ԲԱԽՏ ՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ

-Սուրիկ եղբայրս կնոջ` Վարդուշի հետ Խաչապար գյուղի մեր հայրական տանն էր: Օր օրի սպասում էին եղբորս առաջնեկին: Լարված օրեր էին: Սումգայիթի, Բաքվի ջարդերց հետո օդը լցված էր ատելությամբ: Երբ հարսիս ծննդաբերության ցավերն սկսվեցին, մի կերպ հասցրինք Դաշքեսանի հիվանդանոց, որտեղ չկարողանալով օգնություն ցուցաբերել` խորհուրդ տվեցին հասցնել Գանձակ` Կիրովաբադ,- պատմում է Վալյա Մալխասյանը,- Աստծո կամքով, մեծ դժվարությամբ, բարի մարդկանց օգնությամբ մի կերպ տեղ հասանք: Դաժան օրեր էին, ուշ ժամ էր: Ադրբեջանցի մանկաբարձուհիները երբ իմացան, թե որտեղից և ինչպես ենք եկել-հասել, զարմանքից քար կտրեցին. ՙՃանապարհին ո՞նց չեն բռնել, ի՞նչ բախտ ունեք՚, ՙՀայ մանկաբարձները մեր կանանց, երեխաներին շատ են օգնել: Էս խառը օրերին ափսոս թողին-հեռացան: Մենք նրանց արածը ո±նց մոռանանք՚: Ծննդատան պատուհանները ծածկեցին վարագույրով, որ դրսից ոչինչ կասկածելի չթվա, ու դժվարությամբ, մեծ չարչարանքով ծնվեց եղբորս առաջնեկը` Արմենը: Չեմ կարող երախտագիտության խոսք չասել ադրբեջանցի այդ կանանց հասցեին, ովքեր վտանգելով կյանքը` օգնեցին մեզ:
-Երբ սկսեցի Գանձակի (Կիրովաբադ) ջարդերը, Վարդուշ մայրը երեք ամսական Արմենին ուղղաթիռով ուղարկեց Վարդենիս, որտեղ մենք ընդունեցինք փոքրիկին: (Ուղղաթիռում տեղ չէր եղել, երեխային մի կեպ ձեռքից ձեռք էին փոխանցել` բարուրի մեջ թողնելով մի գրություն` անուն ազգանունը և հասցեն): Անցան պատերազմական օրերը, եղբայրս ունեցավ ևս երեք զավակ` Անդրանիկ, հետո Նարեկ ու Գևորգ զույգերը: Ապրում են Բյուրեղավանում: Երբ հասավ Արմենիս զինվոր դառնալու տարիքը, մեկնեց ծառայության սահմանային զորամաս: Մովսեսի դիրքերում զոհվեց ադրբեջանցի նշանառուի գնդակից…
Ինչ ճանապարհ, ինչ կարճատև կյանք, ինչ բախտ ու ճակատագիր…
Այդ կույր գնդակը գուցե իր ծնունդը ընդունած ազերի մանկաբարձուհու որդու արձակածն էր` ինչ իմանաս…
Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը: Բյուրեղավանի դպրոցում, որտեղ սովորել էր Արմենս, հիմա նրան նվիրված անկյուն կա…
Գնել Շահնազարյան