ՀԱՎԱՏ ԵՎ ԸՄԲՈՍՏ ՈԳԻ

-Տառապանքդ որքան շատանում, այնքան հոգիդ բյուրեղանում է,- այդպես սկսեց իր զրույցը Երևանի կայազորային հոսպիտալի նեյրովիրաբույժ Ռիմա Շաբոյանը:- Ամեն մի հիվանդի մեջ ես տեսնում եմ իմ մտերիմին, իմ հարազատին և նրան վերաբերվում եմ այնպես,ինչպես կվերաբերվեի հարազատիս:
Ամենակարևորն այն է, որ եթե հիվանդը հավատ ունի, հոգեբանորեն իրեն առողջ է զգում` նա անպայման կբուժվի: Ձեռքի հպումով ես կարողանում եմ հիվանդին տրամադրել դեպի ինձ, կատարել նեյրոհոգեբուժման ազդակ, որովհետև մանավանդ երիտասարդ վիրավոր զինվորի հոգեկան խեղումը յուրաքանչյուր հայի, առավել ևս հայ բժշկի կողմից պետք է ընկալել որպես շանթարգել: Այսինքն, նրանք են փորձել իրենց վրա վերցնել այն վերքը, կրակոցը, որը միգուցե ուղղված էր մեզ` թիկունքում ապրողներիս:
Երբ սկսեց գործել մեր հոսպիտալը, դժվարին ժամանակներ էին:
Ռազմի դաշտից ուղղաթիռները բերում էին վիրավորներ և ամենազարմանալին այն էր` վիրավորներն իրենց հետ բերում էին հավատ և ըմբոստ ոգի: Օրինակ, ինչպե±ս կարելի է մոռանալ այն երաժիշտ սպային, որ կորցրել էր խոսելու ունակությունը և, երբ այն վերականգնվեց, առավոտյան նրա մահճակալին գտանք մի երկտող… ՙՆերող կլինեք, բայց ես պետք է գնամ՚: Կամ բաքվեցի 4 երեխաների հորը, որը գերի չընկնելու համար` ծնոտից կրակել էր ինքն իրեն, և գնդակը դուրս էր եկել ականջի միջից: Հրաշքով կենդանի էր մնացել և օգնության հասած մեր տղաները փրկել էին նրան, ուղարկել հոսպիտալ: Առողջությունը մի փոքր վերականգնելուց հետո նա էլ վերադարձավ իր ընկերների մոտ` ռազմադաշտ: Դրանք այն դժվարին օրերն էին, երբ մեր հոսպիտալը, չնայած նորաստեղծ, սակայն պատվով կատարեց իր գործը: Իմ վարձատրությունը ինձ հասցեագրված երախտիքի խոսքերն են ու մեկ էլ իմ ստացած ծաղիկները, որոնք կարող էին ծածկել Մատենադարանից մինչև կենտրոնական շուկա ընկած ճանապարհը, որի մոտ էր գտնվում մեր տունը: կյանքում միշտ սիրել եմ գեղեցիկն ու պարզը, մարդկայինն ու հոգեհարազատը: Եվ հիմա զգում եմ, որ մեր ուժը հոգևորի, ներքին տառապանքների մեջ է, և մեր հիմնական նպատակներից մեկն էլ, բացի հիվանդ զինվորի վերքը բուժելուց, նրա հոգեկան աշխարհը բուժելն ու ամրացնելն է:
Հայ զինվորը մեր ապագայի պահպանն է, իսկ հայրենիքի զինվորի ուժը, նրա հոգևոր և ֆիզիկական միասնության մեջ է:
1995թ.
Գնել Շահնազարյան