«Արյունը միավորում է բոլորիս»

Հունիսի 14-ը արյան դոնորի միջազգային օրն է: ՀՀ Առողջապահության նախարարության և Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր ցերեկույթ՝ նվիրված օրվա խորհրդին:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին միջազգային տոնի կապակցությամբ՝ արյան դոնոր, հաղորդավար Եգոր Գլումովը հավելեց.

Վերջին օրերի ընթացքում համացանցում լայն տարածում գտավ մի հոլովակ, որի հերոսները՝ տարբեր ազգությունների պատկանող մարդիկ, ներկայանում են աշխարհին և ի լուր աշխարհի հայտարարում՝ ես չեմ սիրում…: Նրանցից վերցնում են արյուն, և հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլոր այդ մարդիկ, որոնք հայտարարում էին, թե չեն սիրում իրար, ատում են միմյանց, իրականում արյունակից են, այսինքն՝ «արյունը միավորում է բոլորիս», բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից, կրոնական պատկանելությունից: …Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի՝ չկան ուրիշի երեխաներ, չկան ուրիշի հիվանդներ: Եվ նրանց փրկելու, նրանց կյանք պարգևելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա արյան դոնոր:

Սակայն թերևս քչերը գիտեն, որ արյան դոնորության գաղափարի հիմնադիրը հենց ինքը բնությունն է, իսկ մարդկությանը հայտնի հնագույն լեգենդի համաձայն՝ առաջին դոնորը՝ հավալուսն թռչունը. տեսնելով ուժասպառ ձագուկներին՝ նա հուսահատ կտցահարում է իր կուրծքը, և մայր թռչունի կրծքից հորդացող արյան տաք, առատ շիթերը փրկում են կտուցները բաց, օգնության սպասող ձագուկների կյանքը: Արյան դոնորության առասպելական ծագման, տարիների ընթացքում համաշխարհային բժշկության մեջ արյան դոնորության գաղափարի ընդլայնման, արյան ծառայության կազմակերպման և իրականացման համառոտ պատմությունը ներկայացրեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պատրաստած տեսանյութը:

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության տարբեր ճյուղերում, իր խորին երախտագիտությունը հայտնեց արյան կամավոր դոնորներին.

– Նրանք իրենց մի մասնիկը՝ իրենց արյունը, նվիրաբերում են հիվանդ երեխաներին, մեծահասակներին փրկելու համար: Դառնում են հերոս՝ նվիրելով կյանք:

Բժիշկ-արյունաբան Աննա Սևոյանը, համառոտ անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում արյան ծառայության ոլորտում իրականացված աշխատանքներին և ձեռքբերումներին, նաև բարձրաձայնեց ոլորտի հիմնախնդիրների մասին.

-Այսօր աշխարհի 60 երկրներում արյան դոնորությունը իրականացվում է 100 % անվարձահատույց եղանակով, սակայն Հայաստանում արյուն հանձնող քաղաքացիների մեծամասնությունը փոխհատուցվող դոնորներ են: Հաշվի առնելով այս ցուցանիշները՝ մշակվել է արյան կամավոր դոնորության զարգացման ազգային ծրագիր, որի խնդիրն է բարձրացնել արյան դոնորության վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանը, երիտասարդ սերնդի գիտակցության մեջ ձևավորել արյան դոնորության «մշակույթը»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում արյան ծառայություն իրականացնող բուժծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով: Սմբատ Դաղբաշյանը հուշամեդալներ հանձնեց մի խումբ կամավոր դոնորների և շնորհակալագրեր՝ այն կազմակերպություններին, որոնք աջակցել են Հայաստանում արյան կամավոր դոնորության զարգացմանը:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Մարգարիտա Հակոբյանը պարգևատրվեց Ռ. Հ. Յոլյանի անվան հուշամեդալով՝ արյան ծառայության ոլորտում երկարամյա անձնվեր աշխատանքի համար:

-Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը,- այս խոսքերով բուժծառայության մայորը ընդունեց իրեն հանձնված հուշամեդալը:

Սակայն օրվա ամենաթանկ նվերը պատրաստել էին Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվող երեխաները. նրանք միջոցառման մասնակից դոնորներին, բժիշկներին նվիրեցին իրենց ձեռքով նկարած նկարներ և բացիկներ՝ գրված երախտիքի ջերմ խոսքերով:

Արյան դոնոր, երգչուհի Նարե Գրիգորյանը գեղեցիկ, անկեղծ կատարումով եզրափակեց հանդիսավոր ցերեկույթը:

Էդիտա Մելքոնյան

Լուսանկարները՝ ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից

  • 5001
  • 5055
  • 5003
  • 5006
  • 5007
  • 5008
  • 5009
  • 5010
  • 5011
  • 5012
  • 5014
  • 5017
  • 5021
  • 5022
  • 5002