«Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, սակայն ամեն մարդ ինքն է պատասխանատու իր առողջության համար»

Այսօր թերևս շատերին է հետաքրքրում՝ «ամռան արևը մաշկի բարեկա՞մն է, թե թշնամին», ի՞նչ մաշկային հիվանդություններ կարող են առաջանալ արևի ուղղակի, երկարատև ճառագայթումի, ամռան շոգ եղանակի պատճառով, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում զորային օղակում զինծառայողների մոտ դրանց վաղ կանխարգելման, բուժման նպատակով:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Արփինե Մաթևոսյանի հետ:

– Գաղտնիք չէ, որ ամռան արևի, շոգ եղանակի պատճառով կարող են որոշ մաշկային հիվանդություններ առաջանալ կամ սրվել:

Ամռան ամենամեծ խնդիրներից է արևահարությունը, և դրանից խուսափելը երբեմն անհնար է լինում: Եթե զորային օղակի բուժծառայության աշխատակիցները զինծառայողի մոտ (մաշկի բաց՝ դեմքի, պարանոցի, դաստակների, նախաբազուկների հատվածներում) արևահարությունից առաջացած տարբեր մաշկախտեր են նկատում, ապա կա՛մ տալիս են համապատասխան ցուցումներ, և հրամանատարի թույլտվությամբ ժամանակավորապես փոխվում է զինծառայողի ծառայության բնույթը (նրան նշանակում են այնպիսի վայրում, որտեղ չի գտնվի արևի ուղղակի ճառագայթների ներքո), կա՛մ եթե կա անհրաժեշտություն, զինծառայողին տեղափոխում են մասնագիտացված բուժօգնություն ստանալու:

Նեվուսները (խալերը) մաշկի վրա բնածին կամ ձեռքբերովի օջախներ են, որոնք կարող են արտահայտվել բծերի կամ հանգույցիկների տեսքով, լինում են նաև պիգմենտային և դեպիգմենտացված: Եթե դրանք գտնվում են մաշկի բաց հատվածներում, ապա դարձյալ արևահարության հետևանքով կարող են ախտահարվել: Կապված նեվուսի տեղակայումից՝ խնդիր կարող է առաջացնել ոչ միայն արևահարությունը, այլև արտաքին ազդակների հետ մշտական շփումը (հագուստի օձիք, գոտի): Այդ դեպքում տրվում են համապատասխան ցուցումներ՝ անհատական մոտեցում ցուցաբերելով, իսկ եթե խնդիրը բարդացել է, ապա զինծառայողը տեղափոխվում է մասնագիտացված բուժօգնության էտապ և ուռուցքաբանի, մաշկաբանի կողմից անցնում բոլոր պարտադիր զննումները, կատարվում են հետազոտություններ դերմատոսկոպի միջոցով. այն հնարավորություն է տալիս պարզելու՝ կա այդտեղ նախաուռուցքային վիճակ, արդյոք հարակից մաշկը պրոցեսի մեջ է, թե՝ ոչ, և հետազոտությունների վերջնական պատասխանները ստանալուց հետո համապատասխան բուժում է նշանակվում:

Ամռան ամիսներին հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններից են պիոդերմիան (թարախամաշկությունը), ոտնաթաթի սնկախտը: Կցանկանայի շեշտել, որ պատճառը ոչ միայն շոգ եղանակն է, այլև անձնական հիգիենայի կանոններին չհետևելը և բժշկին ուշ դիմելու կամ ընդհանրապես չդիմելու վնասակար սովորությունը: Հետևաբար որոշ դեպքերում հիվանդը, առողջ կենսակերպ վարելով, մաշկը մաքուր պահելով, կարող է կանխարգելել մաշկային այս հիվանդությունների բարդացումը, երբեմն նաև առաջացումը:

Երբ նորակոչիկը մտնում է զորամաս, նա լրիվ մերկ վիճակում բուժզննում է անցնում: Եթե նրա մաշկի վրա կա որևէ ախտածին օջախ, այսինքն՝ որևէ մաշկային հիվանդություն, ապա բժիշկը չի կարող չնկատել դա: Հետագայում զինծառայողն ինքը պետք է չափազանց ուշադիր լինի իր առողջության նկատմամբ և անմիջապես դիմի բժշկին, երբ որևէ գանգատ ունենա: Հարկ է ընդունել, որ մաշկային հիվանդությունների բուժման գործընթացի վրա ուղղակիորեն անդրադառնում է հիվանդի գիտակցության մակարդակը, իմունիտետը, տարիքը, հիվանդության վաղեմությունը և այլ գործոններ: Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, սակայն ամեն մարդ ինքն է պատասխանատու իր առողջության համար:

Անդրադառնալով ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքում իրականացվող ծառայություններին՝ Արփինե Մաթևոսյանը նշեց.

– Թեև ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքը միակն է ՀՀ զինված ուժերում, սակայն մարզային կայազորային հոսպիտալներում ծառայում են մաշկավեներաբաններ, ովքեր, ընդունելով իրենց ամրագրված զորամասերից դիմած զինծառայողներին, ցուցաբերում են մասնագիտական բուժօգնություն, իսկ բոլոր նրանց, որոնց անհրաժեշտ են լայն սպեկտորի հետազոտություններ, բուժում կամ բժշկական փորձաքննություն, վերաուղեգրում են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունք:

Մեզ են դիմում տարբեր տարիքի անձինք՝ զինվորներ, սպաներ, զինծառայողների ընտանիքների անդամներ: Դիմում են մաշկավեներաբանական տարբեր գանգատներով, հիվանդություններով, և այս պարագայում չափազանց կարևոր է ճիշտ կողմնորոշվել՝ ստացիոնար պայմաններում բուժել հիվանդին, թե կարելի է բուժման գործընթացն արդյունավետորեն իրականացնել նաև ամբուլատոր պայմաններում:

Զրույցի ընթացքում Արփինե Մաթևոսյանը նաև կարևորեց բաժանմունքի նյութատեխնիկական համալրման անհրաժեշտությունը՝ նորագույն բուժական եղանակներ կիրառելու նպատակով:

– Մեր բաժանմունքը ձգտում է կատարելագործել իր հնարավորությունները. դիմել ենք ԶՈՒ բուժվարչությանը և համատեղ ուսումնասիրություններ կատարելով՝ նպատակ ունենք բաժանմունքը համալրել կրիոթերապիա իրականացնող բազմաֆունկցիոնալ սարքավորումով:

Կրիոթերապիան արդյունավետորեն կիրառվում է մաշկին առկա նորագոյացությունները հեռացնելու նպատակով, ունի նաև վերականգնողական գործառույթներ: Որոշ նոզոլոգիաների դեպքում կրիոթերապիայի կիրառումը փոխարինում է դեղորայքային բուժամիջոցներին, ինչի շնորհիվ հիվանդության բուժման տևողությունը կարճանում է, վիրահատական միջամտություններից երբեմն հնարավոր է լինում խուսափել՝ հեղուկ ազոտի միջոցով շատ արագ պայքարելով հիվանդության դեմ: Այսօր չունենալով կրիոթերապիա իրականացնելու հնարավորություն՝ երբեմն ստիպված ենք լինում հիվանդին վերաուղեգրել այլ բուժհաստատություն:

Համաշխարհային բժշկագիտությունն ամեն օր նոր առաջընթաց է գրանցում. զարգացման, կատարելագործման այդ շարունակական գործընթացին չինտեգրվելը նշանակում է զիջել, իսկ բժիշկը, որ գործ ունի մարդկային կյանքի, առողջության, մարդու կյանքի որակի հետ, մասնագիտական գործունեությունը իրականացնելիս թերանալու իրավունք չունի:

Էդիտա Մելքոնյան