Քննարկման առանցքում հետտրավմատիկ սթրեսային խանգարումներն էին

Հունիսի 27-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն ընդունեց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանին (նախկինում՝ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ):

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը:

Տեղի ունեցավ նեղ մասնագիտական քննարկում՝ զինված ուժերում հոգեբուժական ծառայության հիմնախնդիրների վերաբերյալ: Տիգրան Թունյանը համառոտ ներկայացրեց իր մտահոգությունները և ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով հանդես եկավ համապատասխան առաջարկություններով:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ցավալի հետևանքներին՝ նա նշեց, որ սովորաբար պատերազմական իրավիճակներից, աղետներից հետո քաղաքացիների, զինծառայողների շրջանում հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ են առաջանում, և հարկ է ժամանակին հայտնաբերել դրանք՝ կանխելով հոգեկան կամ վարքի խանգարումների սրացումը, օգնել անհատին՝ ազատվելու իրեն տանջող ու քայքայող մտքերից և հիշողություններից:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն առաջարկեց առաջիկայում կազմակերպել հոգեբույժների, հոգեթերապևտների, հոգեբանների կոնֆերանս-քննարկում՝ զինված ուժերում և ճգնաժամային իրավիճակներում հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժման և կանխարգելման նպատակով:

Էդիտա Մելքոնյան

  • 20161362 (Large)
  • 20161280 (Large)
  • 20161264 (Large)
  • 20161198 (Large)