«Երիտասարդ բժիշկները պատվով են շարունակում մեր սկսած գործը»

Արցախյան ազատամարտի մասնակից բժիշկներից շատերն այսօր էլ երիտասարդ զինվորական բժիշկների կողքին շարունակում են կատարել նվիրական պարտքը՝ իրենց գիտելիքներն ու հարուստ փորձը ծառայեցնելով բանակի բուժծառայության զարգացմանն ու կատարելագործմանը:

Ապրիլյան պատերազմի օրերին նրանք կրկին շարքում էին…

ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ կատարած մեր այցելության ժամանակ զրուցել ենք պատերազմի բովով անցած վիրաբույժների հետ, լսել նրանց խոսքը, կարծիքն ու գնահատականը ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում բժիշկների, բուժաշխատողների ծառայության վերաբերյալ:

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Գարիկ Ազիրյան

«Ինչպես հայտնի է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին դիմեց ոտնձգության՝ փորձելով հերթական անգամ խաթարել մեր սահմանների հարաբերական անդորրը: Այդ և հետագա օրերին ծավալված մարտական գործողություններն իրավամբ կարելի է գնահատել որպես պատերազմ՝ պայմանավորված կիրառված զինատեսակներով, զոհերի, վիրավորների քանակով, վիրավորումների բնույթով: Ինչպես բանակի բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ ռազմաբժշկական ծառայության գործունեությունը, համազգային համախմբումը ցույց տվեցին, որ մենք ի վիճակի ենք կատարել մեր առջև դրված խնդիրը և պատվով ու հաղթանակած դուրս գալ: Մենք այսօր կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ բուժծառայության բոլոր օղակները՝ սանհրահանգիչներից մինչև բժիշկներ, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են կատարել իրենց պարտականությունը: Մարտակերտի և Մեխակավանի առանձին բժշկական ջոկատների բուժանձնակազմերն այդ դժվարին օրերին խիստ ծանրաբեռնվածության, վիրավորների մեծ հոսքի պայմաններում անգամ լիարժեք կատարել են իրենց աշխատանքը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ինչպես նաև այդ օրերին Հայաստանից ժամանած այն բժիշկներին, ովքեր զինվորի և սպայի կողքին էին»,- ասաց Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Գարիկ Ազիրյանը:

Խոսելով այդ և հետագա օրերին իր ղեկավարած բաժանմունքի գործունեության մասին՝ պարոն Ազիրյանը հավելեց. «Առաջին իսկ օրվանից մեր վիրաբույժները՝ Արցախյան ազատամարտի մասնակից, բ/ծ մայոր Արշակ Գասպարյանը և երիտասարդ կրծքային վիրաբույժ, բ/ծ լեյտենանտ Գոռ Գեղամյանը, աշխատել են Մարտակերտի ԱԲՋ-ում, բաժանմունքի մյուս վիրաբույժներն իրենց մասնագիտական պարտքը կատարել են տեղում, և յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը:

Առաջին օրերին մի քանի ծավալային վիրահատություններ ենք կատարել, սակայն նմանաբնույթ բարդ, անհետաձգելի վիրահատություններն առավելապես կատարվել են առանձին բժշկական ջոկատներում (Մարտակերտ, Մեխակավան): Բոլոր զինծառայողները վիրահատվելուց հետո տեղափոխվել են մեր բաժանմունք, այստեղ կազմակերպվել է նրանց հետագա բուժումը: Մեզ մոտ են տեղափոխվել նաև միջին և թեթև վիրավորումներ ունեցող բոլոր զինծառայողները: Կատարել ենք բեկորների հեռացում, ջլերի պլաստիկա, մկանների վերականգնում և այլն:

…Պետք է նշեմ, որ բուժաշխատողների անձնվեր աշխատանքը բարձր է գնահատվել վերադաս հրամանատարության կողմից, նրանք արժանացել են բարձր պարգևների: Բոլորս ծառայել և ծառայում ենք հանուն մեկ՝ ընդհանուր նպատակի՝ հանուն բանակի, ժողովրդի, հանուն հայրենիքի»:

Գարիկ Ազիրյանը բարձր գնահատեց նաև զորային օղակի բուժանձնակազմերի աշխատանքը. «Այն գործը, որ սկսել են իմ սերնդակիցները՝ ուղղված բանակաշինությանը, բուժծառայության կատարելագործմանը, նրանք պատվով են շարունակում և համոզված եմ, որ գերազանցելու են մեզ:

Բոլորիս հերոսը շարքային զինվորն է, նա, ով առաջինն է ընդունել թշնամու հարվածը՝ ճակատ առ ճակատ… Նա, ով շարունակում է պաշտպանել ու անառիկ պահել սահմանը: Նրանք շատ բան ապացուցեցին. մեր վիրավորները, դեռ չապաքինված, խնդրում, պահանջում էին, որ իրենց շուտ բուժենք և թույլ տանք վերադառնալ շարք»,- եզրափակեց վիրաբուժական բաժանմունքի պետը:

ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, բուժծառայության մայոր Արշակ Գասպարյան

«Նախևառաջ կցանկանայի շեշտել, որ ապրիլի սկզբին ու նաև հետագա օրերին բանակի բուժծառայությունն իր բարձրության վրա էր»- իր խոսքն այսպես սկսեց պատերազմի մասնակից, վաստակաշատ վիրաբույժը, ապա վերլուծելով բուժծառայության գործունեությունը՝ կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ գրեթե բոլոր ծանր և ծայրահեղ ծանր վիրավորումների դեպքում մասնագետներն ընդառաջ են գնացել և որակավորված բուժօգնություն ցուցաբերել առաջնագծին մոտ հատվածում:

Այն դիտարկմանը, թե իր և ՊԲ հրամանատարի՝ բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ, վաստակաշատ բժիշկ Սամվել Գևորգյանի ներկայությունը Մարտակերտում նաև ոգևորիչ նշանակություն է ունեցել, զրուցակիցս պատասխանեց.

«Պատերազմի փորձը, անշուշտ, մեծ նշանակություն ունի, սակայն իրենց գիտելիքներով, պատրաստվածությամբ, մարդկային որակներով շատերն առանձնացան. ես չափազանց բարձր եմ գնահատում Մարտակերտի ԱԲՋ-ի հրամանատար Խորեն Ազարյանի, հրամանատարի՝ բուժգծով տեղակալ Սուրեն Հովհաննիսյանի, վիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, ողջ բուժանձնակազմի, ինչպես նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Զորի Սաղյանի, պետի՝ բուժգծով տեղակալ Ալիկ Ղամբարյանի աշխատանքը: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում ՊԲ ռազմաբժշկական ծառայության պետ, բ/ծ գնդապետ Հրաչ Եգորյանին: Նյութատեխնիկական ապահովումը գրեթե անթերի է կազմակերպվել, և առաջնագծում ոչ մի վայրկյան պակաս չենք զգացել:

Առանձնահատուկ կցանկանայի խոսել նաև զորային օղակների բուժանձնակազմերի մասին: Երիտասարդ բժիշկները, բուժակները, սանհրահանգիչները իրենց մասնագիտական պարտքը կատարել են՝ վտանգելով կյանքը: Եվ եթե մենք կարողացել ենք վիրահատել և փրկել զինծառայողների կյանքը, դա նաև նրանց շնորհիվ է»:

Հասմիկ Գյոզալյան