«Այնպիսի տպավորություն էր, թե դա նրանց առաջին պատերազմը չէր…»

ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման և անզգայացման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Միքայել Թարխանյանը ծննդով Ստեփանակերտ քաղաքից է:

2006 թ.-ին նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, ապա ծառայության է նշանակվել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում` նախ որպես բժիշկ-մասնագետ, այնուհետև՝ բուժկետի պետ: 2008 թ.-ին Միքայել Թարխանյանը բուժծառայության պետ է նշանակվել ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: 2009 թ.-ին ընդունվել է կլինօրդինատուրա` անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ: 2012 թ.-ին նշանակվել է Ալաշանի (ներկայում Մարտակերտի) ԱԲՋ-ում` որպես վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետ, իսկ 2014 թ.-ին` Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալում` կրկին որպես վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետ:

2015 թվականի սեպտեմբերից էլ նրան է վստահվել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման և անզգայացման բաժանմունքի պետի պաշտոնը:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու, նվիրումի համար Միքայել Թարխանյանը պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:

Գերատեսչական մեդալներով են պարգևատրվել նաև բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ կապիտան Արմեն Հարությունյանը, օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Գուրգեն Մելքումյանը և միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ:

– Պարո՛ն մայոր, եթե տեղի ունեցած չլինեին ապրիլյան մարտական գործողությունները, գուցե մեր զրույցը փոքր-ինչ այլ ուղղությամբ ընթանար… Այդ օրերին Ձեր ղեկավարած բաժանմունքն աշխատել է խիստ ծանրաբեռնվածությամբ. կազմակերպվել է Մարտակերտի և Մեխակավանի ԱԲՋ-ներում վիրահատված ծանր վիրավորների, ինչպես նաև բոլոր թեթև և միջին ծանրության վիրավորում ստացած զինծառայողների բուժօգնությունը, ինչը ենթադրում է վիրավորների մեծ հոսք, աշխատանքի բավականին մեծ ծավալ: Այնուամենայնիվ, խնդիրը կատարվել է լիարժեք: Ինչպե՞ս է դա հաջողվել:

– Ապրիլյան օրերն իսկապես տարբերվեցին առօրյա ծառայությունից, թեպետ պայմանավորված հրադադարի պահպանման ռեժիմի հաճախակի խախտումներով, ցավոք, մարտական վիրավորումները երբեք հազվադեպ բնույթ չեն կրել: Այդ օրերին մեր ողջ բուժանձնակազմը` բոլորը անխտիր, աչքի են ընկել մեծ նվիրումով, անձնուրաց աշխատանքով, յուրաքանչյուրը գիտակցել է իր դերը և հստակ կատարել բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքի մասնագետները` ավագ օրդինատոր, բ/ծ կապիտան Արմեն Հարությունյանը, օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Գուրգեն Մելքումյանը, (հեղ.՝ ինչպես նաև բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Միքայել Թարխանյանը), միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ:

Այդ ծանր օրերին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից մեզ օգնության եկան անեսթեզիոլոգներ Էրիկ Միրզոյանը, Գագիկ Աֆյանը, ռեանիմատոլոգներ Վահագն Հակոբյանը, Սահակ Գևորգյանը, վիրաբույժ Միքայել Սամսոնյանը, վնասվածքաբան Հայկ Գրիգորյանը, ովքեր ևս անգնահատելի աշխատանք են կատարել:

Գրեթե անընդհատ միաժամանակ կատարվել է երեք վիրահատություն, ևս մեկ վիրասեղան փորձել ենք ազատ պահել, որպեսզի միշտ պատրաստ լինենք նոր վիրավորներ ընդունելուն և անհետաձգելի վիրահատության անհրաժեշտության դեպքում ժամանակ չկորցնենք:

Բնականաբար, առաջնահերթ վիրահատվել են այն վիրավորները, որոնց մոտ առկա էին կյանքին վտանգ սպառնացող բարդություններ (սուր արյունահոսություն, ներքին օրգանների վնասվածքներ), այնուհետև այն զինծառայողները, որոնց վնասվածքներն անհամեմատ թեթև էին, և նրանց կյանքին վտանգ չէր սպառնում:

Բոլոր վիրահատվածները գտնվել են մշտական հսկողության ներքո, շրջապատված են եղել հոգատարությամբ ու սրտացավ վերաբերմունքով: Ոչ մի վիրավոր չի անտեսվել:

Տեղում կատարվող աշխատանքից բացի` հետևողականորեն կազմակերպվել է նաև վիրավորների տարհանումը թե՛ «դեպի մեզ», թե՛ «մեզանից հետո». Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում կայունացրել ենք վիրավորների վիճակը, ապա տեղափոխել հաջորդ էտապ` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են նաև քաղաքացիական բուժհաստատություններ), որտեղ շարունակվել է նրանց հետագա բուժումը:

Ապրիլյան օրերին ինչպես ժողովուրդը, այնպես էլ բժշկական աշխարհը համախմբվեցին: Այդ օրերին մեզ համար չափազանց կարևոր էր ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բժիշկների աջակցությունը: Բացի մեր գործընկեր զինվորական բժիշկներից՝ մեզ օգնության շտապեցին նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից` Արթուր Հովհաննիսյանը, Առաջին համալսարանական կլինիկական հիվանդանոցից` Հայկ Հովհաննիսյանը, Անահիտ Ենգիբարյանը, Վարդան Վարոսյանը:

…Բարձր եմ գնահատում նաև մեր բաժանմունքի միջին բուժանձնակազմի ծառայությունը: Անկախ սահմանված հերթապահության օրերից` նրանք ամեն օր՝ վաղ առավոտյան, ինքնակամ (ես ոչինչ չէի հանձնարարել) ներկայանում էին աշխատանքի և մեծագույն պատասխանատվությամբ էին կատարում իրենց պարտքը:

Անգնահատելի է նաև առանձին բժշկական ջոկատներում և կայազորային հոսպիտալներում ծառայող մեր գործընկերների, ինչպես նաև զորային օղակի բժիշկների, բուժակների, սանհրահանգիչների, վարորդների ծառայությունը. նրանք առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին և տարհանել` հաճախ վտանգելով իրենց կյանքը:

– Արցախում գտնվելու օրերին զինվորական բժիշկներից բազմաթիվ գեղեցիկ, հերոսական պատմություններ եմ լսել մեր վիրավոր զինծառայողների մասին: Վստահ եմ` Դուք ևս կպատմեք…

– Մեր ծանր վիրավորների հայացքներում երբեք վախի, տագնապի, անհանգստության նշույլ անգամ չեմ նկատել: Նրանց աչքերում կարելի էր միայն ափսոսանք կարդալ, որ այդ պահին խրամատում` զինակից ընկերների մոտ լինելու, իրենց կռիվը մինչև վերջ տալու հնարավորություն չունեն: Տղաներն ավելի շատ հետաքրքրվում էին ընկերների, քան իրենց առողջական վիճակի մասին: Ցավեր ունեին, բայց այնքան զուսպ էին, այնքան հասուն, կայացած: Այնպիսի տպավորություն էր, թե դա նրանց առաջին պատերազմը չէր…

Հասմիկ Գյոզալյան

  • 1