«Կյանքիս ամենանշանակալի օրերից մեկը…»

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող Ռուբեն Եսայանը, ով 2015 թ. արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» հուշամեդալին, Ջերմուկի երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր հեղինակած երգի տեսահոլովակը՝ «Հայկական գեներալ» (այն նվիրված է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին), նամակով դիմել էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով (Ռուբեն Եսայանը Լոռու մարզային և Ա21 TV մշակութային հեռուստաալիքներով հեռարձակվող «Բացահայտում» հաղորդաշարի հեղինակ-վարողն է, ռեժիսորը, երգերի հեղինակ է, Ջերմուկի երիտասարդական կենտրոնի անդամ):

Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Զրույցի ընթացքում Ռուբենն անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել պաշտպանության նախարարին, սեղմել նրա ձեռքը:

Եվ ահա հունիսի 27-ին ՊՆ վարչական համալիրում Սեյրան Օհանյանն ընդունեց Ռուբեն Եսայանին: Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին ծառայողական խնդիրների, պարտականությունների, ընտանեկան հարցերի շուրջ: Նախարարը շնորհակալություն հայտնեց իրեն նվիրված երգի ջերմ խոսքերի համար և զինվորին բարի ծառայություն մաղթելով՝ հորդորեց, որ ապագայում սիրով ընտանիք կազմի, շատ զավակներ ունենա, շենացնի հայրենիքը… Իսկ ինքը մշտապես կանգնած է հայ զինվորի, սպայի, հայրենիքին նվիրյալ պաշտպանների կողքին և ուժերի ներածին չափով սատարելու է նրանց ընտանիքներին:

Հ.Գ. : Երեկոյան Ռուբեն Եսայանը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով սիրելի նախարարի հետ լուսանկարը, արել է հետևյալ գրառումը. «Կյանքիս ամենանշանակալի օրերից մեկը…»:

Էդիտա Մելքոնյան

  • 2802
  • 2804
  • 2805
  • 2806
  • 2807
  • 2808