«…մենք կարծես գնում ենք այն ճանապարհով, որով մեր ծնողներն են անցել»

Մեր զրուցակիցն է ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի բուժկետի բժիշկ-ատամնաբույժ, ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը:

– 2014 թվականի հուլիսի 28-ից արցախա-ադրբեջանական սահմանագծում իրավիճակը լարվել էր: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը հետախուզադիվերսիոն գործողություն էր ձեռնարկել Մարտակերտի ուղղությամբ, ու թեև զոհեր, վիրավորներ տալով՝ հետ էր շպրտվել, սակայն մենք էլ զոհեր ունեինք: Մարտունու, Ասկերանի, Գյուլիստանի ուղղությամբ նույնպես հարձակումներ էին եղել,- պատմում է Հայկ Սարգսյանը,- հայրս բարձրացել էր դիրքեր, ես զորամասում էի… իսկ օգոստոսի 3-ին պետք է հարսանիքս լիներ:

Արտերկրից բազմաթիվ հյուրեր ունեինք՝ բարեկամներ, ընկերներ. բոլորին ես էի հրավիրել և անհարմար էի զգում հետ ուղարկել: Միևնույն ժամանակ մեղավորության մի անբացատրելի զգացում տանջում էր ինձ: Անելանելի դրության մեջ էի: Ներկայացա զորամասի հրամանատարին և բացատրելով՝ ինչ իրավիճակում եմ, խնդրեցի մեկ օրով թույլ տալ բացակայել զորամասից: Ես նկատեցի, որ նա էլ հուզված էր. շնորհավորեց, բարեմաղթանքներ ասաց… ու թույլ տվեց: Օգոստոսի 3-ին հարսանեկան արարողությունը սկսվեց: Մարտակերտի փողոցներում, հրապարակներում Հայաստանի մարզերից, Երևանից եկած կամավորներ էին խմբվել: Եվ հանկարծ երևում է մեր ավտոշարասյունը՝ «հարսի»՝ արտասահմանյան նորաոճ, բաց մեքենայով: Բոլոր կողմերից ծափահարություններ, ուրախ բացականչություններ, շնորհավորանքի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր էին լսվում… ու սիրտս պայթում էր… Մարտակերտում պատերազմ է, իսկ ես ամուսնանում եմ…

…Երբ հարսանեկան տոնակատարությունն ավարտվեց, հայրս վերադարձավ դիրքեր: Օրեր շարունակ չդադարող զանգեր, շնորհավորանքներ էինք ստանում աշխարհի տարբեր ծայրերից: Նույնիսկ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ էին գրել մեր մասին. «Արցախում պատերազմ է: Սակայն կյանքը շարունակվում է, և նորակազմ ընտանիքները հայ ժողովրդի հավերժության, Արցախի անպարտելիության խորհրդանիշ են դառնում»:

Հայկ Սարգսյանի հետ զրույցի ընթացքում այս բացառիկ պատմությունը միակ անակնկալը չէր…

– Ես ծնվել եմ կաթնատամով,- ժպտում է բժիշկը,- տատս ասում էր. «Սա նշան է. տղան ատամնաբույժ է դառնալու»: Եվ չէր սխալվում. 2004 թ. ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի Ստեփանակերտի համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ:

2006-2008 թթ. որպես ժամկետային զինծառայող՝ БМ-21-ի հրամանատար, կրտսեր սերժանտ, ծառայել եմ ԼՂՀ պաշտպանության բանակում:

Զորացրվելուց հետո շարունակել եմ ուսումը, ապա ընդունվել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կլինօրդինատուրան՝ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ: Երբ ավարտեցի կլինօրդինատուրան, Երևանում ինձ աշխատանք առաջարկեցին, սակայն նախընտրեցի վերադառնալ Արցախ՝ իմ տուն:

Մեր գյուղը՝ Մոխրաթաղը, Մարտակերտի շրջանում է գտնվում՝ Թարթառ գետի միջին հոսանքում: Պապս պատմում էր՝ ինչպես են քոչվոր ցեղերը ներխուժել ու ասպատակել մեր գյուղերը, սպանել անզեն բնակիչներին, գերելով 9 հայի՝ կապել են ու հրկիզել. ասում են՝ նրանց մոխիրը քամին փռել է ձորի ստորոտում. այդտեղ է կազմավորվել մեր գյուղը և որպես հիշատակ անմեղ նահատակների՝ կոչվել Մոխրաթաղ: Հետագայում այն վայրում, որտեղ այրել են նրանց, մարդիկ սրբատաշ քարերով եկեղեցիներ են կառուցել և կոչել «Ինն մաս»: Այսօր այդ կառույցից ավերակներ, կիսաքանդ պատեր են մնացել, որոնք, սակայն, սրբավայր են դարձել տեղաբնակների և հյուրերի համար:

Լսելով բժշկին՝ ինքս ինձ հիշեցնում եմ՝ ինչու եմ այցելել զորամաս… Ու հետաքրքրվում եմ՝ ինչպես է նա կրկին ծառայության անցել զորային օղակում. ո՛չ զինվորական բժիշկ է, ո՛չ երկտարեցի զինծառայող:

– Վերադառնալով Երևանից՝ գնացի ԼՂՀ պաշտպանության նախարարություն և համապատասխան մարմիններին ներկայացրի խնդրանքս. «Ուզում եմ համալրել բանակի շարքերը»: ՊԲ ռազմաբժշկական բաժնի պետ Հրաչ Եգորյանը, ծանոթանալով փաստաթղթերիս, ասաց, որ հոսպիտալներում և առանձին բժշկական ջոկատներում ատամնաբույժի թափուր հաստիքներ չկան, և առաջարկեց ծառայության անցնել զորային օղակում: Ես համաձայն էի: Նշանակվեց հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ (2014 թվականն էր). հաջողությամբ հանձնելով այդ «քննությունը» նույնպես և ստանալով լեյտենանտի կոչում՝ որպես բուժկետի բժիշկ-ատամնաբույժ ծառայության անցա Արցախի հարավարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում:

Օրերի ընթացքում զորամասի հրամանատարի հանձնարարականով բուժկետում տարածք հատկացվեց, Հրաչ Եգորյանը տրամադրեց անհրաժեշտ սարքավորումները, և սկսեցի աշխատել՝ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ, ատամների բուժում կամ հեռացում. այն ամենը, ինչ կարող եմ և իրավասու եմ կատարել զորային օղակում:

…Գաղտնիք չէ, որ այսօր ստոմատոլոգիական տարբեր հիվանդություններ առաջանում են դեռևս վաղ տարիքում՝ և ոչ միայն բերանի խոռոչի հիգիենայի կանոններին չհետևելու պատճառով. գոյություն ունեն բազմաթիվ այլ գործոններ, որոնք նույնպես անմիջականորեն ազդում են ատամների, բերանի խոռոչի առողջության վրա (սնունդ, ծխախոտ, նյարդային համակարգ և այլն), իսկ այդ հիվանդությունների առաջացման վաղ շրջանում բժշկին չդիմելու և անհրաժեշտ բուժօգնությունը ժամանակին չստանալու հետևանքով հաճախ կանգնում ենք անցանկանալի երևույթի առջև՝ երիտասարդ տարիքում մշտական ատամների հեռացում:

Զորային օղակում ինձ դիմել են երիտասարդ զինվորներ, ովքեր զորակոչվել են՝ 5 կամ 6 ատամները հեռացված: Սահմանված կարգով նրանց բժշկական փաստաթղթերը ներկայացվել են վերադաս օղակներին, և հրամանատարների թույլտվությամբ, հանձնարարականներով նշանակվել են բուժական արձակուրդի օրեր: Հիվանդն ուղեգրվել է ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ինչպես նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ հեռացված ատամների փոխարեն պրոթեզներ տեղադրելու համար: Եվ վերադառնալով Երևանից՝ զինծառայողներն իրենց հիացմունքն են արտահայտել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ստոմատոլոգիական բաժանմունքի բուժանձնակազմի և նրանց ցուցաբերած բուժօգնության վերաբերյալ, խոստովանել են, որ գուցե իրենք, նյութական հնարավորություններ չունենալով, չկարողանային այդպիսի որակյալ պրոթեզներ տեղադրել:

…Սակայն զորային օղակում իմ գործունեությունը չի սահմանափակվում միայն ստոմատոլոգիական ծառայություններ մատուցելով: Անհրաժեշտության դեպքում բարձրանում եմ մարտական հենակետեր, զինվորների կողքին մարտական հերթապահություն իրականացնում (առավելագույնը՝ 14-15 օր), և երբ վերադառնում եմ բուժկետ, պարզվում է, որ այդտեղ էլ հիվանդներիս «բանակն» է ինձ սպասում:

Պատմությունը կրկնվո՞ւմ է…

– Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, հայրս՝ որպես ազատամարտիկ, համալրեց կամավորների շարքերը և մինչև հրադադարի կնքումը զենքը վայր չդրեց: 1992 թվականից մասնակցել է Մարտակերտի ինքնապաշտպանական-ազատագրական թեժ մարտերին: Այնուհետև շուրջ 25 տարի ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում:

Մայրս, ճիշտ է, բժշկական կրթություն չուներ, բայց եթե մեր գյուղում մեկը հիվանդանում էր կամ իրեն վատ էր զգում, առաջինը մորս էին կանչում: Ես գնում էի նրա հետ, տեսնում՝ ինչպես էր օգնում հիվանդին, ինձ հանձնարարություններ էր տալիս:

…Այսօր, երբ հիվանդին կամ վիրավորին օգնելու համար բարձրանում ենք մարտական հենակետեր, հիշում եմ՝ ինչպես էր մայրս հասնում իր հիվանդին, ինչպես էր հայրս իր մարտական ընկերների մոտ շտապում… Ու մտածում եմ, որ պատմությունը իսկապես կրկնվում է. մենք կարծես գնում ենք այն ճանապարհով, որով մեր ծնողներն են անցել ու մեզ համար նախանշել:

Էդիտա Մելքոնյան