«Նրանք իրենց ցավն անտեսում էին, հաղթում նաև ցավին»

Ապրիլյան պատերազմի օրերին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի միջին բուժանձնակազմը ևս աչքի ընկավ անձնուրաց աշխատանքով և նվիրումով, մասնագիտական պարտքը կատարեց արժանապատվորեն:

«Քանի որ միջին բուժանձնակազմը հիմնականում տեղացիներ են, գրեթե բոլորն առաջնագծի ամենաթեժ հատվածներում հարազատներ ունեին՝ ամուսին, եղբայր ու զավակ: Մենք բավականին մոտ ենք առաջնագծին, արկերի՝ անընդհատ լսվող ձայնը, պատերազմի շունչն ուղղակի ազդեցություն էին ունենում բոլորիս վրա: Երբ արկակոծվեց Մարտակերտ քաղաքը, ԱԲՋ-ին բավականին մոտ տարածության վրա ևս արկեր ընկան, սակայն անգամ այդ պայմաններում կին բուժաշխատողներն արիաբար կատարեցին իրենց պարտականությունները»,- գնահատելով բուժհաստատության միջին բուժանձնակազմի ծառայությունը` մեզ հետ զրույցի ժամանակ նշել էր ԱԲՋ-ի հրամանատար, բուժծառայության մայոր Խորեն Ազարյանը:

Միջին բուժանձնակազմի ծառայությունը բարձր է գնահատվել վերադաս հրամանատարության կողմից, և նրանցից շատերն արժանիորեն պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Մեր զրուցակիցը ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի թերապևտիկ բաժանմունքի, ԱԲՋ-ի հրամանատարի հրամանով` նաև առանձին բժշկական ջոկատի ավագ բուժքույր, ավագ ենթասպա Նաիրա Օհանյանն է:

Նա ծննդով Մարտակերտի Հաթերք գյուղից է, ԱԲՋ-ի ամենաերկարամյա բուժաշխատողը. 1997 թվականից ծառայության է անցել առանձին բժշկական ջոկատում, երբ այն տեղակայված էր Ալաշանում, ծառայողական կենսագրության ընթացքում աչքի է ընկել լավագույն որակներով, անձնուրաց աշխատանքով, նվիրումով:

Հաղթեցին մահին…

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը` 02:30-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ինձ զանգահարեցին և շտապ կանչեցին բուժական մասնաշենք: Բնականաբար, անմիջապես կռահեցի, որ վիրավոր ունենք: Րոպեներ անց ԱԲՋ-ի հրամանատարի` բուժգծով տեղակալ Սուրեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրավիճակն ավելի լուրջ է, և ամբողջ անձնակազմը պետք է պատրաստ լինի: Կարճ ժամանակահատվածում ամբողջ բուժանձնակազմն ԱԲՋ-ում էր, յուրաքանչյուրը պատրաստ` իր պարտականությունները կատարելուն:

Ժամեր անց ընդունեցինք մեր վիրավորներին. առաջինը Թալիշի գյուղապետն էր, ով միջին ծանրության վիրավորում ուներ, ապա գրեթե միաժամանակ ընդունեցինք կապիտան Հովսեփ Կիրակոսյանին և պայմանագրային զինծառայող Էրիկ Բաբայանին: Երկուսն էլ ծայրահեղ ծանր վիճակում էին: Հովսեփ Կիրակոսյանի վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին, և չնայած բժիշկների ջանքերին, անզիջում պայքարին, ցավոք, նրան փրկել չհաջողվեց:

Էրիկ Բաբայանի վիրահատությունը տևեց 6-8 ժամ: Մայրը, եղբայրն այստեղ էին` վիրահատարանի դռների մոտ… Ծանր էր հարազատների վիշտը տեսնելը, միաժամանակ պարտավոր էինք սփոփանքի խոսքեր գտնել, մխիթարել նրանց: Բժիշկները ժամեր շարունակ պայքարեցին նրա կյանքը փրկելու համար և հաղթեցին մահին: Ես տեսել եմ և այսօր էլ ամեն վայրկյան հիշում եմ Էրիկի վնասվածքները: Նա ապրեց, և դա հրաշքի է նման: Էրիկն ինձ համար ապրելու պայքարի խորհրդանիշ է…

Բուժքույրերը ևս հերոսական աշխատանք կատարեցին…

…Առաջին վիրավորներին ընդունելուց հետո հոսքը սկսվեց: Կրակոցների ձայները սարսափելի էին: Ես երկար տարիներ աշխատում եմ որպես բուժքույր և զինադադարից հետո այդպիսի իրավիճակ չեմ հիշում:

