«Հիվանդն է ընտրում իր բժշկին, և դա նրա իրավունքն է»

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանին հանդիպեցինք ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ում. նա 2010 թ.-ից աշխատել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, տարեկան կատարել մոտ 450-500 վիրահատություններ, անմիջականորեն մասնակցել կենտրոնում իրականացվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին և այսօր միակ մասնագետն է Հայաստանում, ով ախտորոշիչ նպատակով ներդրել և կիրառում է ֆերտիլոսկոպիայի մեթոդը:

Արմեն Գասպարյանը վերապատրաստվել է Փարիզի Կրիմլեն-Բիսետղը համալսարանական կենտրոնական կլինիկայում՝ «Կոնքի հատակի վիրաբուժություն, սեռական օրգանների իջեցումների, արտանկումների կորրեկցիա ցանցերի և ժապավենների միջոցով և էնդոսկոպիկ գինեկոլոգիա», Փարիզի «Ժորժ Պոմպիդու» եվրոպական կլինիկայում՝ «Օնկոգինեկոլոգիա, կրծքագեղձի վիրաբուժություն և էնդոսկոպիկ գինեկոլոգիա», Ֆրանսիայի «Կլերմոն-Ֆերրան» էնդոսկոպիկ վիրաբուժության միջազգային կենտրոնում՝ «Ժամանակակից մեթոդները էնդոսկոպիկ գինեկոլոգիայում», Թբիլիսիի «Կառլ Շտորց» ուսումնական կենտրոնում՝ «Ժամանակակից ասպեկտները էնդոսկոպիկ գինեկոլոգիայում», «Ներարգանդային վիրաբուժություն» և այլ ծրագրերով: Մասնակցել է բազմաթիվ գիտագործնական գիտաժողովների, սեմինարների, գիտական կոնֆերանսների և միջազգային գիտաժողովների:

2014 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Ֆերտիլոսկոպիայի կիրառումը անպտղությամբ տառապող կանանց մոտ» թեմայով:

2015 թ. դեկտեմբերին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության՝ Մեխակավանի ԱԲՋ-ում նշանակվելով որպես բժիշկ-գինեկոլոգ:

– Մարզային առողջապահությունը զարգացնելու, սահմանամերձ գյուղերի բնակիչներին մասնագիտական բուժօգնությամբ ապահովելու նպատակով Հայաստանի և Արցախի մարզերում, սահմանամերձ բնակավայրերում պարբերաբար սոցհարցումներ են իրականացվում համապատասխան մարմինների կողմից: Մեխակավանում անցկացված հարցումների ընթացքում տեղի բնակիչներից շատերը (հիմնականում՝ կանայք) հայտնել են, որ իրենց բնակավայրում գինեկոլոգի և մանկաբույժի ծառայություններին դիմելու հնարավորություն չունեն: Երբ նշանակվեցի այստեղ, գիտակցում էի իմ ծառայության կարևորությունը: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է մշտապես հոգածության, ուշադրության կենտրոնում լինեն. օգնելով նրանց՝ սահմանն ավելի է ամրանում,- զրույցի ընթացքում նշեց Արմեն Գասպարյանը:

– Ինչպե՞ս է ընթանում ծառայությունը Մեխակավանի ԱԲՋ-ում:

– Այստեղ ծառայելու ութ ամիսների ընթացքում գինեկոլոգի դիմել է երկու կին: Առաջին կնոջը բուժում եմ նշանակել, փորձել օգնել խորհուրդներով, երկրորդին՝ ուղեգրել այլ բուժհաստատություն (լրացուցիչ գինեկոլոգիական միջամտություններ էին անհրաժեշտ, իսկ մեզ մոտ համապատասխան նյութատեխնիկական հնարավորություններ չկան, և կարծում եմ՝ ԱԲՋ-ն այդ սարքավորումներով ծանրաբեռնելու անհրաժեշտություն էլ չկա):

– Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, դիմողների թիվն այդքան «տպավորիչ»:

– Պատճառները տարբեր են: Հադրութի հանրապետական հիվանդանոցը մոտ է Մեխակավանին, և շտապ դեպքերում կանայք նախապատվությունը տալիս են այնտեղ համալիր հետազոտություններ, բուժզննում անցնելուն: Հղի կանայք հղիության որոշակի ժամանակահատվածում՝ մոտավորապես 30-րդ շաբաթից հետո, սովորաբար տեղափոխվում են իրենց հարազատների մոտ և վերադառնում երեխայի ծննդից շաբաթներ կամ ամիսներ անց, և նրանց զգուշավորությունը նույնպես ինչ-որ առումով արդարացված եմ համարում, որովհետև եթե վաղաժամ ծննդաբերություն լինի, ես՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կարող եմ ընդունել ծնունդը, սակայն ո՞ւմ խնամքին հանձնեմ նորածնին (մանկաբույժ, մանկական ռեանիմատոլոգ և այլ մասնագետներ այստեղ չկան): …Եվ իհարկե անվստահությունը բժշկի նկատմամբ. մեր հասարակության գիտակցության մեջ կա այդ մտայնությունը. այն բժշկին, ում չեն ճանաչում, չեն վստահում և նախընտրում են դիմել իրենց ծանոթ մասնագետներին:

– Որպես բժիշկ-գինեկոլոգ, անշուշտ, Ձեր այցելուների շրջանակն ունեք. նրանք դիմո՞ւմ են այլ մասնագետների, երբ Դուք բացակայում եք քաղաքից:

Շատ հաճախ, որքան էլ խորհուրդ եմ տալիս այս կամ այն բժշկին դիմել, որքան էլ վստահեցնում եմ, որ նրանք նույնպես բարձրակարգ մասնագետներ են, միևնույնն է, սպասում են ինձ: Վերադառնալով Երևան՝ ընդունում եմ նրանց, ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնությունը, վիրահատություններ կատարում, սակայն ես պատասխանատու եմ նաև հիվանդի հետվիրահատական ապաքինման համար և չեմ կարող, վիրահատելով հիվանդին, թողնել նրան դեռևս լիովին չապաքինված և ծառայության վերադառնալ: Չընդունել հիվանդին նույնպես չեմ կարող: Հիվանդն է ընտրում իր բժշկին, և դա նրա իրավունքն է:

– Պարոն Գասպարյան, ծանոթանալով Ձեր կենսագրությանը՝ կարող ենք փաստել, որ բավականին ակտիվ մասնագիտական և գիտական գործունեություն եք իրականացրել նախքան զորակոչվելը. ի՞նչ ծրագրեր են իրականացվելու զինվորական ծառայությունից հետո:

– Զորակոչվելուց երկու ամիս առաջ սկսել էի ուսումնասիրություններ կատարել՝ ֆերտիլոսկոպիայի մեթոդի վիրաբուժական տարբերակը Հայաստանում ներդնելու ուղղությամբ (նյութը, հնարավոր է, հետագայում իմ դոկտորական ատենախոսության թեման դառնա): Լինելով արտերկրի նշանավոր կլինիկաներում՝ ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու և աշխատելու ոլորտի լավագույն մասնագետների հետ, յուրացնելու նրանց փորձը: Ուսումնասիրում եմ համաշխարհային բժշկագիտության նորամուծությունները և պետք է փորձեմ իմ ներդրումն ունենալ մեր հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման գործում:

Էդիտա Մելքոնյան