«Բժիշկները հերոսական պայքար էին մղում՝ հանուն կյանքի»

ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, կրծքային վիրաբույժ, բուժծառայության լեյտենանտ Գոռ Գեղամյանի մասին ինձ պատմել էին դեռ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում. նա այն երիտասարդ բժիշկներից է, ով Արցախյան ազատամարտի մասնակից վիրաբույժների հետ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գործուղվել է Մարտակերտ, իր մասնագիտական պարտքը կատարել առանձին բժշկական ջոկատում:

Այցելելով Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ` նրա հետ զրուցելու հնարավորություն ունեցա:

Գոռ Գեղամյանը 2005 թ.-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հետբուհական կրթությունը (կլինիկական օրդինատուրա) շարունակել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` կրծքային վիրաբուժություն մասնագիտությամբ: Վերապատրաստվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի Մյուններշտատ քաղաքի թորակալ (կրծքային) վիրաբուժության կենտրոնում, վերադարձից հետո կրթությունը շարունակել է կլինօրդինատուրայում, իսկ 2015 թ.-ի հունվարից զորակոչվել է ԶՈՒ` որպես երկտարեցի բժիշկ ծառայության անցնելով Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական պարտքը նվիրումով կատարելու համար Գոռ Գեղամյանը պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:

– Պարո՛ն լեյտենանտ, եթե զինվորական բժշկի համար միանգամայն կանխատեսելի է իր անցնելիք ուղին, Դուք` որպես երկտարեցի բժիշկ, զորակոչվել եք Ազգային բանակ և Ձեր ծառայության ընթացքում առնչվել պատերազմին: Ավելին`ապրիլյան թեժ օրերին Դուք առաջիններից էիք, որ մեկնեցիք հյուսիսարևելյան սահման, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում: Վիրահատություններ կատարեցիք առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԱԲՋ-ում, ինչպես նաև ընդառաջ գնացիք կրակի գոտուց տարհանվող այն վիրավորներին, ովքեր ունեին Ձեր նեղ մասնագիտական բուժօգնության կարիքը…

– Ես ավելի հեռվից կսկսեմ: Գաղտնիք չէ, որ զինադադարի հաստատումից ի վեր երբեք երկարատև ու հաստատուն խաղաղություն չի եղել: Սակայն 2014 թ.-ի օգոստոսը սահմանային լարվածության առումով աննախադեպ էր: Այդ ժամանակահատվածը շատերը բնորոշեցին որպես միկրոպատերազմ: Դրան հաջորդեցին 2015 թ.-ի հունվարյան դիվերսիաները, մարտի 19-ը (hեղ.` 2015 թ.-ի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա), սեպտեմբերի 25-ը (հեղ.` 2015 թ.-ի սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկելՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը)… Այս տարվա ապրիլին էլ լարվածությունը հասավ գագաթնակետին: Եվ որքան էլ ծանր լիներ, որքան էլ մարտական գործողությունների ծավալները, վիրավորների հոսքն անսպասելի լինեին, բանակի բուժծառայությունն արդեն լուրջ փորձություններ էր հաղթահարել և պատրաստ էր դիմակայելու բոլոր դժվարություններին, ինչը երևի թշնամին չէր «նախատեսել»:

…Որպես կրծքային վիրաբույժ` նախքան զորակոչվելս առնչվել եմ տարաբնույթ խնդիրների հետ թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնագիտական վերապատրաստման ժամանակ, իսկ երբ ծառայության անցա, սկսեցի զբաղվել այնպիսի պաթոլոգիաներով, որոնք ինձ համար խորթ էին (այդ ամենի մասին միայն կարդացել էի դասագրքերում), քանի որ մարտական վիրավորումներն իրենց առանձնահատկություններն ունեն և էապես տարբերվում են: Զորակոչվելուց հետո` օրեր անց, տեղի ունեցան մարտի 19-ի դեպքերը: Ծանր վիրավորներ ունեինք: Ինձ համար դա «սառը ցնցուղ» էր, սակայն՝ միայն առաջին պահին. սկսեցի մեծ եռանդով աշխատել և ժամանակի ընթացքում թրծվեցի:

