«…Արցախյան պատերազմի ընթացքում մենք ադրբեջանցիներին չենք պարտվել…»

…Կեսգիշերն անց ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ զինվոր բերեցին. գանգատներ ուներ: Ընդունարանում հերթապահ բուժանձնակազմը շրջապատեց նրան, բակում «տեղակայված» փոքրիկ տաղավարից մյուս բժիշկները նույնպես եկան ընդունարան (…թեև աշխատանքային օրն ունի սկիզբ և ավարտ, բայց այդ բժիշկների համար ծառայությունը կարծես չէր ավարտվում), ապա՝ մի կին, ում առաջին անգամ էի տեսնում: Լաբորատորիայի պետ, բ/ծ կապիտան Էլենորա Շահինյանն էր՝ լաբորատորիայի միակ բժիշկ-մասնագետը: Մինչ բժիշկները զննում էին զինվորին և հարցերով փորձում հասկանալ՝ ինչն է իրականում անհանգստացնում նրան, Էլենորա Շահինյանը պատրաստեց սարքավորումները՝ պարտադիր հետազոտությունները սկսելու համար: Զինվորին ուղեկցեցին լաբորատորիա: Ես հետևեցի նրանց, և մինչ բժշկուհին իր աշխատանքն էր կատարում, ծանոթացանք…

– Ես ունիվերսալ մասնագիտություն ունեմ,- ժպտում է բժշկուհին,- անալիտիկ քիմիկոս եմ: Երբ 1989 թվականին ավարտեցի բուհը, Երևանից վերադարձա Արցախ և աշխատանքի անցա Տող գյուղի դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ: Մեծ գյուղ էր՝ հին, բարի ավանդույթներ ունեցող: Գյուղի դպրոցում վաստակավոր ուսուցիչներ էին դասավանդում:

Ես հետաքրքրվում եմ՝ ինչպես է դպրոցը գործել պատերազմի տարիներին. մի՞թե մարտական գործողությունների օրերին դասերի մասին մտածելու «արիություն» են ունեցել:

– Իհարկե, դպրոցը գործել է, սակայն դպրոցում նաև թուրք ուսուցիչներ կային, թուրք երեխաներ էին սովորում: Եվ օրեցօր լարվածությունը նրանց և մեր միջև թեժանում էր: Նրանք թշնամանքով էին լցված մեր երեխաների նկատմամբ և ամեն տեղ դարանակալած՝ փորձում էին վնասել նրանց: Երեխաները դպրոց էին գալիս «զինված», ով ինչով կարող էր. մեկը՝ երկաթով, մյուսը՝ փայտով, գոտիներ, շղթաներ էին պահում իրենց գրպաններում, որպեսզի երբ նրանք հարձակվեն, կարողանան պաշտպանել իրենց կամ օգնել միմյանց: Եվ իրավո՛ւնք ունեին… Նրանցից շատերն ազգային բանակի առաջին զինվորները դարձան, Աշոտը (իմ աշակերտներից էր) զոհվեց պատերազմի ժամանակ: Ամիսներ առաջ մի զինվոր բերեցին հոսպիտալ: Երբ տեսավ ինձ, աչքերն ուրախությունից փայլեցին, ես էլ ճանաչեցի նրան, իմ աշակերտներից էր: Ու միասին հիշեցինք՝ ինչ «հերոսություններ» ենք արել Արցախյան պատերազմի ժամանակ:

…Տողում ադրբեջանական մի գումարտակ էր տեղակայվել: Դասերի ընթացքում նրանք մտնում էին դասարաններ ու խուզարկում աշակերտներին: Հենց լսում էինք ոտնաձայները, առանց տեղից վեր կենալու տղաները երկաթե ձողերըթաքցնում էին նստարանների կողքը՝ հողի տակ, երեխաների ձեռքից վերցնում էի շղթաներն ու գոտիները և լցնում վերարկուիս աստառի մեջ: Քիմիական թթուներով լուծույթներ էինք պատրաստում. եթե անակնկալ ներխուժեին կամ հարձակվեին, լուծույթներն օգտագործելով՝ գոնե կկարողանայինք խուճապի մատնել նրանց և արագ դուրս գալ դպրոցից: Մի անգամ, հիշում եմ, մեր աշակերտներից հինգին ձերբակալեցին, ուզում էին Ֆիզուլի՝ բանտ, տանել, բայց ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ Սուսաննա Բալայանը, կարողացավ համոզել նրանց: Մեր ուսուցիչները, իրենց վտանգելով, պաշտպանում էին աշակերտներին: Նրանցից շատերը գյուղի պարտիզանական ջոկատի կազմում մասնակցում էին մարտական գործողություններին: Գաղափարի, ազգի, հայրենիքի նվիրյալ էին: Վիգեն Գրիգորյանը հայոց լեզվի ուսուցիչ էր, Սլավիկ Գրիգորյանը՝ պատմության: Ցավոք, նրանք էլ զոհվեցին պատերազմի ժամանակ, բայց իրենց անունը և սխրանքը՝ որպես անմոռանալի ու սուրբ պատգամ, մեկընդմիշտ թողեցին աշակերտների հիշողության մեջ…

Հպարտությամբ վերհիշելով Տող գյուղի հերոսական ինքնապաշտպանության օրերը, ժողովրդի նվիրումն ու արիությունը՝ բժշկուհին շարունակում է.

