«…ես տեսել եմ Ձեր և Ձեր բուժանձնակազմի անձնուրաց ծառայությունը…»

Օրերս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կայքին նամակ են հղել Ռուբեն Սարգսյան և Սմբատ Տեր-Սարգսյան եղբայրները, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, վիրաբույժ Դանիել Մկրտչյանին և հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմին: Ստորև ներկայացնում ենք այն:

«Հարգելի՛ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»,

օգտվելով Ձեր կայքի և ֆեյսբուքյան էջի ընձեռած հնարավորությունից՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, վիրաբույժ Դանիել Մկրտչյանին և հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմին: Նրանք յուրաքանչյուր հիվանդ կամ վիրավոր զինծառայողի ընդունում են հարազատի նման և իրենց մասնագիտական պարտքը անթերի կատարելով՝ բուժում, շարք են վերադարձնում նրանց:

Որդիս ծառայում է ՊՆ N զորամասում. ունենալով առողջական խնդիրներ՝ տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունք և լիովին ապաքինված՝ շարք վերադարձել: Եղբորս որդին ծառայել է մեկ այլ զորամասում. Դանիել Մկրտչյանը, վիրահատելով նրան, փրկել է նրա առողջությունը: Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բուժանձնակազմը տարածաշրջանում մեծ հեղինակություն, մեծ հարգանք է վայելում… և իրավացիորեն:

Հարգելի՛ Դանիել Մկրտչյան, ես տեսել եմ Ձեր և Ձեր բուժանձնակազմի անձնուրաց ծառայությունը, բարությունն ու նվիրումը, մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Դուք իսկապես անգնահատելի ծառայություն եք մատուցում մեր բանակին: Մաղթում եմ Ձեզ խաղաղ, անամպ ծառայություն, բարեկեցիկ ապագա. եղե՛ք առողջ, երջանիկ: Դուք եք մեր զինվորների ապավենը, երբ նրանք հիվանդ են կամ վիրավոր:

Խորին երախտագիտությամբ և հիացմունքով՝

եղբայրներ Ռուբեն Սարգսյան և Սմբատ Տեր-Սարգսյան»