«Այս պատերազմը կոփեց մեզ…»

ԼՂՀ պաշտպանության բանակի` հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի անձնակազմը (այդ թվում` բուժանձնակազմը) ապրիլյան պատերազմական օրերին վստահ ու պատվախնդրորեն է կատարել առաքելությունը: Ապրիլյան տարեգրության առանձին դրվագներ, որոնք տեղի են ունեցել զորամասի պաշտպանության տեղամասում, հերոսական ասքեր են հիշեցնում:

Զորամասի բուժանձնակազմը (բուժծառայության պետ, բ/ծ կապիտան Ռուբեն Խաչատրյան, բուժկետի պետ, բ/ծ կապիտան Վահե Ամիրյան, բժիշկ-մասնագետ, բ/ծ լեյտենանտ Անդրանիկ Եղիազարյան, բժիշկ-մասնագետ, բ/ծ լեյտենանտ Արտակ Սարգսյան, դեղատան պետ Արտակ Խաչատրյան, բուժքույրեր, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդ), անկախ մարտական գործողությունների ծավալից, գործել է ներդաշնակ, գրագետ, ինչպես զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Պետրոսյանը բնութագրեց, «անպատկերացնելի օպերատիվությամբ»` հաճախ էլ վտանգելով իրենց կյանքը:

ՊԲ դիվիզիաներից մեկի բուժծառայության պետ, բ/ծ փոխգնդապետ Վարդգես Արզումանյանը, ով նաև Արցախյան ազատամարտի մասնակից է, գերազանց է գնահատում այդ և դիվիզիայի կազմի մեջ մտնող բոլոր զորամասերի բուժանձնակազմերի ծառայությունը (հատկապես ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ). «Ես հպարտությամբ եմ ասում, որ զորային օղակի բուժանձնակազմերն իրենց առաքելությունը գերազանց են կատարել: Շատ դեպքերում արել են ավելին, քան իրենց պարտականություններն են: Անտեսելով վտանգը` նրանք արկակոծվող ճանապարհներով հասել են առաջնագիծ, կյանքի գնով տարհանել վիրավորներին: Առաջին օգնությունը, մարտադաշտից վիրավորների տարհանումը կատարվել են առանց ժամանակի կորստի: Ոչ մի վիրավոր չի տուժել բժշկի թերացման պատճառով: Բացթողումներ, առհասարակ, չեն արձանագրվել (թերևս միայն աննշան թերացումներ, որոնք անմիջապես շտկվել են): Եթե թեկուզ աննշան հույս եղել է, ծանր վիրավորն անպայման փրկվել է: Առանց չափազանցության գերազանց եմ գնահատում դիվիզիայի կազմի մեջ մտնող զորամասերի բուժանձնակազմերի ծառայությունը»:

Երիտասարդ բժիշկները, ովքեր արդեն անցել են պատերազմի թոհուբոհով, դժվարությամբ են պատմում իրենց կատարած աշխատանքի մասին, այնուամենայնիվ չեն մերժում խնդրանքս…

Զորամասի բուժկետի պետ, բուժծառայության կապիտան Վահե Ամիրյան

2005 թ.-ին Վահե Ամիրյանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: 2012 թ.-ին ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում` որպես բժիշկ-մասնագետ, 2015 թ.-ի հունիսից` ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում` որպես բուժկետի պետ:

– Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն արթնացա կրակոցների ձայներից: Թեպետ շարժ դեռևս նկատելի չէր, սակայն կրակոցների ինտենսիվությունից կարելի էր ենթադրել, որ դրանք շարունակական են լինելու: Մեր երկու բժիշկների` բ/ծ լեյտենանտ Անդրանիկ Եղիազարյանի, բ/ծ լեյտենանտ Արտակ Սարգսյանի և դեղատան պետ Արտակ Խաչատրյանի հետ անմիջապես գնացինք զորամաս: Այդ օրը հերթապահում էր զորամասի բուժծառայության պետ, բ/ծ կապիտան Ռուբեն Խաչատրյանը: Նա ներկայացրեց ընդհանուր իրավիճակը, ապա առաջացանք դեպի դիրքեր` հնարավոր վիրավորների քանակի, վիրավորման աստիճանի մասին հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով:

Ինչպես հայտնի է, հենց այդ գիշերը թշնամու հարձակումն առաջիններից մեկն իր վրա էր վերցրել մեր զորամասի N դիրքի անձնակազմը` վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ, անձնազոհաբար կռվել մինչև վերջին փամփուշտը… Հերոսաբար զոհվել էին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքային Քյարամ Սլոյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը: Ապա և մեծ ջանքերի գնով կրկին ազատագրվել էր թշնամու կողմից գրավված կարևոր նշանակություն ունեցող դիրքը:

