«Մեր զոհված ընկերներն այսօր էլ մեր շարքերում են…»

Հուլիսի 3-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ այցելեց Գյումրի՝ ներկա գտնվելու ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացման, խաչքարի օծման արարողությանը:

Հաղթանակի պողոտան մարդաշատ էր. բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Ալեքսան Առաքելյանի ծառայակից ընկերներն ու բարեկամները, բազմաթիվ գյումրեցիներ մեկտեղվել էին մեկ վայրում՝ ևս մեկ անգամ խոնարհվելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջ հայորդիների անմար հիշատակի առջև: Խաչքարի օծման արարողությունից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի առջև:

Ողջունելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երախտիքի խոսք ուղղեց միջոցառման նախաձեռնողներին (հանձինս Գյումրու ավագանու անդամ Արմեն Բադեյանի).

-Այս միջոցառումը հիշատակի խորհուրդ ունի: Հիշատակ, որը հավերժացնելու է մեր բոլոր մարտական, ծառայակից ընկերների սխրանքն ու անունը: Զինվորական ծառայության մեջ այսպիսի մի մեծ խորհուրդ կա. շարքը ոչ միայն շարային կանոնադրության պահանջ է, այլև գաղափարական իմաստ ունի: Մեր զոհված ընկերներն այսօր էլ մեր շարքերում են, նրանք չեն բացակայում, նրանց ոգիները սավառնում են երկնքում, և կարծում եմ՝ նրանց ոգիների հուրն արևի ճառագայթների նման անդրադարձ է կատարելու այս քարեղեն կոթողների միջոցով և փոխանցվելու է ոչ միայն մատաղ սերնդին, այլև մեզ բոլորիս, և համախմբվելու ենք, ինչպես ամեն անգամ՝ վտանգի ժամին: Ապրիլյան պատերազմի օրերին նույնպես հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է, համախմբված և ոչ միայն պարտադրված, այլև կամավորագրվում է մեր Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը պաշտպանելու սրբազան գործին:

Այնուհետև Սեյրան Օհանյանն իր և իր ընտանիքի, Պաշտպանության նախարարության անունից սփոփանքի, խոնարհումի խոսքեր ասաց ոչ միայն Ալեքսան Առաքելյանի, այլև հանուն հայրենիքի զոհված, անհայտ կորած զինծառայողների հարազատներին՝ վստահեցնելով, որ Պաշտպանության նախարարությունը, հայոց բանակը նրանց հիշատակը միշտ վառ է պահելու, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախը պաշտպանված լինի, և Հայաստանին, Արցախին ուղղված անդադար սպառնալիքների պայմաններում ապահովելու է մեր ժողովրդի ,խաղաղ արարումը: Այն է՝ ազգային բանակը, խելամիտ պաշտպանություն կառուցելով, փոքր ուժերով մեծ խնդիրներ է կատարելու և հակառակորդին ստիպելու է զերծ մնալ Հայաստանի, Արցախի նկատմամբ ագրեսիայից:

-Ասե՛ք՝ երբ է հայի կյանքը դյուրին եղել,- իր խոսքը շարունակեց պաշտպանության նախարարը,- Արցախյան ազատամարտի ժամանակ, երկրաշարժից հետո, շրջափակման ծանր պայմաններում, մենք կարողացանք համախմբվել և մեզ պարտադրված պատերազմում հաղթանակներ տոնել: Գյումրիում ավերիչ երկրաշարժ էր եղել, սակայն թողնելով փլատակների տակ իրենց հարազատներին՝ Գյումրիի ջոկատները մարտնչում էին հանուն Արցախի ազատության և մարտնչում էին հերոսաբար: Երբ Արցախում մարտական գործողություններ էին, կամավորական ջոկատներ, աշխատանքային խմբեր Արցախից Գյումրի էին մեկնում և աջակցում էին գյումրեցիներին: Այդպիսին է մեր ժողովուրդը: Այսպիսին է մեր ճակատագիրը, բայց մենք ենք այս ճակատագիրը կրողները, և որքան էլ մեզ հարվածեն, մենք պետք է գոտեպնդվենք՝ գիտակցելով, որ ցավը, շաղախվելով յուրաքանչյուր զինծառայողի կատարած սխրանքի հետ, հպարտություն է ծնում, հպարտությունն ամրանում, կարծրանում է՝ մեզանից յուրաքանչյուրի մեջ բարձրացնելով հայրենիքի, ժողովրդի առջև պատասխանատվության գիտակցումը:

Պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Ալեքսան Առաքելյանի հիշատակին նվիրված գեղեցիկ հուշակոթողը յուրովի բաց ռազմահայրենասիրական դաստիարակության դասարան կդառնա բարձրացող սերնդի համար. մատաղ սերունդները կդաստիարակվեն և կփորձեն նմանվել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքն են տվել՝ հանուն այսօրվա խաղաղ արարման:

-Հավերժ փա՛ռք մեր բոլոր հերոսներին: Հավերժ փա՛ռք մեր ժողովրդին,- իր խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զուրաբյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրու ավագանու անդամ Արմեն Բադեյանը: Ապա ներկաներին մատաղ բաժանվեց:

Ալեքսան Առաքելյանի կինը՝ Մերի Առաքելյանը, պատմեց, որ իրենց որդու՝ Հովհաննեսի ծննդից հետո ինքը և ամուսինը խոստացել են մինչև որդու յոթ տարեկան դառնալը՝ ամեն տարի, մատաղ մատուցել ծերանոցներում և մանկատներում ապրող մարդկանց. «Այսօր ես կատարում եմ մեր խոստումը և կատարելու եմ, ինչպես որոշել էինք…»:

Նշենք նաև, որ միջոցառման ավարտին լրագրողները որոշ հարցեր ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարարին: Հարցերից մեկին, որն այսօր առավելապես անհանգստացնում է հայ հասարակությանը, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտորը սրբազան է, և մենք չենք պատրաստվում զիջել այն հողը, որ ներկվել է մեր մարտական ընկերների, մեր զինվորների արյամբ»:

Էդիտա Մելքոնյան

  • 307
  • 20162397+ (Large)
  • 20162145+ (Large)
  • 301
  • 20162176+ (Large)
  • 305
  • 310
  • 303
  • 20162232+ (Large)
  • 20162252+ (Large)
  • 20162198+ (Large)
  • 309
  • 304
  • 20162193+ (Large)
  • 311
  • 20162156+ (Large)
  • 306
  • 20162024+ (Large)
  • 20162382+ (Large)
  • 20162079+ (Large)
  • 302
  • 308