ծանր ապրումներ ենք ունենում, սակայն այդպիսի իրավիճակներում պարտավոր ենք սառնասիրտ լինել, թույլ չտալ, որ զգացմունքները հաղթեն… Եթե հրամանատարն անգամ մի պահ փորձի ընկճվել, բոլորը կհետևեն նրան: Մենք թույլ լինելու իրավունք չունենք: Դա գիտակցել են բոլորը և աշխատել մեծ նվիրվածությամբ:

– Հետաքրքրվո՞ւմ եք այստեղ վիրահատված վիրավորների հետագա բուժման ընթացքով:

– Ունեցել ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ, երբ անգամ հույս չի եղել, թե նրանք կապրեն, սակայն այսօր տեսնում ենք, որ նրանց առողջական վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել: Օրեր առաջ մեր ծանր վիրավորներից մեկն իր ոտքով եկավ մեզ մոտ: Դրանից ավելի մեծ բերկրանք չի կարող լինել. արժեր անձնազոհ արարքներ գործել՝ նմանօրինակ արդյունք ունենալու համար:

– Պարո՛ն մայոր, սահմանին արդեն հարաբերական անդորր է, սակայն 2 ամսից ավելի է, ինչ Դուք հոսպիտալից տուն չեք գնացել…

– Մեր դիմաց նույն հակառակորդն է, և նա իր պահվածքով երբևէ «թույլ չի տվել», որ «հանգստանանք»: Կրակոցներ չկան, սակայն ապահովում ենք հոսպիտալի 24-ժամյա բարձր մարտունակությունը՝ երբևէ չթուլացնելով զգոնությունը:

– Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս պատերազմից:

– Այս օրերին բոլորիս հիացրեց մեր ժողովրդի բացառիկ համախմբումը: Յուրաքանչյուր աշխարհամասում, անկախ սեռից, տարիքից, մեր հայրենակիցները պատրաստ էին իրենց լուման ներդնել մեր երկրի սահմաններն անառիկ պահելու գործում: Պետք է հետևություններ անել՝ այս համախմբումը ճիշտ գնահատելու և պահպանելու համար, որպեսզի սեղմված բռունցքը «չբացվի»:

Հասմիկ Գյոզալյան

Հ.Գ: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ԼՂՀ ՊԲ Մարտակերտի ԱԲՋ-ի բուժանձնակազմի իրականացրած ծառայության մասին պատմող հրապարակումները կներկայացնենք առաջիկայում:

  • 1
  • 2
  • 3