Սաշա Մանուկյան. «Հայրենիքը պետք է պաշտպանել անգամ կյանքի գնով»

Օրեր առաջ այցելեցինք 3-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը, որի անձնակազմը մարտական խնդիր է կատարում ՀՀ հյուսիսարևելյան սահմանին՝ լինելով սահմանապահ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորը:

Զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահան Ստեփանյանի ուղեկցությամբ այցելեցինք մարտական դիրքեր:

Դիրքապահներն ամենուր մեզ դիմավորեցին ամուր ոգով, բարձր տրամադրությամբ, լուսավոր ժպիտներով, վստահ իրենց ուժերի հանդեպ, ապրիլյան մարտական գործողություններից հետո էլ՝ առավել հզորացած, թշնամու յուրաքանչյուր արկածախնդրությանը հակահարված տալու և կասեցնելու վճռականությամբ նորոգված:

Դիրքապահները՝ որպես հայրենիքի պաշտպաններ, վերարժևորեցին իրենց առաքելությունը

Մեր «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը, հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհը, մոտենում է դիրքի կացարանին: Անձնակազմը ողջունում է զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահան Ստեփանյանին, ապա՝ նաև մեզ:

Հարաբերական անդորր է. անգամ անկանոն կրակոցներ չեն լսվում: Զմրուխտ հագած սարերը խաղաղ են, ու թվում է՝ տղաների պաշտպանած ծաղկաշատ այդ բարձունքն ամենաանվտանգ ու խաղաղ վայրն է:

Դասակի հրամանատար, հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Ռադիկ Այվազյանի գնահատմամբ՝ իրավիճակը կայուն է, անձնակազմի մարտական ոգին՝ բարձր. «Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հերթական դեպքն այս ուղղությամբ արձանագրվել է օրեր առաջ. հիմնականում անկանոն կրակահերթեր են արձակվել: Այս պահին իրավիճակը կայուն է: Անձնակազմն ամուր է, մարտական ոգին՝ բարձր: Հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո դիրքապահներն ավելի ոգեշնչված են և միշտ պատրաստ մարտական խնդիրը պատվով կատարելուն»:

«Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ այս ուղղությամբ ևս լարվածությունը բավականին մեծ էր: Սպասում էինք, որ մարտական գործողություններ կծավալվեն, և անձնակազմն արդեն հոգեբանորեն պատրաստ էր հակառակորդին խորտակիչ հարված հասցնելուն,- նշում է զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահան Ստեփանյանը, ապա հավելում,- ապրիլսկզբյան մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի բարոյակամային հատկությունները, մարտական տրամադրվածությունը կտրուկ բարձրացան: Նույնիսկ տղաներն ափսոսանքով էին խոսում այն մասին, թե ինչու իրենք էլ թշնամուն դաս տալու հնարավորություն չունեցան»:

«…մեր ծառայությունը չափազանց պարտավորեցնող է»

Ժամկետային զինծառայող, շարքային Սաշա Մանուկյանը, դիրքապահի պատվաբեր կոչումից զատ, ևս մեկ կարևոր առաքելություն ունի. սանհրահանգիչ է: Ծննդով Մարտունի քաղաքից է: Ընտրել է բժշկի մասնագիտությունը, միջնակարգն ավարտելուց հետո ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, մի քանի տարի անց զորակոչվել ԶՈՒ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

«Գրագետ և ճիշտ ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը որոշիչ դեր ունի վիրավոր կամ առողջական այլ խնդիր ունեցող զինվորի հետագա բուժման գործում, այդ իսկ պատճառով սանհրահանգիչների ներկայությունը կարևոր է մարտական դիրքերում: Թեպետ անձնակազմը մշտապես պահպանում է անվտանգության կանոնները՝ հրազենային, թե այլ վնասվածքներից (կոտրվածքներ, միջատների խայթոցներ) խուսափելու համար, սակայն դրանցից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ նաև քաղաքացիական կյանքում: Ըստ այդմ՝ մեր ծառայությունը չափազանց պարտավորեցնող է: Կարևոր է, որ բոլոր դեպքերում սանհրահանգիչը կարողանա ժամանակին կազմակերպել առաջին օգնությունը,- նշում է Սաշան և շարունակում,- յուրաքանչյուր հերթափոխից առաջ գնդի բուժկետը դեղորայք է հատկացնում, որը ես եմ տնօրինում: Դրանից բացի՝ ունենք դեղարկղ, որը բացվում է միայն արտակարգ պատահարների ժամանակ: Ապահովված ենք բոլոր այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են առաջին օգնությունը կազմակերպելու համար»:

Սանհրահանգիչը պատասխանատու է նաև կացարանի, ճաշարանի սանիտարահիգիենիկ վիճակի համար. «Զորամասի բուժկետը համապատասխան վարակազերծ նյութեր է հատկացնում, պարբերաբար ախտահանվում են ճաշարանը, սպասքը… Սնունդը միշտ թարմ է և պատրաստվում է այնպիսի քանակությամբ, որպեսզի սպառվի մեկ անգամ ուտելուց հետո»:

Որպես դիրքապահ զինվոր՝ Սաշան նշում է. «Անցած ամիսների ընթացքում ամեն վայրկյան մենք զգոն ենք եղել, այժմ էլ շարունակում ենք նույն աչալրջությամբ ծառայել: Ղարաբաղյան մարտերի ժամանակ մեկ անգամ ևս վերահաստատվեց այն ճշմարտությունը, որ հայը ամեն գնով պաշտպանում է իր տունը, Հայրենիքը… Պատմության տարբեր դրվագներն ապացուցում են, որ ամենավաղ անցյալից մինչև մեր օրերը հայ զինվորը գիտակցում է, որ Հայրենիքը պետք է պաշտպանել անգամ կյանքի գնով: Բոլորս գիտակցում ենք մեր ծառայության կարևորությունը և անհրաժեշտության դեպքում զորացրվելուց հետո ևս կծառայենք Հայրենիքին»:

