Ոչ մի վիրավոր ստիպված չի եղել «սպասել» իր վիրահատությանը…

ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրաբուժական ծառայությունն ապրիլսկզբյան մարտական գործողությունների ժամանակ ու նաև հետագա օրերին, հիրավի, մեծ ծանրություն է կրել:

ԱԲՋ-ի վիրաբույժները՝ վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Մուրադյանը և ավագ օրդինատոր, բուժծառայության լեյտենանտ Դավիթ Մարգարյանը, օրեր շարունակ, գրեթե առանց դադարի աշխատել են վիրահատարանում. այն լքել են միայն այնպիսի դեպքերում, երբ անհրաժեշտ է եղել ընդառաջ գնալ կրակի գոտուց տարհանվող ծանր, ծայրահեղ ծանր վիրավորներին, ապա առաջնագծին մոտ՝ հաճախ անընդհատ գնդակոծվող տարածքում, վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել ԱԲՋ:

Անձնվեր ծառայության, նվիրումի, մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար Արման Մուրադյանը և Դավիթ Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվել են «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով:

Վիրաբուժական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Արման Մուրադյանը 2001 թ.-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ուսումնառության ավարտին որպես բժիշկ-մասնագետ ծառայության է նշանակվել ՊՆ զորամասերից մեկում: Երեք տարի անց տեղափոխվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը՝ զբաղեցնելով նախ բուժկետի պետի, ապա բուժծառայության պետի պաշտոնները: 2012 թվականին ընդունվել է կլինօրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, 2015 թ.-ին նշանակվել ԼՂՀ ՊԲ Մարտակերտի ԱԲՋ-ում՝ որպես վիրաբուժական բաժանմունքի պետ:

Բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Դավիթ Մարգարյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ է ընդունվել 2005 թվականին: 2011-2014 թթ. կլինօրդինատուրա է անցել ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ: 2014 թվականին զորակոչվել է Ազգային բանակ՝ ծառայության անցնելով Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում:

Վիրաբույժների հետ զրուցել ենք ապրիլի 2-ից 5-ը, ինչպես նաև հետագա օրերի ընթացքում (ինչպես բժիշկներն իրավացիորեն նկատեցին, հյուսիսարևելյան ուղղությամբ պատերազմը քառօրյա չի եղել) իրենց և ողջ անձնակազմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքի, վիրահատությունների մասին:

Եղել ենք այնտեղ, որտեղ ամենից շատ է զգացվել մեր անհրաժեշտությունը…

Արման Մուրադյան

– Ծառայության վայրով, բնույթով պայմանավորված՝ սահմանային միջադեպերը, դրանց հետևանքով մարտական վիրավորումները, ցավոք, մեզ համար նորություն չէին. ժամանակ առ ժամանակ անցել ենք այդ ամենի միջով: Թերևս անսովոր ու անսպասելի էր վիրավորների այդչափ մեծ հոսքը, սակայն անգամ այդ պարագայում մեր աշխատանքը կազմակերպվել և կատարվել է գրեթե անթերի: Մենք՝ վիրաբույժներս, այդ օրերին եղել ենք կա՛մ վիրահատարանում, վիրակապարանում, կա՛մ ընդառաջ ենք գնացել վիրավորին և տեղում կազմակերպել բուժօգնությունը: Եղել ենք այնտեղ, որտեղ ամենից շատ է զգացվել մեր անհրաժեշտությունը: Միգուցե տարօրինակ հնչի, բայց այդ օրերին ոչ մի վայրկյան հոգնածություն չենք զգացել, անգամ չենք հիշել ու մտածել հանգստանալու մասին: Աշխատել ենք համախմբված: Երբեք ոչ ոք չի հապաղել, չի սպասել, թե ուրիշը պետք է վիրավորին ընդառաջ գնա…

Ծանր աշխատանք են կատարել նաև վիրահատարանի բուժքույրերը: Եթե մենք ժամանակ առ ժամանակ նաև ընդառաջ ենք գնացել վիրավորներին, ապա նրանք անընդհատ վիրահատարանում են եղել:

Միմյանց օգնելու պատրաստակամության, թիմային աշխատանքի, համախմբման շնորհիվ էր, որ կարողացանք այդպիսի ծանր պայմաններում կատարել մեր խնդիրը:

Դավիթ Մարգարյան

– Ծառայելով առաջնագծին բավականին մոտ հատվածում՝ գրեթե մշտական լարվածության պայմաններում, մենք պատրաստ էինք իրավիճակի ցանկացած փոխոխության դեպքում կատարելու մեր խնդիրը: Յուրաքանչյուրս գիտեինք մեր պարտականությունները մարտական գործողությունների վերսկսման պարագայում, այդ պատճառով լուրջ խնդիրների չբախվեցինք և թեպետ մեծ ջանքերի գնով, բայց կարողացանք հաղթահարել ծանր փորձությունը:

Մեզ համար չափազանց կարևոր էր մեր գործընկերների ներկայությունը, ովքեր անհապաղ հասան Մարտակերտ՝ մեզ աջակցելու: Այդ օրերին մշտապես մեր կողքին էին պատերազմի մասնակից, փորձառու վիրաբույժներ, ՊԲ հրամանատարի՝ բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանը, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, բ/ծ մայոր Արշալ Գասպարյանը, ինչպես նաև մեր երիտասարդ գործընկերները՝ կրծքային վիրաբույժ, բ/ծ լեյտենանտ Գոռ Գեղամյանը, վնասվածքաբան, բ/ծ լեյտենանտ Աշոտ Հարությունյանը: Երախտագիտությունս եմ հայտնում նրանց և այն բժիշկներին, ովքեր մեր կողքին էին հետագա օրերին:

Ոչ մի վիրավոր «չի սպասել» իր վիրահատությանը…

Արման Մուրադյան

– Ինչպես արդեն հայտնի է, վիրավորների հոսքը բավականին մեծ էր: Ունեցել ենք մեծ թվով ծանր վիրավորումներ՝ համակցված պոլիտրավմաներ (գլուխ, կրծքավանդակ, որովայնի խոռոչ, վերջույթներ): Բժիշկներն արել են անհնարինը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Եղել են դեպքեր, երբ անգամ հույսի նշույլ չենք ունեցել, թե վիրավորը կապրի: Սակայն, փա՛ռք Աստծո, մեր ծանր վիրավորների առողջական վիճակում արդեն դրական տեղաշարժ կա: Ցավոք, ունեցել ենք նաև կյանքի հետ անհամատեղելի վիրավորում (կապիտան Հովսեփ Կիրակոսյան):

Հետագա օրերին մեզ մոտ համապատասխան բուժօգնություն ստացան նաև թեթև վիրավորումներ (քերծվածքներ, վերքեր) ունեցող զինծառայողները, ովքեր մարտական գործողությունների ընթացքում չէին դիմել մեզ:

Դավիթ Մարգարյան

– Բավականին դժվար էր, բայց ոչ ոք չտուժեց, ոչ մի վիրավոր «չսպասեց»իր վիրահատությանը… Յուրաքանչյուրը ժամանակին ստացավ անհրաժեշտ բուժօգնությունը: Առանձնահատուկ բարդ վիրահատություններից ես կառանձնացնեի մեր առաջին վիրավորի՝ պայմանագրային զինծառայող Էրիկ Բաբայանի դեպքը, ում նախկինում ևս վիրահատել էի և ճանաչում էի: Չափազանց բարդ վիրավորում ուներ, գրեթե բոլոր ներքին օրգանները վնասված էին: 6-7 ժամ տևած վիրահատությունից հետո անգամ ապրելու հավանականությունը գրեթե աննշան էր: Սակայն պայքարեց, ապրեց…

…Առաջին վիրավորին ԱԲՋ տեղափոխելու համար ընդառաջ գնացինք ես և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը: Մեզ հայտնեցին, որ վիրավորը Թալիշում է, և վիճակը ծանր է: Դեռ չգիտեինք, որ լայնածավալ մարտական գործողություններ են սկսվել: Վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար տեղափոխեցինք մոտակա զորամասի բուժկետ: Քիչ անց սկսեցին տարածքն արկակոծել: Որոշ ժամանակ ստիպված էինք բուժկետի հատակին պառկած մնալ: Ապա տեղափոխեցինք ծանր վիրավորին և ևս երկու զինծառայողի, ովքեր թեթև վիրավորում ունեին: Դրանից հետո արդեն սկսվեց վիրավորների մեծ հոսքը:

Վիրավոր զինվորները ցանկանում էին դիրքեր բարձրանալ…

Արման Մուրադյան

– Հիացմունքի էին արժանի մեր զինվորների նվիրումը, պատրաստակամությունը: Նրանք շատ բան ապացուցեցին: Այնքան շատ էին այն տղաները, ովքեր պարզապես խնդրում էին մեզ, որ թույլ տանք` վերադառնան դիրքեր: Նրանք զարմանալի ձևով հասունացել էին: Բոլորն ուզում էին դիրքերում լինել՝ իրենց ընկերների կողքին, իսկ երբ հորդորում էինք համբերել, մինչև կապաքինվեն, հակադարձում էին, թե ինչպես կարող են ընկերներին մենակ թողնել:

…Այդ օրերին մենք սպա ունեինք, ով վիրահատության (ապենդիցիտ) կարիք ուներ: Ոչ մի կերպ չկարողացանք նրան համոզել… ցավազրկող վերցրեց և բարձրացավ դիրքեր: Եվ միայն հրադադարի պայմանավորվածությունից հետո նրան վիրահատեցինք:

Դավիթ Մարգարյան

– Ես կցանկանայի խոսել զինծառայող Հովհաննես Պողոսյանի մասին: Նա ապրիլի 9-ին մեզ մոտ է տեղափոխվել ազդրի շրջանի բեկորային թեթև վիրավորումով: Վիրավորվել էր ապրիլի 3-ին, սակայն լինելով դիրքի ավագ, լինելով զինվորի՝ իր կոչմանը հավատարիմ, մինչև վերջ մասնակցել է մարտական գործողություններին և բժիշկներին է դիմել միայն այն ժամանակ, երբ համոզված է եղել, որ իրավիճակը հանդարտվել է: Բեկորը հեռացնելուց հետո մի քանի օր մնաց այստեղ: Ամեն օր հարցնում էր, թե երբ կարող է վերադառնալ դիրքեր: Ապաքինվելուց հետո վերադարձավ ծառայության, սակայն մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը կրկին վիրավորվեց: Այդ անգամ գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում ստացավ… Կրկին ապրելու հույսը փոքր էր, բայց այսօր Հովհաննեսի վիճակում ևս դրական տեղաշարժը տեսանելի է:

Հ.Գ: Հավելենք, որ վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Դավիթ Մարգարյանի հարազատ եղբայրը ժամկետային զինծառայող է՝ հրետանավոր, և այդ օրերին հյուսիսարևելյան ուղղությամբ մասնակցել է մարտական գործողություններին:

Հասմիկ Գյոզալյան

  • 2
  • 1