«…որպեսզի զինվորն ապրի առողջ, քայլի վստահ»

Երևանում Կումուրյան պոդիատրիկ կլինիկան 2007 թ.-ին ստեղծվել է ամերիկյան PLS (Pedorthic Laboratory Spcialties) ընկերության հիմնադիր Համբարձում Կումուրյանի նախաձեռնությամբ և տարածաշրջանում միակ մասնագիտացված պոդիատրիկ բուժկենտրոնն է, ամերիկյան PLS ընկերության բացառիկ ներկայացուցիչը: Կլինիկան հագեցած է նորագույն, բարձրորակ սարքավորումներով, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորություն են ընձեռում: Կենտրոնում իրականացվում են ոտնաթաթի տարատեսակ հիվանդությունների կանխարգելում և բուժում, ոտնաթաթի մերսում և մկանային էլեկտրո-նեյրոստիմուլյացիա, ինչպես նաև անհատական օրթեզների, ներդիրների և կոշիկների պատրաստում, ոտնաթաթի մասնակի և ամբողջական օրթոպեդիկ շտկումներ՝ համապատասխան հարմարանքներով: Կլինիկայի բուժանձնակազմը կարևորում է Հայաստանում պոդիատրիան՝ որպես «երիտասարդ» բժշկական ուղղություն, զարգացնելու անհրաժեշտությունը. ընդունելով քաղաքացիներին, լսելով նրանց գանգատները, ճիշտ ախտորոշելով և բուժելով հիվանդությունը՝ արժանանում է քաղաքացիների վստահությանը՝ օրեցօր բազմապատկելով հետաքրքրությունը պոդիատրիայի նկատմամբ:

Այսօր Կումուրյան պոդիատրիկ կլինիկան ակտիվ գործունեություն է ծավալում տարբեր ուղղություններով, առաջարկում է գլոբալ ծրագրեր հանրության առողջության վերականգնման, պահպանման նպատակով (այդ ծրագրերից է դիաբետիկ ոտնաթաթի սինդրոմի կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը. դիաբետիկ ոտնաթաթի սինդրոմը շաքարային դիաբետի ամենածանր բարդություններից է, ամենադժվար բուժվող ախտահարումներից և հատուկ ուշադրություն է պահանջում ոչ միայն բժշկի, այլև հիվանդի կողմից):

Ինչպես նշեց կենտրոնի տնօրենը, Կումուրյան պոդիատրիկ կլինիկան իր հիմնադրման օրից հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցելու, զինծառայողներին մասնագիտական բուժօգնություն տրամադրելու պատրաստակամությամբ և բազմաթիվ բարեգործական միջոցառումներ է իրականացրել այդ համագործակցության շրջանակում: Պաշտպանության նախարարության հովանու ներքո «Զինվորի մայր» ՀԿ-ի և Կումուրյան պոդիատրիկ կլինիկայի կողմից մշակվել է ծրագիր, որի համաձայն՝ կլինիկան իր ծառայությունն է առաջարկել Պաշտպանության նախարարության համապատասխան կառույցներին՝ 3 հիմնական ուղղություններով.

1) նպաստել նախազորակոչային տարիքում ոտնաթաթի հիվանդություններ ունեցող երիտասարդների հայտնաբերմանը և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել նրանց, որպեսզի ապագա զինվորն ապրի առողջ, քայլի վստահ,

2) ախտորոշել և բուժել զինծառայության ընթացքում առաջացած ոտնաթաթի հիվանդությունները,

3) աջակցել զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ նրանց տրամադրելով օրթեզներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Ծրագիրը գործել է ժամանակավորապես, սակայն կլինիկայի բուժանձնակազմը շարունակել է աջակցել զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և այսօր էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը հեռանկարային, ծանրակշիռ համագործակցության ծրագրեր է ներկայացնում՝ բանակին, զինծառայողներին օգտակար լինելու պատրաստակամությամբ:

Համագործակցելով ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ և նրանից համապատասխան տեղեկություններ ստանալով ոտնաթաթի հիվանդություններ ունեցող զինծառայողների մասին՝ կլինիկան անհատույց տրամադրել է ներդիրներ՝ զինվորական երկարաճիտ կոշիկների համար, մեծ քանակությամբ ներդիրներ են ուղարկվել նաև առաջնագծում ծառայող զինվորներին: Տարբեր տարիքային խմբերում իրականցվող բազմաթիվ ուսումնասիրությունները, սկրինինգները վկայում են, որ այսօր տարածված հիվանդություններից է նաև հարթաթաթությունը (այն հայտնաբերվում է հետազոտվողների գրեթե 80%-ի մոտ). ինչպես գիտենք, հարթաթաթության պատճառով երիտասարդը չի ազատվում զինվորական ծառայությունից, սակայն Կումուրյան պոդիատրիկ կլինիկան այս հարցում նույնպես հանդես է գալիս իր առաջարկություններով. այն է՝ զորակոչին նախորդող 3 տարիների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հարթաթաթություն ունեցող զորակոչիկներին, փորձել հնարավորինս բուժել նրանց և ներդիրներ տրամադրել զինծառայության մեկնելուց առաջ, որպեսզի հարթաթաթության պատճառով առողջական այլ խնդիրներ չառաջանան (գլխացավ, ողնաշարի ցավ), և զինվորի ինքնազգացողությունը լինի առույգ, առողջ, մարտական:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ Կումուրյան պոդիատրիկ կլինիկայի կողմից հայտարարվել է ակցիա բոլոր զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների համար, որի շրջանակում անվճար իրականացվել է ոտնաթաթի բուժզննում, պլանտոգրաֆիկ հետազոտություն, խորհրդատվություն, տրամադրվել է 50% զեղչ՝ ունիվերսալ օրթոպեդիկ ներդիրների համար:

Ապրիլյան պատերազմից հետո կենտրոնի բուժանձնակազմն այցելել է «Քրոս» առողջության կենտրոն և տեղում ծանոթանալով յուրաքանչյուր վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի առողջական խնդիրներին, անհատական մոտեցում ցուցաբերելով նրանցից յուրաքանչյուրին՝ օրթեզներ և այլ անհրաժեշտ պարագաներ է տրամադրել նրանց:

Կումուրյան պոդիատրիկ կլինիկայի մասնագետները պարբերաբար այցելում են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, հանդիպելով վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Լևոն Ժամագործյանի հետ՝ տեղեկանում ոտնաթաթի վնասվածքներ ունեցող զինծառայողների մասին և համապատասխան բժշկական-նյութատեխնիկական օգնություն տրամադրում նրանց:

Այսօր Կումուրյան պոդիատրիկ կլինիկայի ղեկավարությունը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը ՀՀ ԶՈՒ բուժվարչության հետ. համատեղ կազմվում են ծրագրեր ոչ միայն հիվանդ կամ հաշմանդամ զինծառայողներին պոդիատրիկ բժշկական օգնությամբ ապահովելու, այլև Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհատույց օգնություն տրամադրելու նպատակով:

Էդիտա Մելքոնյան

  • 13649701_1457776710933373_1221104259_n
  • 13652430_1457776707600040_510982271_n