«Հայրենիքը սկսվում է ոչ թե…»

Հենակետում մարտական հերթապահություն էր անցկացնում նաև ժամկետային զինծառայող, շարքային Արման Սարգսյանը: Նրա ծառայությանը մնացել է 6 ամիս:

Դիրքապահ զինվորը, իմանալով մեր այցելության նպատակը, նախ խոսում է ինքնօգնության և փոխօգնության կանոններին տիրապետելու կարևորության մասին. «Առաջին օգնության տարրական կանոններին տիրապետելը կարևոր է կյանքի բոլոր բնագավառներում, բոլոր իրավիճակներում, իսկ ծառայության մեջ՝ առավել ևս: Զորամասում մենք ծանոթանում ենք ինքնօգնության և փոխօգնության կանոններին, թեպետ ես զորակոչվել եմ՝ արդեն իսկ այդ հմտություններին տիրապետելով, քանի որ մայրս բժշկուհի է: Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջին օգնություն ցուցաբերել»:

Ծառայության ընթացքում Արմանն առողջական խնդիրներ չի ունեցել, սակայն ծանոթ լինելով ընկերների գնահատականներին՝ ինքը ևս բարձր է գնահատում զորամասի բուժանձնակազմի աշխատանքը: Սանհրահանգիչ և զինակից ընկեր Սաշա Մանուկյանի ծառայությունն էլ գնահատում է մեկ բառով՝ գերազանց:

Դիրքապահ զինվորի հետ զրուցում ենք նաև ապրիլի սկզբին Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասին. «Մենք բոլորս ունենք ընկերներ, ովքեր Պաշտպանության բանակում են ծառայում և մասնակցում էին ապրիլյան մարտական գործողություններին: Նրանց թվում է նաև եղբայրս: Հոգով ու սրտով մեր զինակից ընկերների հետ էինք: Անգամ խնդրել ենք, որ մեզ ուղարկեն Արցախ: Սակայն միևնույն ժամանակ գիտակցում էինք, որ մենք պետք է այստեղ լինենք, ամուր ու անառիկ պահենք սահմանի մեզ վստահված հատվածը: Մենք ևս մարտական էինք տրամադրված, ամեն վայրկյան սպասում էինք, որ այս ուղղությամբ ևս կսկսվեն մարտական գործողություններ, և եթե անկեղծ լինեմ, նույնիսկ ցանկանում էինք, որ այստեղ էլ ճակատ բացվի, որպեսզի մենք էլ կարողանայինք դաս տալ թշնամուն»:

Արմանը վստահեցնում է, որ այսօր էլ չափազանց զգոն են. «Ինչպես Արցախում մեր ընկերները կարողացան հետ մղել թշնամուն ու հերոսանալ, այնպես էլ մենք կարող ենք: Մենք պատվով կկատարենք մեր պարտքը: Վստահեցնում եմ՝ ճանաչելով իմ զինակից ընկերներին, տեսնելով նրանց մարտական ոգին: Մենք ամուր ենք կանգնած: Պատրաստ ենք պաշտպանել Հայրենիքը: Հայրենիք, որը սկսվում է ոչ թե մայրաքաղաքից, այլ այս խրամատից»:

Դիրքերից իջնելուց հետո այցելեցինք նաև զորամասի բուժկետ:

Բուժկետի բժիշկ, բ/ծ լեյտենանտ Լևոն Սարգսյանը նշեց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զորամասի բուժծառայությունը կարողացել է ժամանակին և ճշգրիտ գնահատել իրավիճակը, պատրաստ լինել մարտական խնդիր կատարելուն:

Բուժծառայության պետ, բ/ծ կապիտան Արամայիս Սարգսյանն էլ մանրամասնեց. «Ծառայությունը բերվել է պատրաստության բարձր աստիճանի: Բուժանձնակազմը պատրաստ է եղել՝ իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում խնդիրը պատշաճ կատարելուն: Բժիշկներն առավել հաճախ են այցելել մարտական դիրքեր, գրեթե ամեն օր հենակետերում կատարվել են հրահանգավորումներ՝ հրազենային վիրավորումների, ինչպես նաև ամառային սեզոնով պայմանավորված՝ միջատների, սողունների խայթոցների դեպքում առաջին օգնության կազմակերպման առանձնահատկությունների մասին: Նաև պարբերաբար խորացված բուժզննումներ են իրականացվել մարտական դիրքերում: Ավելի խիստ է եղել վերահսկողությունը կացարանների սանիտարահիգիենիկ վիճակի նկատմամբ: Գումարտակների բուժակները ևս գրեթե ամեն օր շրջել են դիրքից դիրք՝ հետևողականորեն կատարելով իրենց պարտականությունները»:

Գումարտակի բուժկետի պետ, ենթասպա Արփինե Գյուրջինյանն էլ նշեց, որ հերթափոխի ընթացքում պարբերաբար այցելում է դիրքեր, տեղեկանում դիրքապահների առողջական վիճակի մասին, առաջին օգնություն ցուցաբերում, իսկ անհրաժեշտության դեպքում կապ հաստատում բժիշկների հետ, ինչպես նաև հետևում կացարանների և ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակին:

Արփինեն փաստում է նաև, որ անձնակազմի մարտական ոգին չափազանց բարձր է. «Մեր դիրքապահները հիացնում են իրենց արիությամբ և պատրաստակամությամբ»:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • IMG_20160613_160940 (Large)
  • IMG_20160613_183009 (Large)
  • IMG_20160613_181027 (Large)