– Երևի լսած կլինեք՝ ինչպես էին ադրբեջանցիները հարձակվել Ստեփանակերտից Տող եկող ավտոբուսի վրա և դաժանաբար ծեծելով՝ կոտորել անզեն մարդկանց: Մի օր էլ դպրոցն էին շրջապատել անգիտակից, արնախում գազանների նման: Մինչև երեկոյան ժամը ինը դպրոցում մնացինք, փակված, վախենում էինք դուրս գալ: Մեր դպրոցի մոտ ինտերնատ կար. ռուսական ОМОН-ն այնտեղ էր տեղակայվել, և եթե այդ օրը նրանք չլինեին, թուրքերը կկոտորեին բոլորիս:

«Ռուսական ОМОН-ը…»: Լսում եմ ես ու հիշում Շահումյանը, «Օղակ» օպերացիան: «…Արցախյան պատերազմի ընթացքում մենք ադրբեջանցիներին չենք պարտվել…»,- հիշում եմ մարտիկների խոսքերը:

…Բայց այդ օրը ռուս զինվորները, ավտոմատներով պատ կազմած, կանգնել էին մեր և նրանց միջև և թույլ տվեցին, որ ուսուցիչները դասարան-դասարան դուրս բերեն երեխաներին: 7-րդ դասարանն իմ դասղեկականն էր, բայց նախ երկրորդ դասարանցիներին դուրս բերեցի դպրոցից: Բոլոր երեխաները բռնել էին ձեռքերս, իսկ ես, շուրջս նայելով ու կարծես զգուշանալով, որ որևէ կողմից հանկարծ չհարվածեն (…ինձ համար չէի վախենում, այլ երեխաների), անցա զինվորների առջևից: Հետո վերադարձա, որպեսզի մյուս դասարաններն էլ դուրս բերենք:

…Եվ գիտե՞ք՝ որն էր ամենազավեշտալին, նույնիսկ այդ իրավիճակում ադրբեջանցիները չկորցրին իրենց «դեմքը». նկարահանել էին մեզ և լուրերի թողարկումով ցույց տվել՝ մեզ անվանելով «էքստրեմիստներ»… (բժշկուհին զրնգուն ձայնով ծիծաղում է): Պատկերացնո՞ւմ եք՝ էքստրեմիստ անզեն ուսուցիչներ և աշակերտներ:

Այդ օրվանից դպրոցում պարապել այլևս չէինք կարող: Նախ տեղափոխվեցինք գյուղխորհրդի շենք, բայց քանի որ այն նույնպես հնարավոր էր օղակի մեջ առնել, պարապմունքները վերսկսեցինք գյուղի բարձունքի վրա կառուցված տներում: Ամեն դասարան մի շենքում էր նստում: Ուսուցիչները մի շենքից մյուսն էին վազում, իսկ երեխաներին թույլ չէինք տալիս մենակ դուրս գալ շենքերից: Դասերից հետո էլ գնում էինք գյուղի պարտիզանական ջոկատներ և օգնում ազատամարտիկներին, ինչով կարող էինք:

Երիտասարդ ուսուցչուհու ապագա ամուսինը՝ Վոլոդյա Ստեփանյանը, նույնպես Տողի պարտիզանական ջոկատից էր: 1990 թվականին նրանք ամուսնանում են: Պատերազմի տարիներին ծնվում են նրանց երկու զավակները՝ որդին և դուստրը:

– Ամուսնանալուց հետո ես շարունակում էի աշխատել դպրոցում, նույնիսկ՝ հղիության ամիսներին: Ցեխերի, ձյան միջով հարևան գյուղից, որտեղ ամուսնացել էի, վաղ առավոտյան ոտքով գնում էի դպրոց: Մի կողմից մութ էր, մյուս կողմից՝ վտանգավոր: Դպրոցում աշխատում էի երկու հերթափոխով: Երեկոյան ոտքով նորից վերադառնում էի տուն (այսօր զարմանքով եմ հիշում այդ օրերը՝ ինչպես ոչնչից չէի վախենում…): Իսկ ամուսինս, եղբայրս, գյուղի բոլոր տղամարդիկ, օգնության եկած կամավորականների ջոկատները պատրաստվում էին ազատագրել հայկական շեները:

Մենք գյուղում էինք, երբ ազատագրեցին Տողը: Եվ իսկապես ճիշտ են ասում, որ Արցախի ազատագրումն էլ Տողից է սկսվել՝ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին: Կանանց, երեխաներին բարձրացրել էին վերևի գյուղն ու չէին ասում, որ պատրաստվում են մարտական գործողությունների: Զգում էինք, որ անսովոր շարժ կա: Մեքենաներ էին գալիս ու գնում, բայց մենք ոչինչ չգիտեինք: Երբ գործողությունները սկսվեցին, վերևից տեսնում էինք՝ ինչպես էին մութ երկնքում, կարմիր հետագիծ թողնելով, սուրում թշնամու փամփուշտները: Համոզված էինք, որ հաղթելու ենք: Այդ օրն էլ հաղթեցինք՝ առանց զոհեր տալու:

