«…մեր կողմից յուրաքանչյուր մասնագիտական խիզախում արդարացված է եղել»

Երբ հերթական անգամ մեկնում էի Արցախ՝ գործուղման, ուղեկիցս հարցրեց.

– Ո՞ւր եք գնում:

– Մեխակավան,- պատասխանեցի նրան:

Երիտասարդ կինը, ուղիղ նայելով աչքերիս մեջ, շարունակեց.

– Կարող եք ասել Ջաբրայիլ. այդ բառը առաջացել է Գաբրիել հրեշտակապետի անունից: Դեռևս հնագույն ժամանակներում այնտեղ քրիստոնյա հայեր են բնակվել, իսկ այսօր մեր զինվորներն են կանգնած այդ բարձրավանդակների վրա, որ անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհ են անվանում:

…Հասնելով ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ը՝ հնարավորություն ունեցա ծանոթանալու այն երիտասարդ բժիշկների հետ, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին փայլել են իրենց խիզախությամբ, անթերի կատարել մարտական խնդիրը և այսօր էլ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման:

– Մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր ծառայության կարևորությունը,- զրույցի ընթացքում ասաց ԱԲՋ-ի հրամանատարի բուժգծով տեղակալ, բ/ծ մայոր Էրիկ Պետրոսյանը,- և ծառայությունը պատվով է կատարում:Իմ նախնիները զինվորականներ են եղել. հորս պապը ծառայել է ցարական բանակում, պապս զինվորական էր, հայրս՝ ազատամարտիկ: Արցախյան պատերազմի ժամանակ մեծ եղբայրս այս կողմերում է զոհվել. նա Հայոց բանակի առաջին զինվորներից էր՝ առաջին զորակոչիկներից: Այս հողը ներկված է մեր եղբայրների, մեր տղաների արյամբ, և նահանջի մասին մեզանից որևէ մեկը երբևէ չի կարող մտածել, ու չենք մտածել նույնիսկ այն օրերին, երբ Արցախի արևելյան սահմանագիծը ամբողջ երկայնքով և բավականին մեծ խորությամբ հրետակոծվում էր ծանր զինատեսակներով, երբ հակառակորդի տանկերը մխրճվել էին մեր հենակետերի մեջ ու առաջացել: Մեր զինվորները, կողք կողքի կանգնած՝ եղբայրների նման, մարտնչում էին, իսկ մենք նրանց թիկունքում մեր մարտական խնդիրն էինք կատարում:

Պատերազմի օրերին մեր ուղղությամբ հարվածում էին նաև «Смерч» զինատեսակով. օդային տագնապ էր հայտարարված: Հիվանդասենյակներից բոլոր վիրավորներին արագ տեղափոխեցինք ժամանակավոր ապաստարաններ, միջին բուժանձնակազմը նույնպես նրանց կողքին էր: Ես շտապեցի վիրահատարան, որպեսզի տղաներին էլ տեղեկացնեմ: Երբ ներս մտա, նրանք վիրահատություն էին կատարում: Լուռ նայեցի ընկերներիս ու հագնելով ձեռնոցները՝ միացա նրանց: Չէինք կարող կանգնեցնել կամ հետաձգել վիրահատությունը. վիրավորի կյանքը մեր ձեռքերում էր:

– Ապրիլյան պատերազմի և հաջորդած օրերի ընթացքում օրվա լրահոսը չէր կանգնում. իրար հաջորդող հաղորդագրություններ մարտական գործողությունների ծավալման, ռազմական հանցագործությունների, զոհերի ու վիրավորների մասին, և ասքեր՝ հերոսության, մաքառման, անձնազոհության…

– Մենք նույնպես հետևում էինք լրահոսին,- պատասխանում է Էրիկ Պետրոսյանը,- և, ցավոք, շատ հաճախ շրջանառվող «նորությունները» ոչ մի կապ չունեին այն ամենի հետ, ինչ կատարվում էր այստեղ: Փոքրիկ մի լուր այնպես էր ուռճացվում և մատուցվում, որպեսզի մեծ թվով դիտելիություն ապահովեր: Պատերազմական իրավիճակներում դա անթույլատրելի է և դատապարտելի: Չի կարելի խաղալ մարդկանց զգացմունքների հետ: Չի կարելի մոռանալ, որ բազմաթիվ մարդիկ համացանցի միջոցով էին փորձում որևէ տեղեկություն ստանալ իրենց հարազատների, իրենց որդիների մասին, ովքեր մարտական հենակետերում էին, որոնցից օրեր շարունակ ոչ մի լուր չկար:

Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետերից բոլոր վիրավորները տեղափոխվել են ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ, որի բուժանձնակազմը եղել է իրադարձությունների կենտրոնում, ամենաթեժ կետերում: Պատասխանելով իրար հաջորդող հարցերիս՝ Էրիկ Պետրոսյանը համառոտ ներկայացրեց՝ պատերազմի օրերին ինչպես է կազմակերպվել, իրականացվել բժշկական փրկարարական ծառայությունը:

– Ես մեկնել էի Երևան, և ապրիլի 2-ից ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պետք է մասնակցեի վերապատրաստման դասընթացների՝ կրծքային վիրաբուժության ուղղությամբ (գաղտնիք չէ, որ ռազմաբժշկական ծառայության մեջ կրծքավանդակի հրազենային և ականապայթյունային վիրավորումներն առավել հաճախ են հանդիպում, և որոշել էի վերապատրաստվել նաև կրծքային վիրաբուժության ուղղությամբ): Սակայն վաղ առավոտյան, երբ իմացանք, որ Արցախում ծավալուն մարտական գործողություններ են սկսվել, մոտեցա հոսպիտալի պետին և խնդրեցի, որպեսզի ՊՆ ԿԿԶՀ-ից Արցախ մեկնող առաջին բուժանձնակազմի հետ ինձ էլ ուղարկեն Մեխակավան, քանի որ չէի կարող և ոչ մի վայրկյան մնալ Երևանում: Ապրիլի 2-ին՝ կեսօրից հետո, ծառայակից ընկերներիս հետ էի: Նրանք արդեն ընդունել էին առաջին վիրավորին, իսկ ժամեր անց վիրավորների, զոհերի հոսքը մեծացավ:

Ապրիլի 4-ն էր: Մեզ ասացին, որ վեց վիրավոր են հանել մարտադաշտից և տեղափոխում են ԱԲՋ: Հաշված վայրկյանների ընթացքում լրացուցիչ վիրահատական սեղաններ ծավալեցինք և ևս վեց հոգու կյանք փրկելու հնարավորություն ունենալու հույսով սպասում էինք նրանց: Երբ մեքենան կանգնեց, և բոլորս նետվեցինք առաջ, բացելով մեքենայի դռները՝ տեսանք, որ վիրավորներից չորսն արդեն ողջ չեն: Բոլորն էլ մեզ ծանոթ դեմքեր էին, մեզ հարազատ դարձած մարդիկ՝ սպաներ ու զինվորներ: Ամեն երրորդ զոհվածը սպա էր:

Մարտադաշտից վիրավորների տարհանումը և տեղափոխումը բուժօգնության հաջորդ էտապ իրականացվել են արագ և անխափան: Զորային օղակի բուժանձնակազմը, չդադարող հրետակոծությունների ներքո տեղաշարժվելով մի հենակետից մյուսը, գտել է վիրավորներին և առաջին բուժօգնություն ցուցաբերելով ՝ դուրս բերել առաջնագծից: Ժամանակակից տեխնիկայով հագեցած մեր փոխադրամիջոցները մոտեցել են նրանց և ընդունելով վիրավորներին՝ տեղափոխել ԱԲՋ: Մեր ռազմաբժշկական զորամասում կատարվել են բարդ, պլաստիկ վիրահատություններ: Վիրաբույժները պայքարել են ոչ միայն վիրավորների կյանքը փրկելու համար, այլև ամեն գնով փորձել են պահպանել վնասված վերջույթները, որպեսզի զինվորը երիտասարդ տարիքում «չդատապարտվեր» հաշմանդամության: Եվ պետք է հպարտությամբ նշեմ, որ մեր վիրաբույժները, անեսթեզիոլոգներն իրենց մարտական խնդիրը, ծառայությունը կատարել են գերազանց:

Մեզ օգնության էին եկել նաև Արցախյան պատերազմի մասնակից վիրաբույժներ, ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բրիգադը: Կենտրոնացնելով մարդկային և նյութատեխնիկական բոլոր ռեսուրսները՝ բոլոր վիրավորներին ապահովել ենք անհրաժեշտ բուժօգնությամբ, ապա տեղափոխել նրանց ՊԲ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնտեղից էլ անհրաժեշտության դեպքում՝ ՊՆ ԿԿԶՀ (վիրավորներին Ստեփանակերտ տեղափոխելիս մեծ օգնություն են ցուցաբերել Հադրութի հանրապետական հիվանդանոցի բրիգադները): ԱԲՋ-ն պետք է հնարավորինս ազատ լիներ և ամեն վայրկյան պատրաստ՝ ընդունելու մյուս վիրավորներին: Ես չեմ կարող ասել՝ ինչ կկատարվեր, եթե մարտական գործողությունները շարունակվեին, բայց մեր բուժանձնակազմը գիշեր-ցերեկ պատրաստ էր իրադարձությունների ցանկացած զարգացման:

– Բազմիցս նշվել է, որ մարտական գործողությունների ժամանակ բանակի բուժծառայությունը գործել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կիրառվող բուժծառայության ղեկավարման և բժշկական ապահովման մոդելի համաձայն…

– Մարտադաշտից վիրավորների տարհանման և տեղափոխման այս եղանակը, իհարկե, նման էր ՆԱՏՕ-ի առաջարկած բժշկական փրկարարական մոդելին, սակայն սխալ կլինի կարծել, որ մենք նույնությամբ կրկնել ենք նրանց քայլերը: Իրավիճակը ստիպել է, որ առանց վայրկյաններ կորցնելու որոշում կայացնենք, գործենք, իսկ հետագայում փորձը ցույց է տվել, որ մեր կողմից յուրաքանչյուր մասնագիտական խիզախում արդարացված է եղել:

Դեռևս 2004-2005 թթ. 10-հոգանոց խմբի կազմում մասնակցել եմ ՆԱՏՕ-ի բժշկական փրկարարական զորավարժություններին (այդ ժամանակ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ էի): Եվ եթե զորավարժությունների ընթացքում, հնարավոր է, վրիպումներ են եղել (և նկատել ենք), ապա կարող եմ վստահեցնել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այդպիսի վրիպումներ թույլ չենք տվել, չենք կորցրել զգոնությունը:

Հ.Գ: Ապրիլյան պատերազմի օրերին մարտական խնդիրը գերազանց կատարելու, անձնուրաց նվիրումի, խիզախության համար ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի բուժանձնակազմն արժանացել է գերատեսչական պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Էդիտա Մելքոնյան

  • 00018
  • 1804
  • 1805
  • 1803
  • 1801
  • 1802
  • 1800
  • 1807
  • 1806
  • 1808
  • 1809