«Շարժական ատամնաբուժարան ստեղծելն իմ երազանքն է, և կարծում եմ՝ այն իրականություն կդառնա»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում «Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ գործող ատամնաբուժական կաբինետը համալրվել է իտալական գերժամանակակից ռենտգեն սարքավորումով (MYRAY Zen-x, MYRAY RXDC), որը ձեռք է բերվել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի և ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի նվիրատվությունների շնորհիվ:

Հունիսի 22-ին տեխնիկապես վերազինված ատամնաբուժական կաբինետում տեղի ունեցավ Ռուզաննա Խաչատրյանի և Յադվիգա Նովակովսկայի հանդիպումը բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք մասնագիտական հարցեր:

Բժիշկ-ստոմատոլոգ Հասմիկ Գրիգորյանը, ներկայացնելով ռենտգեն սարքավորման առանձնահատկություններն ու առավելությունները, նշեց. «Ատամնաբուժական կաբինետը գործում է 4 տարուց ավելի: Ապահովված ենք բարձրակարգ սարքավորումներով և նյութերով, սակայն ռենտգեն ապարատի անհրաժեշտությունը մեծ էր: Այն լավագույն սարքավորումներից է, որը ցածր ռենտգեն ճառագայթման պայմաններում բարձրորակ պատկեր ստանալու հնարավորություն է ընձեռում, ինչը չափազանց կարևոր է, քանի որ մեր բոլոր հիվանդները երեխաներ են: Այժմ նոր սարքավորման շնորհիվ հնարավոր է առավել արդյունավետ կազմակերպել բուժսպասարկումը»:

«Յուլիայի սկյուռիկները» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Աբրահամյանն էլ երախտագիտության ջերմ խոսքեր ուղղեց հյուրերին. «Մեր հայրենակից, բարերար, բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի գլխավորած թիմի և մանկատան անձնակազմի անունից արժեքավոր նվերի համար խորին շնորհակալություն եմ հայտնում տիկին Ռուզաննա Խաչատրյանին և տիկին Յադվիգա Նովակովսկային: Այսուհետ երեխաների առողջության բարելավման գործընթացն առավել դյուրին և արդյունավետ կլինի: Այս երեխաները բոլորիս ուշադրության և հոգածության կարիքն ունեն»:

Ընդգծելով, որ ատամնաբուժական կաբինետն առանձնահատուկ կարևորություն ունի մանկատան համար, հաստատության տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասաց, որ նախքան կաբինետի ստեղծումը իրենք երեխաներին տեղափոխում էին տարբեր կլինիկաներ. «Նրանց շուրջ 80 տոկոսը տեղաշարժման դժվարություններ ունի, և մանկատան տարածքում գործող կաբինետն իսկապես անհրաժեշտություն էր: Կարևոր իրադարձություն է նաև ռենտգեն սարքավորումով համալրումը: Ես խորին երախտագիտությունս եմ հայտնում Ջուլիետա Կիվորկովային, Յադվիգա Նովակովսկային և Ռուզաննա Խաչատրյանին»:

Լեհաստանից ժամանած բժիշկ-ստոմատոլոգներ Յոլանդա Ցիբուրտը, Պաուլինա Վոյասը և ասիստենտ Ջուլիետա Սարգսյանը հավաստիացրին, որ չափազանց մեծ սիրով են աշխատում, օգնում երեխաներին և այսուհետ ևս իրենց մասնագիտական ունակությունները կծառայեցնեն երեխաների բուժման գործին:

Մանկատան երեխաների նկատմամբ ջերմությունն ու հոգատարությունը յուրօրինակ կամուրջ են դարձել հայ և լեհ ժողովուրդների միջև, և արդեն մի քանի տարվա պատմություն ունեցող հայ-լեհական համագործակցության շրջանակում դա հերթական գեղեցիկ նախաձեռնությունն էր:

«Նախքան Հայաստան այցելելս ես արդեն տեղեկացել էի, որ մանկատներից մեկում «Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ ատամնաբուժական կաբինետ է գործում: Հայաստան գալուն պես այցելեցի մանկատուն՝ ծանոթանալու կաբինետի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին: Ծանոթացա մանկատան անձնակազմի, երեխաների հետ և որոշեցի ատամնաբուժական կաբինետին ու մանկատանն օժանդակելու ուղիներ փնտրել: Փորձեցի խնդիրները ներկայացնել լեհ ձեռներեցներին, ովքեր ժամանակ առ ժամանակ գալիս են Հայաստան, որպեսզի նրանք այստեղ ևս բարեգործական ծրագրեր իրականացնեն:

…Ինձ համար շատ կարևոր էր ՀՀ պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Խաչատրյանի հետ հանդիպումը: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ զրուցեցինք բարեգործության, մարդկանց աջակցելու մասին: Նա նրբանկատ կին է և գիտի, թե ինչպես պետք է օգնել մարդկանց: Երբ նրան պատմեցի մանկատանը գործող ատամնաբուժական կաբինետի մասին, անմիջապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Ես չափազանց ուրախ եմ, որ այսօր մեր համատեղ ջանքերի շնորհիվ ատամնաբուժական կաբինետը համալրված է ռենտգեն սարքավորումով, որի անհրաժեշտությունը մեծ էր»,- ասաց Յադվիգա Նովակովսկան:

«Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջուլիետա Կիվորկովանէլ՝ փաստելով, որ ինքը զտարյուն հայուհի է՝ արմատներով Լեռնային Ղարաբաղից, նշեց. «Տարիներ առաջ, երբ եկա Հայաստան, այցելեցի այս մանկատուն, տեսա երեխաների ժպիտը: Լեհաստան վերադառնալուն պես վճռեցի՝ պետք է նորից գնամ Հայաստան, քանի որ իմ օգնության անհրաժեշտությունը կար: Իմ բժիշկների ուղեկցությամբ, մեր սարքավորումներով և նյութերով եկանք Հայաստան»:

Տիկին Կիվորկովան կարևորեց Ռուզաննա Խաչատրյանի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությունը:

««Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է: Մենք՝ որպես գործընկերներ, բազմիցս քննարկումներ ենք ծավալել մասնագիտական հարցերի շուրջ: Նրան ի սկզբանե հետաքրքեց մեր ատամնաբուժական ծառայությունը, քանի որ սպասարկում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ցավոք, կան նաև հաշմանդամություն ունեցող զինծառայողներ, որոնց բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ունեն նույն առանձնահատկությունները: Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկեցինք նաև, այսպես կոչված, ատամնաբուժարան՝ անիվների վրա՝ շարժական ատամնաբուժական կաբինետ ստեղծելու գաղափարը, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և կհասնի հեռավոր զորամասեր, հնարավորինս կմոտենա մարտական դիրքերին և կապահովի զինծառայողների ատամնաբուժական սպասարկումը: Մենք արդեն ունենք բուժանձնակազմ, որը սիրով կօգնի հայ զինվորին: Շարժական ատամնաբուժարան ստեղծելն իմ երազանքն է, և կարծում եմ՝ համագործակցության արդյունքում այն իրականություն կդառնա»,-եզրափակեց Ջուլիետա Կիվորկովան:

Հասմիկ Գյոզալյան

  • 20160302++ (Large)
  • 20160296++ (Large)
  • 20160458 (Large)
  • 20160457 (Large)
  • 20160321++ (Large)
  • 20160304++ (Large)
  • 20160466 (Large)
  • 06-0311 (Large)
  • 20160484 (Large)
  • 20160396++ (Large)
  • 20160372++ (Large)
  • 20160420++ (Large)
  • 20160400 (Large)
  • 20160334++ (Large)
  • 20160442++ (Large)
  • 20160354++ (Large)
  • 20160358++ (Large)
  • 20160331++ (Large)
  • 20160493 (Large)
  • 20160471 (Large)
  • 20160469 (Large)
  • 20160477 (Large)
  • 0621 (Large)
  • 2-0292 (Large)
  • 20160497 (Large)