«Հայաստանը Սփյուռքի ամուր ողնաշարն է»

Հունիսի 27-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն ընդունեց Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական, ԵԿՄ ներկայացուցչության (Կանադայում) ղեկավար Խորեն Մարդոյանին և Ֆրանսիայում ու Եվրոպայում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, Ֆրանսիայում ԵԿՄ ներկայացուցչության ղեկավար Ռուբիկ Գալստանյանին:

Դեռ ապրիլյան մարտական գործողությունների օրերին Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կապ էին հաստատել «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ՝ զոհված և վիրավոր զինծառայողների՝ սոցիալապես անապահով ընտանիքներին զորակցելու, աջակցելու իրենց պատրաստակամությունը հայտնելով:

«Ապրիլյան պատերազմի օրերին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում աննախադեպ համախմբում տեղի ունեցավ: Ողջ հայությունը ոտքի ելավ, քանի որ բոլորիս համար ամենաթանկը զինվորի կյանքն է, ամենակարևորը՝ Հայաստանի և Արցախ աշխարհի կայունությունն ու անվտանգությունը: Հայաստանը Սփյուռքի ամուր ողնաշարն է, իսկ մեր երկրի անվտանգության երաշխավորը՝ Հայոց բանակը: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մեր բանակը մեկ անգամ ևս ապացուցեց իր մարտունակությունը: Քանի որ այդ օրերին մենք չէինք կարող զինվորի կողքին՝ առաջնագծում լինել, փորձեցինք մեր հնարավորությունների սահմանում ամրացնել բանակի և զինվորի թիկունքը, մեր զորակցությունը հայտնել հերոս զավակներ կորցրած ընտանիքներին, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին»,– ասաց Խորեն Մարդոյանը:

Ռուբիկ Գալստանյանն էլ նշեց, որ ծնվել ու մեծացել է Թեհրանում, իսկ անկախության ձեռքբերումից հետո վերադառնալով Հայաստան՝ նրա կյանքի նպատակը դարձել է ուժերի ներածին չափով բանակին սատարելը. «Իմ կուսակցությունը Հայոց բանակն է: Ազգային բանակն ամենազորավոր սյուներից մեկն է մեր պետության, պետականության պահպանման գործում: Մենք կարող ենք մեկ կամ երկու եկեղեցի պակաս ունենալ, մարդիկ կարող են փակվել իրենց սենյակներում և աղոթել Աստծուն, սակայն եթե չունենանք մարտունակ բանակ, չենք կարող պաշտպանել մեր հայրենիքը, մեր ժողովրդին»:

Զոհված և վիրավոր զինծառայողների՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիրը շարունակական է լինելու: Քանի որ այդ ընտանիքները մշտապես հոգածության, խնամքի, ուշադրության կարիք ունեն, աջակցությունը չի սահմանափակվի մեկանգամյա դրամական օգնությամբ: Մոտեցումը հետևյալն է. արդեն ընտրված սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նախնական գումար, որից հետո մեկ տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս այդ ընտանիքների բանկային հաշվեհամարներին բարերարները գումարներ կփոխանցեն: Մեկ տարի անց ծրագիրը կվերանայվի, կներգրավվեն նոր ընտանիքներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում աջակցությունը կշարունակվի նաև արդեն ընտրված ընտանիքների պարագայում:

Հյուրերը կարևորեցին ՀՀ պաշտպանության նախարարության և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությունը՝ զոհված և վիրավոր զինծառայողների՝ սոցիալապես անապահով ընտանիքների մասին ամբողջական ու հավաստի տեղեկություններ ձեռք բերելու և նրանց աջակցության ծրագրերը համակարգելու առումներով: Ինչպես փաստեցին հյուրերը, իրենք արդեն այցելել են 5 ընտանիքներ, իսկ առաջիկայում նախատեսվում է այցելություն զոհված և վիրավոր զինծառայողների ևս 15 ընտանիքներ:

Ի դեպ, նշենք, որ այս օրերին իրականացվում է ևս մեկ ծրագիր. Կանադայի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ հումանիտար օգնություն է ուղարկվելու Արցախի մի շարք բնակավայրեր:

«Տորոնտոյի, Մոնրեալի և Վանկուվերի հայկական համայնքների ներկայացուցիչները կարճ ժամանակահատվածում համախմբվեցին, և նրանց տրամադրած հանգանակության շնորհիվ հումանիտար օգնություն կուղարկվի Բերձոր (Թալիշից տեղափոխված ընտանիքներին), Մարտակերտ, Ֆիզուլի, Մեխակավան»,- եզրափակեց Խորեն Մարդոյանը:

Հասմիկ Գյոզալյան

  • 20161326 (Large)
  • 20161398 (Large)
  • 20161386 (Large)
  • 2810
  • 2407
  • 20161419 (Large)