Վիրավորները շատ էին… Հիմա դժվար է այդ մասին խոսելը, դժվար է անգամ հիշելը: Ընդունարանում, միջանցքում, ամենուր վիրավորներ էին պառկած: Հիմա զարմանում եմ, թե ինչպես հնարավոր եղավ անցնել այդ ամենի միջով:

Մեր բժիշկները, ինչպես նաև բուժքույրերը, մայրապետները հերոսական աշխատանք կատարեցին: Ես չափազանց բարձր եմ գնահատում բոլորի ծառայությունը:

Վիրահատարանի բուժքույրեր Լիաննա Էմիրյանը, Կամելա Գրիգորյանը, Սիրուն Ստեփանյանը, Նաիրա Հայրապետյանը, մեզ հետ նաև բուժքույր Հեղնար Պետրոսյանն օրեր շարունակ վիրահատարանից դուրս չենք եկել…

Մարտական ոգին բարձր էր

Անկախ ամեն ինչից` անձնակազմի մարտական ոգին բարձր էր` շնորհիվ ԱԲՋ-ի հրամանատար Խորեն Ազարյանի, ով ամեն րոպե գոտեպնդում էր մեզ: Անընդհատ մոտենում էր, զրուցում` թույլ չտալով, որ որևէ մեկը ընկճվի… Իսկապես, ոչ մեկի մեջ վախ չկար, բոլորն ինքնամոռաց վազում էին դեպի վիրավորները:

Անընդհատ հիշում եմ մեր մայրապետներից Վալենտինա Գրիգորյանի խոսքերը. անգամ այդ դժվարին պահերին ասում էր, որ եթե անհրաժեշտ լինի, կգնա առաջնագիծ, կկանգնի զինվորի կողքին:

Երբեմն, սակայն, զգացմունքները հաղթում էին: Երբ նկատում էի, որ բուժքույրերից որևէ մեկն արտասվում է, սաստում էի` ասելով, որ արցունքները ոչնչով չեն օգնի: Պարտավոր էինք սառնասիրտ լինել: Ինքս քարացել էի… այդ օրերի ընթացքում կարծես ինչ-որ գերմարդկային հատկություններ էի ձեռք բերել:

…Իրավիճակն արդեն փոքր-ինչ հանդարտվել էր, մղձավանջային օրերն արդեն անցել էին, ապրիլի 7-ի վաղ առավոտյան, երբ մտա բուժական մասնաշենք, ամեն ինչ հանգիստ էր: Միջանցքում այդ պահին ոչ ոք չկար: Եվ այդ օրերի ընթացքում քարացած զգացմունքներս միանգամից պոռթկացին: Միջանցքում կանգնած` սկսեցի արտասվել` հիշելով այդ օրերի ընթացքում ապրածն ու զգացածը, և փառք տվեցի Աստծուն, որ կարողացել ենք հաղթահարել այդ ծանր փորձությունը:

Երբեք չեմ մոռանա մեր վիրավոր զինծառայողներին…

Նախորդ պատերազմն իմ կողքով չի անցել. հարազատներ եմ կորցրել, զոհվել են քեռորդիս, հորեղբորորդիս, հայրս ծանր վիրավորվել է: Ես գիտեմ` ինչ է պատերազմը, ու գիտեմ նաև մեր տղաների սրբազան ծառայության գինը…

Դժվարանում եմ բառեր գտնել` մեր զինծառայողների սխրանքը նկարագրելու համար: Նրանք արեցին անհնարինը: Նրանք նախորդ պատերազմի հերոսների արժանի հետնորդներն են…

Երբեք հիշողությունիցս չեն ջնջվի մեր վիրավոր տղաները, նրանց հերոսական կեցվածքը: Անհնար է չհիշել նրանց, ովքեր ծանր վնասվածքներ ունեին, սակայն իրենց ցավը մոռանալով` անընդհատ ընկերների մասին էին խոսում, մեղադրում էին իրենց, որ այդ պահին խրամատում չեն, խնդրում էին թույլ տալ վերադառնալ, ինչ-որ կերպ օգնել զինակից ընկերներին, թեկուզ՝ պահեստատուփերը լիցքավորել…

18-20 տարեկան պատանիները ժամերի ընթացքում հասունացել էին… Նրանք իրենց ցավն անտեսում էին, հաղթում նաև ցավին:

Հասմիկ Գյոզալյան