Հենց նույն գիշերը կապիտան Ուրֆանյանի մարմինը վտանգավոր գոտուց դուրս է բերել մեր զորամասի բուժծառայության պետ Ռուբեն Խաչատրյանը` հետախուզական վաշտի զինվորների օգնությամբ:

…Ապրիլի 3-ին վիրավորվեց ժամկետային զինծառայող Անդրեյ Վարդումյանը` մեր առաջին վիրավորը (ողնաշարի շրջանում ծանր վիրավորում էր ստացել), ով դեռ շարունակում է վերականգնողական բուժում ստանալ: Նույն օրը մարտական դիրքում ունեցանք ևս մեկ վիրավոր…

Այդ գերլարված օրերի ընթացքում բուժանձնակազմը ոչ մի վայրկյան խուճապի չմատնվեց: Բուժակները, սանհրահանգիչներն անմիջապես առաջնագծում առաջին օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, մենք` բժիշկներս, ընդառաջ էինք գնում, անհրաժեշտության դեպքում կրկնակի ցավազրկում իրականացնում, ապա տարհանում: Ողջ բուժանձնակազմը ծառայել է մեծ պատրաստակամությամբ ու նվիրումով: Ամեն ինչ արվել է, որպեսզի վիրավորները հնարավորինս արագ տարհանվեն, և գրեթե բոլոր դեպքերում անգամ «ոսկե ժամը» չլրացած` նրանց որակավորված բուժօգնություն է ցուցաբերվել Մարտակերտի ԱԲՋ-ից մեզ ընդառաջ եկած բժիշկների կողմից:

Կցանկանայի առանձնահատուկ խոսել մեր բուժակների` Կարեն Նիկոլյանի և Ալիկ Հայրապետյանի մասին (հեղ.` մեր այցելության ժամանակ բուժակները մարտական հենակետերում էին): Նրանք ևս իրենց մասնագիտական պարտքը փայլուն են կատարել: Կարեն Նիկոլյանը մեծ թվով վիրավորների առաջին օգնություն է ցուցաբերել և տարհանել, իսկ Ալիկ Հայրապետյանը, մասնագիտական պարտականություններից բացի, նաև մասնակցել է մարտական գործողության (եղել է այն խմբի կազմում, որն ազատագրել է թշնամու զավթած դիրքը):

Յուրաքանչյուր ոք հստակ պատկերացրել է իր անելիքը և այնքան հմտորեն է կատարել պարտականությունը, ասես մեկ անգամ արդեն անցել էր պատերազմի միջով:

Ես հպարտ եմ, որ ոչ միայն մեր բուժանձնակազմը, այլև տարբեր զորամասերում ծառայող զինվորական բժիշկները պատվով են կատարել խնդիրը:

Այս պատերազմը նաև կոփեց մեզ… Սակայն չէի ցանկանա, որ այն երբևէ կրկնվեր, և մեզ հաջորդող սերունդը ևս ստիպված լիներ կրել պատերազմի դժվարությունը:

Բժիշկ-մասնագետ, բ/ծ լեյտենանտ Անդրանիկ Եղիազարյան

2000 թ.-ին Անդրանիկ Եղիազարյանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2006-2010 թվականներին կլինօրդինատուրա է անցել` պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ: 2013 թ.-ից աշխատել է «Արաբկիր» բժշկական համալիրում` որպես պլաստիկ վիրաբույժ: 2014 թ.-ին զորակոչվել է ԶՈՒ` ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում:

– 2014 թ.-ից ծառայության եմ անցել զինված ուժերում և որպես երկտարեցի բժիշկ` ծառայում եմ այս զորամասում: Այս ողջ ժամանակահատվածում, պայմանավորված հակառակորդի հաճախակի ոտնձգություններով, գրեթե միշտ անհանգիստ ու լարված սահման ենք ունեցել: Սակայն ապրիլյան պատերազմը տարբերվեց իր ծավալով, վիրավորների քանակով, և այդ առումով, կարելի է ասել, անակնկալ էր… Բժիշկը կոփման երկար ճանապարհ է անցնում և ցանկացած բարդ ու ծանր իրավիճակում պարտավոր է և կարողանում է սառնասիրտ լինել, մտածել միայն ու միայն հիվանդին (վիրավորին) փրկելու մասին: Սակայն նմանօրինակ դեպքերում չափազանց կարևոր է անմիջական ղեկավարների` բուժծառայության պետի, բուժկետի պետի հրահանգավորումը, ուժերի ճիշտ բաշխումը, որոնք էլ խնդիրը հաջողությամբ կատարելու կարևոր նախապայմաններից են:

Զորամասի հրամանատարության ճիշտ մարտավարության շնորհիվ մեր վիրավորների թիվն անհամեմատ փոքր էր, սակայն լարվածությունը պահպանվեց մի քանի օր շարունակ: Այդ ողջ ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելուն զուգընթաց` մենք ամեն վայրկյան պատրաստ էինք իրադարձությունների ցանկացած զարգացման: Պատերազմական իրավիճակում բուժծառայությունն աշխատում է խիստ համակարգված, ներդաշնակ, ինչպես մեկ օրգանիզմ: Որպես պլաստիկ վիրաբույժ` պատրաստ էի հրամանի` անհրաժեշտության դեպքում տեղափոխվել դեպի այլ ուղղություն, որտեղ կլիներ իմ մասնագիտական բուժօգնության անհրաժեշտությունը:

…Ապրիլյան պատերազմի ժամանակ ականատես եղանք մի երևույթի, որը մասնագիտական առումով բավականին հետաքրքիր է: Նախքան մարտական գործողությունների սկիզբը զորամասի բուժանձնակազմի աշխատանքը բավականին լարված էր, քանի որ ինչպես հայտնի է, մարտ-ապրիլ ամիսներին, պայմանավորված փոփոխական եղանակով, ակտիվանում են սուր շնչառական վարակները: Փորձը ցույց է տվել, որ բոլոր աղետային, սթրեսային իրավիճակներում մարդու օրգանիզմը գերհատկություններ է ձեռք բերում, և հիվանդացության աստիճանը նվազում է: Պատահական չէ, որ մարտական գործողությունների ժամանակ սուր շնչառական վարակները կտրուկ նվազեցին:

Հետադարձ հայացք ձգելով` կարող եմ ասել, որ կարողացել ենք խնդիրը լիարժեք կատարել, սակայն չեմ կարող առանձնացնել որևէ գործոն, որն ավելի շատ է նպաստել հաջողությանը…

Մեզ համար ոգևորիչ էին նաև ժողովրդի համախմբումը, այն դրական ազդակները, ջերմությունը, որոնք ուղղված էին բանակին: Հաճախ զուգահեռներ են անցկացվում նախորդ պատերազմի հետ: Ընդհանրություններից մեկը, թերևս, ժողովրդի համախմբումն էր:

Բժիշկ-մասնագետ, բ/ծ լեյտենանտ Արտակ Սարգսյան

2005 թ.-ին Արտակ Սարգսյանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2011-1014 թվականներին կլինօրդինատուրա է անցել` քիթ-կոկորդ-ականջաբան (օտորինոլարինգոլոգ) մասնագիտությամբ: Միաժամանակ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես ֆոնիատոր: 2014 թ.-ի սեպտեմբերից աշխատել է Գյումրու բժշկական կենտրոնում: Նույն թվականի դեկտեմբերից զորակոչվել է ԶՈՒ՝ ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում` որպես բժիշկ-մասնագետ:

– Ապրիլյան պատերազմից մեզ արդեն ամիսներ են բաժանում, սակայն այսօր էլ հիշում ու դրվագ առ դրվագ վերլուծում ենք այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես՝ բուժանձնակազմի աշխատանքը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված մարտական գործողություններն իսկապես աննախադեպ էին բոլոր առումներով:

…Հիշում եմ, երբ հերթական վիրավորին տեղափոխում էինք մարտական դիրքից, նայեցի քաղաքին. գիշերային Մարտակերտը գնդակոծվում էր և ամբողջությամբ լույսերի մեջ էր: Իրականությունը ֆիլմ էր հիշեցնում:

Եթե փորձենք վերլուծել զորամասի բուժանձնակազմի ծառայությունը, պետք է փաստենք, որ թիմային աշխատանքի, պարտականությունների գիտակցման, միմյանց օգնելու պատրաստակամության, մասնագիտական կարողությունների, ինչպես նաև մարդկային որակների շնորհիվ կարողացել ենք խնդիրը կատարել հաջողությամբ: Հստակ գիտակցելով վտանգը` ոչ ոք ոչ մի վայրկյան չի վարանել վիրավորին ընդառաջ գնալիս: Բոլորիս նպատակը մեկն էր`անհապաղ հասնել, փրկել…

Դեպի դիրքեր տանող ճանապարհներն անընդհատ արկակոծվում էին, և շատ հաճախ սանիտարական մեքենան ընթանում էր առանց լույսերի և մեծ արագությամբ: Մեր սանիտար-վարորդներն այդ դժվարին իրավիճակներում երբեք խուճապի չեն մատնվել:

Ապրիլյան փորձությունը կարողացանք պատվով հաղթահարել և այսօր էլ ոչ մի վայրկյան չենք թուլացնում զգոնությունը: Պատրաստ ենք ցանկացած իրավիճակում կատարել մեր խնդիրը:

Հասմիկ Գյոզալյան

  • 4
  • 3
  • 2
  • 1
  • 5