Կարինեն

Սերժանտ, սանհրահանգիչ Կարինե Մարգարյանը Արմավիրից է: ՙՍև հովազ՚ ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի, Մատաղիսի, Մաղավուզի, Հորադիսի կռիվներին: Պայմանագրային զինծառայության է անցել 1996-ից: Պարգևատրվել է Բանակի 20-ամյակի մեդալով, ինչպես նաև ԵԿՄ 4 հուշամեդալներով:
-Աստված չանի, եթե հարկ լինի, ես կմնամ ու կկռվեմ տղաների հետ: Ե՛վ կկռվեմ, և՛ բժշկական առաջին օգնությունը կցուցաբերեմ: Արդեն սովորել եմ: Ասում են` ամեն ինչի սկիզբն է դժվար, բայց դե պատերազմի սկիզբը ուրիշ է և այն էլ` կնոջ համար:
Հորադիսում էինք: Առաջին անգամ էի դուրս եկել սահման: Ես վախից դռան ճեղքից նայում էի: Հաղորդել էին, որ վիրավոր կա, սակայն վախից դուրս չէի գալիս: Ով եկել է այնտեղ, գիտի այնտեղի մութը` ոնց որ կուպր լինի, ձյութ: Այսպես դռան ճեղքից նայում էի, մեկ էլ` վիրավորը իր ոտքով եկավ: Հիշում եմ` Մաղավուզի մոտ վազում էի մեր վիրավոր տղաներին օգնության: Ամենուր թշնամու դիակներ էին: Վազում էի աչքերս փակ` սարսափելի էր, դժվար… Անցել են օրեր, տարիներ, արդեն ընտելացել եմ: 1997 թվականի աշունն էր, էս նույն դիրքերում էինք: Ես կացարանի ճաշարանում խոհարարին էի օգնում: Մեկ էլ ականի պայթյուն լսեցի: Չհասցրի հողաթափերս փոխել, զենք վերցնել, վազում եմ պայթյունի ուղղությամբ. ՙԱստված իմ, էս ինչ եղավ Աստված ջան, տղաներին մի բան չպատահի՚,- մտքումս աղոթում ու վազում եմ: Հետո դուրս եկա խրամատից ու վազում եմ փուշ ու տատասկի միջով: Ոտքերս արյունոտվել էին, սակայն ոչինչ չէի զգում: Վազում եմ մեկ-մեկ տեսնում տղաներին, ուրախանում, ու այդպես մինչև վերջ` բոլորը տեղում են, ողջ են, փառք Աստծո, ու դանդաղ հետ եմ վերադառնում կացարան: Տղաները ինձ դիմավորում են ծիծաղով: Պարզվեց` սարից քար էր գլորվել ու դիպչելով ականին` տրաքել: Ես էլ լսելով այդ պայթյունը` այնքան էի շտապել, որ անգամ դեղի պայուսակը չէի վերցրել: Դա անբացատրելի պահ էր… Ամեն մի պայթյուն-կրակոց լսելիս իմ մարտական ընկերների պատկերները մեկ առ մեկ անցնում էին իմ հայացքի առջևով… Եվ երբ տեսնում ես նրանց ողջ` գնահատում ես, թե ինչ ասել է երջանկություն…
Գնել Շահնազարյան