«…պատերազմը սկսվել էր… իսկ ես պատերազմ առաջին անգամ չէի տեսնում»

ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ն՝ որպես կայազորային հոսպիտալ, սպասարկում է հարավարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին:

Վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ կապիտան Արամ Նավասարդյանը (մասնագիտությամբ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ), ներկայացնելով իր բաժանմունքի հնարավորությունները, նշեց, որ և՛ վիրահատարանը, և՛ վիրահատա-վերակենդանացման բաժանմունքը հագեցած են ժամանակակից սարքավորումներով, այն ամենով, ինչ անհրաժեշտ է լիարժեք ծառայություն իրականացնելու համար: Ընդունելով հիվանդին կամ վիրավորին՝ բուժանձնակազմն արագ կատարում է հետազոտությունները, ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնությունը՝ կանխում առողջությանը, կյանքին սպառնացող վտանգը, ապա տեղափոխում մասնագիտացված բուժօգնության հաջորդ էտապ (բուժծառայության ապահովման այս մոդելը գործում է առաջնագծին մոտ տեղակայված ռազմաբժշկական զորամասերում, որպեսզի հիվանդների, վիրավորների «խցանումներ» չառաջանան):

– Պարո՛ն Նավասարդյան, հնագիտական աղբյուրները վկայում են, որ վիրահատությունը՝ որպես բուժման եղանակ, փորձել են կիրառել դեռևս քարե դարում, իսկ ե՞րբ է առաջին անգամ կիրառվել անեսթեզիան, ե՞րբ է ձևավորվել անեսթեզիոլոգիան՝ որպես բժշկության առանձին ճյուղ:

– Առաջին անգամ «անեսթեզիա» տերմինը (հունարեն «an» ժխտական նախածանցից և «aesthesis» բառից, որը նշանակում է «զգացողություն», «զգացում») մ.թ.ա. I դարում գործածել է հույն փիլիսոփա Դիոկորիդը: Դարերի ընթացքում մարդկային միտքը հայտնագործություններ է կատարել, երբեմն՝ նույնիսկ մեծագույն զոհողությունների գնով, և անեսթեզիոլոգիան՝ որպես բժշկության նոր բնագավառ, ձևավորվել է 19-րդ դարի կեսերին, երբ 1846 թվականի հոկտեմբերի 16-ին ատամնաբույժ Թոմաս Մորտոնը եթերային անզգայացմամբ վիրահատություն կատարեց: Հետագայում այդ օրը հռչակվեց որպես Անեսթեզիայի համաշխարհային օր: Այսպիսով, վիրաբույժների մի խումբ առանձնանալով հիմք դրեց անեսթեզիոլոգիային (չէ որ դարեր շարունակ վիրաբույժները և՛ անզգայացնում էին, և՛ վիրահատում, և՛ վերակենդանացնում): Մահաբանությունից առանձնացվեց վերակենդանացումը՝ ռեանիմատոլոգիան (և հետաքրքիրն այն է, որ վերակենդանացումը՝ որպես գիտության մի ճյուղ, մահաբանությունից առանձնացվել է վնասվածքաբան բժիշկների խորհրդի ժամանակ):

…Ինձ միշտ հետաքրքրել է անցումային փուլը՝ կյանքի և մահվան միջև, և հատկապես վերակենդանացումը՝ որպես ճանապարհ՝ բարդ, հետաքրքիր:

– Նախկին համակուրսեցի, այսօր ծառայակից Ձեր ընկերները նշեցին, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվել եք բարձր միավորներով (այդ միավորներով կարող էիք բուհի մյուս ֆակուլտետներ էլ անվճար ընդունվել), սովորել եք գերազանց առաջադիմությամբ, ուսանողական տարիներին հետաքրքրվել եք գենետիկայով և… համոզված էին. «Մեծ հայտնագործություններ կաներ, եթե այլ ճանապարհ ընտրեր»: Ի՞նչն է Ձեզ կապել բանակի հետ:

Պապս Նժդեհի հարյուրապետերից է եղել: Հորեղբայրս ազատամարտիկ է: Մեր տան զրույցները Նժդեհի, Սյունիքի հերոսական ինքնապաշտպանության, Արցախյան գոյամարտի ու հաղթանակի մասին են եղել:

Երրորդ դասարանում էի սովորում, երբ որոշեցի, որ զինվորական եմ դառնալու… ու բժիշկ:

– Այսօր Մեխակավանում եք Ձեր կնոջ և դստեր հետ, ով ապրիլյան պատերազմից օրեր առաջ է ծնվել, և երբ մեծանա, իր նախնիների մասին հերոսական ասքերին նոր պատմություններ է հյուսելու Ձեր ծառայության մասին:

Մեխակավանում ծառայող բազմաթիվ սպաների, բժիշկների ընտանիքներ են այստեղ բնակվում: Ընտանիքը հասարակության բջիջն է. առողջ է ընտանիքը, առողջ է հասարակությունը:

Ինչպե՞ս է ապահովվել նրանց անվտանգությունն ապրիլյան պատերազմի օրերին:

– Հարազատները գալիս էին կամ մեքենաներ ուղարկում. կանայք և երեխաները դուրս են բերվել այստեղից:

– Ապրիլի 2-ին ԱԲՋ-ից դուրս եկած առաջին մեքենայով Դուք և վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Դավիթ Փթուկյանն եք մոտեցել մարտական գործողությունների գոտուն: Ինչպե՞ս է իրականացվել վիրավորների տարհանումը և տեղափոխումը ԱԲՋ:

– Ապրիլի 2-ին լույսը դեռ չէր բացվել, երբ իմացանք, որ սահմանին մարտական գործողություններ են սկսվել, և վիրավորներ ունենք: Կարծում էինք՝ հերթական դիվերսիան է, սակայն երբ մոտեցանք, այլ տեսարան բացվեց մեր առջև. պատերազմը սկսվել էր… իսկ ես պատերազմ առաջին անգամ չէի տեսնում (փոքր էի, երբ Արցախյան պատերազմը սկսվեց. մեր քաղաքը՝ Կապանը, նույնպես գնդակոծում էին):

Երբ հասանք հրամանատարական կետին, մեզ թույլ չտվեցին ավելի առաջանալ: Հեռվից տեսնում էինք՝ ինչպես էր զորամասի բուժկետի սանիտարական մեքենան փորձում մոտենալ հենակետին՝ վիրավորներին դուրս բերելու համար, իսկ հակառակորդն ինտենսիվ հարվածում էր թե՛ սանիտարական մեքենայի, թե՛ հենակետերի ուղղությամբ: Սակայն նրանք կարողացան մոտենալ վիրավորին, և երբ նրան մեզ հանձնեցին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էր. շատ արյուն էր կորցրել, խոսում էր դժվարությամբ: Նրա ոտքն ամպուտացրին, արյան փոխներարկում կատարվեց. բժիշկները կարողացան փրկել երիտասարդի կյանքը: Նա մեր առաջին վիրավորն էր՝ Արման Ավետիսյանը:

Ապրիլյան պատերազմի օրերին ամբողջ ազգը համախմբվել էր ու կանգնել իր զինվորի թիկունքին: Մեխակավան էին եկել մեծ թվով աշխարհազորային կամավորներ: Նրանք պահանջում էին, որ զինվորները տեղափոխվեն երկրորդ, երրորդ գիծ, իսկ իրենք գրոհի անցնեն, և եթե հրաման տրվեր առաջ նետվելու, մի մարդու նման կնետվեին առաջ՝ քաջ գիտակցելով, որ վերադարձ չի լինելու: Մինչ մարտական հերթապահության բարձրանալը նրանք մեզ մոտ բուժզննում անցան, ովքեր առողջական խնդիրներ ունեին, համապատասխան բուժօգնություն ստացան: Հրադադարի կնքումից օրեր անց ԱԲՋ եկավ մի տարեց աշխարհազորային. ոտքերն այտուցվել էին, դժվարությամբ էր շնչում: Երբ տեսա նրան, անկեղծորեն սիրտս ցավեց, հարցրի՝ ինչու ավելի շուտ չի իջել դիրքերից… Պատմեց, որ հինգ օր խրամատ է փորել. եթե ինքը իջներ, ո՞վ պիտի փորեր իր փոխարեն, գուցե մարտական ընկերները մտածեին, թե փախչում է դժվարություններից:

…Սակայն թերևս ամենածանր փորձությունը մեզանից յուրաքանչյուրի համար այն սարսափեցնող անորոշությունն էր, երբ անհետ կորած մեր զինվորների, սպաների մասին էինք մտածում:

Նրանց անունները հավերժ ապրելու են մեր հիշողությունների մեջ:

Էդիտա Մելքոնյան