Մարտակերտի ԱԲՋ-ում բացառիկ վիրահատություններ են կատարվել

Ապրիլյան պատերազմական օրերին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում՝ մարտադաշտից ընդամենը հաշված կիլոմետրեր հեռավորության վրա, մեծ թվով բարդ (ընդ որում՝ իրենց բնույթով եզակի) վիրահատություններ են կատարվել, ինչի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել:

Բարդ վիրահատությունների, բուժանձնակազմի միասնական, անձնվեր ծառայության և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Մարտակերտի ԱԲՋ-ի հրամանատարի՝ բուժական գծով տեղակալ, բուժծառայության մայոր Սուրեն Հովհաննիսյանի հետ:

– Պարո՛ն մայոր, ապրիլյան օրերից մեզ արդեն ամիսներ են բաժանում: Խնդրում եմ՝ հետադարձ հայացք ձգելով՝ մասնագիտորեն վերլուծեք և գնահատեք պատերազմական օրերին բուժծառայության օղակների աշխատանքը:

– Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ինտենսիվ հրետակոծության ձայներից արդեն հասկանալի դարձավ, որ մարտական գործողություններն աննախադեպ են լինելու: Ժամը 03:30-ի սահմաններում ԱԲՋ-ն բերվեց բարձր աստիճանի պատրաստվածության, և լուսաբացին ընդունեցինք առաջին վիրավորներին:

Վիրավորների տեղափոխումն ԱԲՋ կատարվել է հիմնականում մեր ուժերով: Նախապես տեղեկացված լինելով վիրավորման ծանրության աստիճանի, տեղակայման մասին՝ մեր համապատասխան մասնագետներն ընդառաջ են գնացել և հենց ճանապարհին բուժօգնություն ցուցաբերել առաջնագծից տարհանվող վիրավորներին: Այսինքն՝ վիրավորին մարտի դաշտից տարհանելուց հետո բուժտարհանման մի քանի էտապներ (մինչ բժշկական օգնություն, առաջին բժշկական օգնություն) հիմնականում շրջանցվել են, և հաշված րոպեներ անց առաջնագծին բավականին մոտ հատվածում որակավորված բուժօգնություն է ցուցաբերվել, ինչի շնորհիվ մարդկային կյանքեր են փրկվել: Դա կարելի է համարել բուժծառայության ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

ԱԲՋ-ում, բացի որակավորված բուժօգնությունից, ցուցաբերվել է նաև հաջորդ փուլին հատուկ՝ մասնագիտացված բուժօգնություն, քանի որ այդ օրերին մեր կողքին իրենց մասնագիտական պարտքն էին կատարում նաև նեղ մասնագետները (կրծքային վիրաբույժ, անոթային վիրաբույժ, նյարդավիրաբույժ, վնասվածքաբան և այլն): Այսինքն՝ որակավորված և մասնագիտացված բուժօգնությունը հնարավորինս «մոտեցվել է» առաջնագծին:

Ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ վիրավորների այդպիսի հոսքի պարագայում չի կրճատվել բուժօգնության ծավալը (ինչը երբեմն անխուսափելի է պատերազմական իրավիճակներում):

– ԱԲՋ-ում բացառիկ վիրահատություններ են կատարվել: Խնդրում եմ՝ ներկայացրեք որևէ առանձնահատուկ դեպք:

– Մեր առաջին վիրավորը Էրիկ Բաբայանն էր, ով մեզ մոտ տեղափոխվեց ծայրահեղ ծանր վիճակում. թորակոաբդոմինալ վիրավորում էր: Արյան մեծ կորուստ ուներ: Մեր բժիշկները ժամեր շարունակ վիրահատել են նրան` փրկելով կյանքը…

Էրիկը Մարտակերտից է: Երբ նա վիրահատվում էր, ծնողները, եղբայրներն աղոթում էին վիրահատարանի դռների մոտ… Նշեմ նաև, որ զինծառայողը նախկինում ևս վիրահատվել էր մեզ մոտ, և բոլորս նրան ընդունեցինք որպես հարազատի: Օրեր առաջ այցելել եմ նրան (այժմ «Էրեբունի» ԲԿ-ում է): Եվ, բարեբախտաբար, այդքան ծանր վիրավորումից հետո նրա վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել:

Ունեցել ենք ծայրահեղ ծանր, կոմբինացված վիրավորումներ (օրինակ՝ որովայնի խոռոչ ու վերջույթներ և այլն), և վիրահատարանում միաժամանակ երկու խումբ է աշխատել:

Եթե համեմատենք համաշխարհային փորձի հետ, ապա վստահորեն կարելի է ասել, որ առաջնագծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գործող այս օղակի պարագայում բացառիկ վիրահատություններ են կատարվել: Կառանձնացնեի հատկապես պլաստիկ (անոթների պրոթեզավորում) վիրահատությունները: Անոթային վիրաբույժներ Էդուարդ Աղայանը և Արեն Եսայանն անգնահատելի աշխատանք են կատարել՝ փրկելով զինծառայողների վերջույթները:

– Պարո՛ն մայոր, Դուք՝ որպես ԱԲՋ-ի հրամանատարի՝ բուժական գծով տեղակալ, նաև այդ ծանր օրերին պատասխանատվություն եք կրել նյութատեխնիկական ապահովման, անձնակազմի անվտանգության համար, զբաղվել կազմակերպչական խնդիրներով, որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ կատարել նաև Ձեր մասնագիտական պարտքը՝ ընդառաջ գնալով ծանր և ծայրահեղ ծանր վիրավորներին, մասնակցելով վիրահատություններին…

