«Մեր գերխնդիրը վնասված վերջույթները վերականգնելը և հաշմանդամությունը կանխելն է»

ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ կատարած մեր այցելության ընթացքում զրուցել ենք պլաստիկ և միկրովիրաբույժ, բուժծառայության կապիտան Արա Մարտիրոսյանի հետ, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

– Պարո՛ն կապիտան, զինվորական բժշկի մասնագիտությունն առանձնահատուկ է. այն ամենօրյա անզիջում պայքարի ճանապարհ է հատկապես մեր իրականության համար, որը հաճախ բնորոշվում է որպես «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ»: Ինձ միշտ հիացնում է դժվարություններով լի այդ ճանապարհի գիտակցված ընտրությունը: Ինչպե՞ս ընտրեցիք զինվորական բժշկի մասնագիտությունը: Խնդրում եմ` ներկայացրեք Ձեր ծառայողական ուղին:

– Մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել եմ ծնողներիս խորհրդով: Նրանք պատմում էին, որ բոլոր ժամանակներում զինվորական բժշկի մասնագիտությունն ամենակարևոր, ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է եղել: Թե՛ բժշկի մասնագիտությունը, թե՛ զինվորական ծառայությունը հոգեհարազատ էին ինձ և հաշվի առնելով նաև ծնողներիս խորհուրդը` առանց վարանելու ընտրեցի այս ուղին: 2002 թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, որից հետո 1 տարի ինտերնատուրա եմ անցել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այդ ժամանակահատվածն ինձ համար ճակատագրական նշանակություն ունեցավ. վաստակաշատ կրծքային վիրաբույժ, Արցախյան ազատամարտի մասնակից, լուսահոգի Սամվել Ամատունու շնորհիվ ես առնչվեցի մեծ վիրաբուժությանը: Հենց նա մատնացույց արեց վիրաբույժի իմ ուղին: Նա ինձ այնպիսի գիտելիքներ փոխանցեց, որոնք ձեռք էր բերել իր մասնագիտական փորձի ընթացքում… Ինտերնատուրայից հետո ծառայության եմ նշանակվել ԼՂՀ ՊԲ-ի՝ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում`որպես բուժկետի պետ, այնուհետև բուժծառայության պետ: 2005 թ.-ից հետբուհական կրթությունը շարունակել եմ կլինիկական օրդինատուրայում` միկրովիրաբուժություն մասնագիտությամբ («Էրեբունի» բժշկական կենտրոնում): Իմ ղեկավարը «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Արմեն Հովհաննիսյանն էր, ում երախտապարտ եմ այն գիտելիքների և փորձառության համար, որ փոխանցել է ինձ: Կլինօրդինատուրան ավարտելուց հետո նշանակվել եմ ՊՆ զորամասերից մեկում` որպես բուժծառայության պետ: Որպես մասնագետ կատարելագործվելու, աշխարհի առաջավոր երկրների փորձին, նորարարական մեթոդներին հաղորդակից լինելու մեծ ձգտում ունեի և վերադաս հրամանատարության միջնորդությամբ մեկնեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, վերապատրաստվեցի ռազմաբժշկական ակադեմիայում` պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ:

Մասնագիտական վերապատրաստման երկու տարիները չափազանց արդյունավետ եմ գնահատում: Հիվանդների հոսքը բավականին մեծ էր: Ծանոթացա պլաստիկ վիրաբուժության նոր մեթոդներին և մոտեցումներին, որոնք յուրահատուկ են, բավականին տարբերվող` պայմանավորված մաշկի առանձնահատկություններով (ասիական մաշկն անհամեմատ նուրբ է, և հաշվի առնելով սպիագոյացման խնդիրը` վիրահատական նոր մոտեցումներ են մշակվել):

Այնտեղ հասկացա, որ վիրաբուժությունն առանձին լեզու ունի, և եթե տիրապետում ես այդ լեզվին, կարող ես վիրահատել անգամ առանց բանավոր հաղորդակցության:

…Ամիսներ անց տիրապետեցի չինարենին և անկեղծ ոգևորվում էի, երբ չինացի գործընկերներս գնահատում էին հաջողություններս: Ինձ հաջողվեց վստահություն ձեռք բերել օտար ազգի ներկայացուցիչների շրջանում, ովքեր տարբերվում են հոգեկերտվածքով, աշխարհայացքով… և երկրորդ տարում փոքր վիրահատությունները միայնակ էի կատարում: Երբ Չինաստանից վերադարձա, տեղեկացա, որ Պաշտպանության բանակում միկրովիրաբույժ չկա: Դրանից բացի` զորային օղակում ծառայությունս անցել էր ՊԲ-ում, ու նաև կարոտը ինձ կրկին բերեց Արցախ. ծառայության անցա Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում:

-Պլաստիկ և միկրովիրաբույժը զինված ուժերում` հատկապես պատերազմող երկրի բանակում, թերևս, ամենապահանջված մասնագետներից է…

– Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի հաճախակի խախտումների պայմաններում հնարավոր չէ լիովին խուսափել վիրավորումներից, և, ցավոք, հատկապես ականապայթյունային վիրավորումների դեպքում երբեմն անխուսափելի է լինում վերջույթների անդամահատումը: Երբ ծառայում էի ՊԲ զորամասերից մեկում, որը մարտական խնդիր է կատարում շփման գծի բավականին բարդ, լարված հատվածում, երբեմն ականատես էի լինում նման դեպքերի, և դա ինձ մեծ ցավ էր պատճառում…

…Ես վստահորեն ընտրեցի իմ հետագա մասնագիտական ճանապարհը: Բժշկության մեջ եթե գործիդ երկրպագուն չլինես, դժվար, նույնիսկ անհնարին կլինի աշխատելը…

Այո՛, պլաստիկ և միկրովիրաբուժությունը բանակի համար խիստ անհրաժեշտ, առանցքային մասնագիտություն է: Աֆղանական, վիետնամական և այլ պատերազմների փորձը, վիճակագրական տվյալները փաստում են, որ ժամանակակից պատերազմներում վերջույթների վիրավորումները հաճախակի բնույթ են կրում: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես դաստակի շրջանի վիրավորումները, որոնք բավականին բարդ վնասվածքներ են:

Մեր նպատակն ու գերխնդիրն էլ վնասված վերջույթները վերականգնելը և հաշմանդամությունը կանխելն է:

– Ի՞նչ բնույթի վիրահատություններ եք կատարել ապրիլյան պատերազմի օրերին:

– Այժմ, երբ հետադարձ հայացք եմ ձգում, թվում է` այդ օրերը երազ էին…

Իհարկե, ունենալով տեսական գիտելիքներ, մասնագիտական փորձ` մենք պատրաստ էինք այդ փորձությանը: Ժամանակ առ ժամանակ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումների, զինված հարձակումների հետևանքով ունեցել ենք վիրավորներ… սակայն ծավալների առումով երևի փոքր-ինչ անսպասելի էր այդպիսի նենգ հարձակումը: Մեր վերադաս հրամանատարության օպերատիվ որոշումների, յուրաքանչյուր բժշկի պատրաստակամության, նվիրումի, խիզախության շնորհիվ բանակի բուժծառայությունը կատարեց իր խնդիրը: Փորձառու մասնագետներն անմիջապես գործուղվեցին առաջնագծի ԱԲՋ-ներ: Շատ բժիշկներ իրենց կյանքը վտանգեցին` փրկելով վիրավորներին: Ինքս մի քանի անգամ գործուղվել եմ Մարտակերտ, երբ անհրաժեշտ է եղել իմ մասնագիտական օգնությունը:

Վնասվածքները բազմաբնույթ էին. սկզբնական շրջանում հիմնականում հրազենային-գնդակային (քանի որ մարտը վարվում էր անմիջական շփման պայմաններում), իսկ հետագայում, երբ գործի դրվեցին հեռահար զենքերը, մեծ թիվ էին կազմում բեկորային վիրավորումները (այդ թվում` պոլիտրավմաները, որոնց դեպքում հաճախ միաժամանակ տարբեր մասնագետներ էին աշխատում):

Ունեինք դաստակի հրազենային վիրավորումներ, որոնց վիրահատությունների ժամանակ կատարվել են նաև օրգանապահպանողական միջամտություններ` նյարդի հետագա ճզմվածքը, անոթների սեղմումը կանխելու նպատակով, որպեսզի հետագայում ևս վերջույթը կորցնելու վտանգը լիովին բացառվի: Մեր վիրավորների մի մասը հենց այստեղից դուրս է գրվել ապաքինված, մի քանի զինծառայողներ վիրավորների մեծ հոսքի ժամանակ, ըստ կարգի, տեղափոխվել են այլ էտապ:

– Պարո՛ն կապիտան, ցավալի կորուստներ ունեցանք, սակայն այս պատերազմը նաև փորձ էր, որը կօգնի ապագայում հնարավոր մարտահրավերներին դիմակայել ավելի մեծ վստահությամբ…

– Անշուշտ, սակայն այդ փորձի դիմաց մեծ գին վճարվեց. այդպես է նաև կյանքում:

…Ես հիմա դրվագներ եմ հիշում, երբ վիրավորը պառկած էր վիրասեղանին, և խնդիրը պետք է կատարես հնարավորինս արագ և լիարժեք: Նմանաբնույթ իրավիճակներում մենք արել ենք հնարավորը, որպեսզի բուժօգնության ծավալը ոչ մի դեպքում չկրճատվի (թեպետ պատերազմական իրավիճակներում, վիրավորների մեծ հոսքի պայմաններում երբեմն դա անխուսափելի է): Ապրիլյան օրերը ստիպեցին կատարելագործել մեր ունակությունները. պատերազմական իրավիճակում երբեք չես կարող կանխատեսել իրադարձությունների զարգացման սցենարը և հաջորդ զինծառայողի վիրավորման ծանրության աստիճանը:

Հ.Գ.: Արա Մարտիրոսյանի հետ մեր զրույցն ընդհատվեց, քանի որ նա շտապում էր հերթական վիրահատությունը կատարելու:

Հասմիկ Գյոզալյան

  • 2 (1)
  • 1 (3)