«Ապրիլյան պատերազմը հայ զինվորի տոկոնության, արիության, անձնազոհության էջ դարձավ…»

ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի բուժկետում առավոտյան համայցն ավարտվել էր: Բուժկետի պետ, բ/ծ լեյտենանտ Գևորգ Հարությունյանից փորձեցինք պարզել՝ ինչ խնդիրներով են առավել հաճախ զինծառայողները դիմում իրենց, ինչ բուժկանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում զորային օղակում:

Գևորգ Հարությունյանի հավաստմամբ՝ զորային օղակում բուժկետ դիմող զինծառայողների հոսքը սովորաբար մեծանում է զորակոչին հաջորդող օրերի ընթացքում. «Հյուսիսային շրջաններից զորակոչված նորակոչիկները դժվարանում են հարմարվել հարավային ուղղության շոգ, չոր եղանակին, ոմանք չեն հարմարվում զինվորական կոշիկներին, քնի ռեժիմին, և ադապտացիոն տարբեր խնդիրներ են ունենում: Նրանց ժամանակ է պետք: Նրանք վերջնականապես կոփվում, որպես զինվոր կայանում են, երբ առաջին անգամ բարձրանում են մարտական հենակետ և մարտական հերթապահություն են իրականացնում:

Մեզ դիմում են տարբեր գանգատներով: Մեր իրավասությունների շրջանակում, բուժկետի հնարավորություններն օգտագործելով, բուժօգնություն ենք ցուցաբերում բոլորին, սակայն եթե հիվանդը լրացուցիչ հետազոտությունների, մասնագիտացված բուժօգնութան, վիրահատության կարիք է ունենում, ապա նրան տեղափոխում ենք ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ:

Ամռանը՝ ամիսը 2 անգամ, դեզինսեկտորը տարվում է մարտական հենակետեր. միշտ «պայքարում ենք» մոծակների, միջատների դեմ: Ամռանը խիստ միջոցառումներ են իրականացվում նաև աղիքային վարակներից խուսափելու ուղղությամբ, խիստ հսկվում է ճաշարանը, ստուգվում են դրսից բերված սննդամթերքը: Վարակիչ տարբեր հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով պարբերաբար բացատրական աշխատանքներ ենք կազմակերպում զինծառայողների հետ»:

Ինչպես տեղեկացանք, զորամասի բուժծառայության պետը անցկացնում է նաև ռազմաբժշկական պատրաստության դասաժամեր: Զինվորները սովորում են ինքնօգնության, փոխօգնության հմտությունները, առաջին բուժօգնության կանոնները: Մարտական հերթափոխի բարձրանալուց առաջ ևս մեկ անգամ տրվում են լրացուցիչ ցուցումներ մինչբժշկական օգնության վերաբերյալ:

-Բոլոր հենակետերում կան դեղատուփեր, զինվորներն ունեն բժշկական անհատական փաթեթներ, որպեսզի միմյանց օգնելու հնարավորություն ունենան, մինչև վաշտի սանհրահանգիչը կամ բուժկետի սանիտարական մեքենան իրենց մոտենա:

Մարտական հենակետեր տանող ճանապարհները որոշ հատվածներում դժվարանցանելի են, սակայն սանիտարական մեքենաները հասնում են հիվանդին, վիրավորին և նրանց անվտանգ տեղափոխում բուժկետ կամ հոսպիտալ,- պատմում է Գևորգ Հարությունյանը:

Զրույցի ընթացքում նա նաև ներկայացրեց՝ ինչպես է գործել զորամասի բուժանձնակազմն ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

«Ապրիլյան պատերազմի օրերին մեր զորամասն իր մարտական խնդիրը գերազանց է կատարել,- ասում է բուժկետի պետը և շարունակում,- ամբողջ բուժանձնակազմը նույնպես գիշեր-ցերեկ մարտական հերթապահություն է իրականացրել: Սանհրահանգիչները, բուժակները, գումարտակների և գնդի բժիշկները զորքի հետ են եղել, զինվորների կողքին (վիրավորված զինծառայողներին մասնագիտացված բուժօգնության հաջորդ էտապ տեղափոխելու ժամանակահատվածը հօգուտ վիրավորի հնարավորինս կրճատելու նպատակով որոշ դեպքերում վիրավորները տեղափոխվում են ԼՂՀ ՊԲ Մարտունու ԱԲՋ):

… Մենք տեսնում էինք՝ ինչպես էր զինվորը նետվում առաջ, որպեսզի կրակի տակից դուրս բերեր վիրավոր ընկերոջը: Նա վախ չուներ: Շատերը չէին կարող պատկերացնել, որ 18 տարեկան երիտասարդները կարող են այդքան վճռական լինել, այդպիսի մարտունակ ոգի ունենալ: Ապրիլյան պատերազմը հայ զինվորի տոկոնության, արիության, անձնազոհության էջ դարձավ պատմության մեջ»:

 

Էդիտա Մելքոնյան