…Ապրիլի 2-ին գործուղվեցի Մարտակերտ, քանի որ այնտեղ մեծ էր իմ մասնագիտական բուժօգնության անհրաժեշտությունը, և որպես բժիշկ` ես պետք է այնտեղ լինեի: Այդ օրերին բժիշկները հերոսական պայքար էին մղում՝ հանուն կյանքի: Վիրավորների թիվն աննախադեպ էր: Շատ էին ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները: Կատարվեցին մեծ թվով բարդ վիրահատություններ:

Ես կցանկանայի առանձնահատուկ հնչեցնել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի այն բժիշկների անունները, ովքեր աչքի ընկան իրենց նվիրումով ու պատրաստակամությամբ: Ինձ հետ Մարտակերտ գործուղվեցին փորձառու վիրաբույժ, բ/ծ մայոր Արշակ Գասպարյանը, վնասվածքաբան, բ/ծ լեյտենանտ Աշոտ Հարությունյանը, Մեխակավանի ԱԲՋ-ում իր մասնագիտական պարտքը կատարեց վնասվածքաբան, բ/ծ լեյտենանտ Ջանիբեկ Աստեյանը, տեղում մեծ աշխատանք կատարեցին անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Միքայել Թարխանյանը, ավագ օրդինատոր, բ/ծ կապիտան Արմեն Հարությունյանը, օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Գուրգեն Մելքումյանը, նյարդավիրաբույժ, բ/ծ լեյտենանտ Վահագն Ալեքսանյանը:

…Պատերազմի օրերին մեկ անգամ ևս վերահաստատվեց հայ զինվորի, սպայի` ոչ մի թիզ հող չզիջելու վճռականությունը:

Մարտի դաշտում մեր տղաներն անօրինակ սխրանքներ գործեցին, աննահանջ պայքար մղեցին՝ հանուն դիրքի անառիկության, հանուն հայրենի սահմանների, օգնեցին վիրավոր ընկերոջը, հերոսացան… Ես հպարտությամբ ու հիացմունքով եմ խոսում նրանց մասին:

– Գաղտնիք չէ, որ բժշկությունն աննախադեպ արագությամբ է զարգանում, և այսօր ժամանակին համընթաց քայլելը, ոլորտի նվաճումներին հաղորդակից լինելը, կարծում եմ, պահանջ են յուրաքանչյուր մասնագետի համար: Ձեր կենսագրության մեջ ուշագրավ է այն փաստը, որ մասնագիտական վերապատրաստում եք անցել բժշկության ոլորտում առաջատար համարվող երկրներից մեկում: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն Ձեզ համար:

– Մասնագիտական վերապատրաստման դերը, անշուշտ, չափազանց մեծ է ոլորտի նվաճումներին, առաջատար մասնագետների փորձին, վիրաբուժական նորարարական մեթոդներին ծանոթանալու, նոր գիտելիքներ, հմտություններ, փորձառություն ձեռք բերելու առումներով: Դա ժամանակի պահանջն է: Վերապատրաստվելու ամիսների ընթացքում զբաղվել եմ բացառապես կրծքավանդակի օրգանների պաթոլոգիայով, առնչվել առանձնահատուկ բարդ դեպքերի, օրինակ` մեզոթելիոմայի (պլևրայի չարորակ ուռուցք) հետ, որի առաջացման գլխավոր պատճառը ազբեստի հետ շփումն է: Այդ ծանր հիվանդության դեմ պայքարն ամբողջ աշխարհում և հատկապես Եվրոպայում (Հայաստանում հազվադեպ հանդիպող հիվանդություն է) խիստ մտահոգիչ, լուրջ հիմնախնդիր է: Կատարվում են ծանր, հետվիրահատական բարդություններ ունեցող վիրահատություններ, (հեռացվում են կրծքավանդակի օրգանները` սկսած սրտապարկից, դիաֆրագմայից, կրծքավանդակը պատող թաղանթից մինչև թոքը), որոնց հաջորդում են նաև քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման փուլերը:

Վերապատրաստման ամիսներն իսկապես հագեցած էին: Գերմանիայից վերադառնալուց հետո էլ ես մեկ անգամ ևս արժևորեցի հայ վիրաբույժների աշխատանքը, քանի որ աշխատելով միանգամայն տարբեր պայմաններում՝ նրանք իրենց աշխատանքի արդյունավետությամբ չեն զիջում օտարերկրյա գործընկերներին:

Հասմիկ Գյոզալյան