– Մեր ամբողջ անձնակազմը՝ բժիշկները, միջին բուժանձնակազմը, թիկունքային ծառայության աշխատակիցներն իրենց պարտքը կատարել են մեծ պատասխանատվությամբ, նվիրումով, ջանքերի գերլարումով՝ երբեք չխնայելով իրենց: Ես կցանկանայի ներկայացնել բոլորի անձնուրաց աշխատանքը:

Ինչպես հայտնի է, պատերազմական իրավիճակում, երբ մեծ է վիրավորների հոսքը, առանձնահատուկ կարևոր նշանակություն ունի նրանց գրագետ տեսակավորումը: Այդ գործընթացի համար պատասխանատվություն ենք կրել ես և ընդունման բաժանմունքի պետ Ղևոնդ Թադևոսյանը: Անմիջապես հստակեցվել են բոլոր զինծառայողների տվյալները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները (արյան քննություն, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ), ընտրվել են այն վիրավորները, ովքեր անհետաձգելի վիրահատության կարիք ունեին և տեղափոխվել վիրահատարան: Առանձնահատուկ կցանկանայի շեշտել, որ կարևոր ու ծանր աշխատանք են կատարել ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ Արկադի Թադևոսյանը և լաբորատորիայի պետ Լուսինե Բադալյանը:

Հիմնական ծանրությունը կրել է վիրհատա-վերակենդանացման բաժանմունքը: Մեր բժիշկները՝ վիրաբուժական բաժանմունքի պետ Արմեն Մուրադյանը, օրդինատոր Դավիթ Մարգարյանը, վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետ Հարություն Հարությունյանը, օրդինատոր Ալեքսան Պետրոսյանը, աշխատել են ուժերի ողջ լարումով՝ բացի վիրահատություններից՝ նաև ընդառաջ գնալով ծանր և ծայրահեղ ծանր վիրավորներին:

Թերապևտիկ բաժանմունքի պետ Արիստակես Տիգրանյանը, սրտաբան Նարեկ Սարգսյանը վտանգավոր հատվածներից մեծ պատրաստակամությամբ տարհանել են վիրավորներին: Այդ գործում իրենց լուրջ ներդրումն են ունեցել նաև մեր ատամնաբույժը, դեղատան պետը:

Մեծ աշխատանք են կատարել նաև միջին բուժանձնակազմը, ինչպես նաև թիկունքային ծառայության աշխատակիցները(հատկապես սանիտարական մեքենաների վարորդները)`ԱԲՋ-ի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալի գլխավորությամբ:

Ամենադժվար պահն այն էր, երբ պետք է որոշում կայացնեի, թե ով է վիրավորին ընդառաջ գնալու: Լինում էին դեպքեր, երբ անհնար էր լինում դա անել (դժվար է մարդուն վտանգին դեմ հանդիման ուղարկելու որոշում կայացնել), և ինքս էի գնում…

– Հիշո՞ւմ եք դեպքեր, որ ամենաշատն են տպավորվել:

– Ես և թերապևտիկ բաժանմունքի պետ Արիստակես Տիգրանյանն ընդառաջ էինք գնում ծայրահեղ ծանր վիրավորին: Ճանապարհն անընդհատ գնդակոծվում էր: Հանդիպեցինք սանիտարական մեքենային: Վիրավորին հանեցինք դուրս և սկսեցինք սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել: Չորս կողմից կրակում էին… Կրակոցների ձայներն անսովոր մոտիկից էին լսվում, սակայն այնքան տարված էինք աշխատանքով, որ ուշադրություն չէինք դարձնում: Միայն մեր աշխատանքն ավարտելուց հետո նկատեցինք, որ կանգնած ենք մեր «Գրադ» կայանքից մի քանի մետր հեռավորության վրա:

…Վիրավոր ընդունեցինք, ինչ-որ հարց տվեցի, պատասխանեց. «Այո՛, պարո՛ն մայոր ջան»: Ես այդ պահին զինվորական համազգեստով չէի, բժշկական խալաթով էի և հասկացա, որ զինվորը ճանաչում է ինձ: Վիրահատվեց, երբ արդեն տեղափոխում էին, մոտեցա, բացատրեցի, որ կյանքին վտանգ չի սպառնում, որ ամեն ինչ լավ է լինելու: Ասաց. «Պարո՛ն մայոր, իմ հարսանիքին Ձեզ անպայման հրավիրելու եմ»:

Մեր զինվորները բոլորիս հիացրին իրենց խիզախությամբ: Շատերը ուզում էին վիրահատվելուց հետո մնալ մեր ԱԲՋ-ում՝ մտածելով, որ այդպես ավելի շուտ կկարողանան վերադառնալ շարք և միանալ իրենց ընկերներին: Հաճախ իմանալով, որ տեղափոխվում են հաջորդ էտապ, նեղսրտում էին: Տղաները հիմնականում հոգեպես ամուր էին, ձիգ, շարք վերադառնալու և իրենց նվիրական գործը շարունակելու առումով՝ պատրաստակամ:

Հասմիկ Գյոզալյան