«Հոսպիտալից պետք է ապաքինված ճանապարհենք նույնքան զինծառայողի, որքան ընդունել ենք»

Ձևավորվելով անմիջապես Արցախյան պատերազմի բոցերում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալը թեժ մարտական գործողությունների ժամանակ ու նաև հետագայում՝ դեռևս չավարտվող պատերազմի տարիներին, բազում փորձություններ է հաղթահարել: Այս տարվա ապրիլը ևս մեկ փորձություն էր, որը հոսպիտալի բուժանձնակազմը կրկին պատվով հաղթահարեց:

Առաջնագծի ողջ երկայնքով թշնամու ձեռնարկած աննախադեպ հարձակողական գործողությունների ժամանակ միջին և թեթև վիրավորում ստացած զինծառայողներն անմիջապես, իսկ ծայրահեղ ծանր, ծանր վիրավորում ստացածները ԼՂՀ ՊԲ Մարտակերտի և Մեխակավանի առանձին բժշկական ջոկատներում որակավորված բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վիրավորների մեծ հոսքի պայմաններում հոսպիտալի բուժանձնակազմը կարողացել է լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները:

«Պատերազմական, թե հարաբերական խաղաղության պայմաններում մեր նպատակը, գերխնդիրը զինծառայողի կյանքը փրկելն է, նրան ապաքինված շարք վերադարձնելը: Գրեթե մշտական դարձած սահմանային միջադեպերն իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում մեր ծառայության վրա, պարտադրում միշտ պատրաստ լինել իրավիճակի ցանկացած փոփոխությանը: Եվ մենք պատրաստ էինք նաև այդ մարտահրավերին, որը պատվով հաղթահարեցինք: Առհասարակ, բուժծառայության բոլոր օղակներն այդ օրերին և հետագայում իրենց խնդիրը լիարժեք կատարեցին»,- ներկայացնելով ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի ծառայությունն ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ՝ նշում է հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Զորի Սաղյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հոսպիտալի անձնակազմը սկսել է գործել՝ համաձայն սահմանված կարգի: Հոսպիտալից անմիջապես նեղ մասնագետներ են գործուղվել առանձին բժշկական ջոկատներ՝ մարտական գործողությունների ժամանակ ու նաև հետագա օրերին օգնության ձեռք մեկնելու այնտեղ իրենց ծառայությունն իրականացնող գործընկերներին, ինչպես նաև առանձին խմբեր, որոնք ԱԲՋ-ներից վիրավորներին տեղափոխել են Ստեփանակերտ:

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ևս մեծ թվով տարաբնույթ վիրահատություններ են կատարվել:

«Հոսպիտալը համալրված է բարձրակարգ մասնագետներով և անհրաժեշտ բուժսարքավորումներով, ինչի շնորհիվ կարողացել ենք որակյալ բուժսպասարկում իրականացնել»,- շարունակում է Զորի Սաղյանը՝ շեշտելով, որ անհետաձգելի, բարդ վիրահատությունները կատարվել են Մարտակերտի և Մեխակավանի առանձին բժշկական ջոկատներում, ապա վիրավորները տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ կազմակերպվել է նրանց հետագա բուժումը: Ծայրահեղ ծանր վիրավորներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, նրանցից մի քանիսը՝ հայաստանյան այլ բժշկական հաստատություններ:

Պարոն Սաղյանը բարձր է գնահատում բուժծառայության բոլոր օղակների գործունեությունը. «Վիրավորների տարհանումն առաջնագծից ու նաև հետագայում՝ դեպի ԱԲՋ-ներ, դեպի Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, կատարվել է գրեթե անթերի: «Ոսկե ժամի» սկզբունքը պահպանվել է ամենուր, և մեկ ժամվա ընթացքում մարտադաշտից վիրավորները հասել են առանձին բժշկական ջոկատներ: Կցանկանայի առանձնահատուկ խոսել նախորդ պատերազմի մասնակից մեր բժիշկների անգնահատելի դերի մասին: Նրանք կանգնած են եղել մեր կողքին և իրենց պատերազմական փորձն են փոխանցել մեր երիտասարդ բժիշկներին, ովքեր ևս լավագույնս են դրսևորել իրենց: Այդ օրերին մեր կողքին են եղել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից և այլ բուժհաստատություններից ժամանած մասնագետները: Բոլորն անխտիր աշխատել են համախմբված և մեծ նվիրումով: Մեր ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել է հարյուր տոկոսով:

Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով. «Հոսպիտալից պետք է ապաքինված ճանապարհենք նույնքան զինծառայողի, որքան ընդունել ենք», և բոլորիս ջանքերն այսուհետ ևս նպատակաուղղված են լինելու դրան»,- իր խոսքն է եզրափակում ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Զորի Սաղյանը:

Հ.Գ.: Առաջիկայում ևս կներկայացնենք հրապարակումներ, որոնք կպատմեն ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի գործունեության մասին:

Հասմիկ Գյոզալյան