Արցախյան պատերազմից հետո Էլեոնորա Շահինյանը տեղափոխվում է Հադրութի հանրապետական հիվանդանոց և որպես բժիշկ-լաբորանտ ինը տարի աշխատում այնտեղ: Սակայն այն գիտակցումը, որ իր տեղը զինվորի կողքին է, զինված ուժերում, նրան հանգիստ չի տալիս, և 2004 թ. նա համալրում է ԼՂՀ զինված ուժերի շարքերը: Որպես բժիշկ-բակտերիոլոգ ծառայության է անցնում ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալի կլինիկական, մանրէաբանական լաբորատորիաներում, ապա տեղափոխվում Մեխակավանի ԱԲՋ: Այսօր Էլեոնորա Շահինյանը ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի լաբորատորիայի պետն է՝ միակ և անփոխարինելի մասնագետը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Էլեոնորա Շահինյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի գերատեսչական մեդալներով, «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով, արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի:

– Մեր լաբորատորիան ապահովված է այն ամենով, ինչ անհրաժեշտ է առաջնագծում ծառայությունն իրականացնելու համար: Սարքավորումները նոր են և բազմաֆունկցիոնալ: Այստեղ ոչ միայն հետազոտություններ են կատարվում, այլև արյան պաշարում և փոխներարկում: Ապրիլյան պատերազմի գրեթե բոլոր վիրավորներին արյան փոխներարկում է կատարվել և բավականին մեծ քանակությամբ: Կարող եմ վստահեցնել, որ դա է փրկել վիրավորներից շատերին:

Ապրիլյան պատերազմի օրերին ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ն բազմաթիվ վիրավորներ է ընդունել: Բոլորը փրկվել են բժիշկների շնորհիվ:

Այդ օրերի մասին Էլեոնորա Շահինյանը պատմում է.

– Վիրավորների հոսքը մեծ էր: ԱԲՋ-ի հրամանատարը, վիրաբույժները, անզգայաբանները, թերապևտները, բոլորը, բոլորը գիշեր-ցերեկ այստեղ են եղել… և այն սպասումով, որ ահա նորից նոր վիրավորներ կբերեն: Միևնույն ժամանակ խուճապ էլ չկար: Յուրաքանչյուրս մեր տեղում էինք՝ զգոն, պատրաստակամ: Ժամանակ էլ չկար, որ տրվեինք ցավին, ապրումներին, ու մտածում էինք միայն վիրավորներին փրկելու մասին, միայն թե չկորցնեինք նրանց:

Լաբորատորիայում ես մենակ էի: Ե՛վ հետազոտությունները պետք է անհապաղ կատարեի, և՛ արյան փոխներարկումները, և՛ վերահսկողություն պետք է իրականացվեր յուրաքանչյուր վիրավորի նկատմամբ: Պետք է խոստովանեմ՝ բաժանմունքների միջին բուժանձնակազմն օգնել է ինձ, այլապես չէի կարողանա: Հիվանդասենյակներում պառկած վիրավորներից նրանք արյուն էին վերցնում, ես կատարում էի հետազոտությունները: Եվ հետազոտությունները կատարում էինք ոչ միայն վիրավորներին ընդունելիս կամ ճանապարհելիս, այլև 30 րոպե պարբերականությամբ, որպեսզի հանկարծ որևէ վիրավորի մոտ որևէ բարդություն չառաջանար: Երբ եկան կամավորականները, սկսեցինք նաև նրանց բուժզննումներն ու հետազոտությունները: Աշխատանքը չէր սպառվում:

…Սակայն ինձ համար ամենածանր պահն այն վայրկյանն էր, երբ զանգում էին ու զինվորի մասին հարցնում: Մենք արդեն գիտեինք, որ նա զոհվածների մեջ է, բայց չէի կարողանում ասել ճշմարտությունը, հույս էի տալիս, իսկ հետո անջատում էի հեռախոսն ու կարծես քարացած՝ շարունակում ծառայությունը:

Բժշկուհին շրջվում է դեպի սարքավորումներն ու լռում: Ինչ-որ սրվակներ է ուղղում, ստուգում հետազոտության պատասխանները…

Հ.Գ.: Երբ Էլեոնորա Շահինյանի հետ Մեխակավանից Հադրութ էինք վերադառնում, մեքենան վարում էր նրա եղբոր որդին:

– Գիտե՞ք՝ ինչպես է ծնվել,- հարցրեց բժշկուհին՝ հայացքով ցույց տալով երիտասարդին,- Հադրութում՝ պատերազմի ժամանակ: Այդ օրը բնակիչները շենքերի նկուղներում են եղել, քաղաքը ռմբակոծում էին: Մայրը զգացել է, որ ցավերը սկսվել են, և դժվարությամբ դուրս է եկել, որ հասնի հիվանդանոց, բայց լսելով պայթյունների որոտը, տեսնելով փոշին ու ծուխը, վերադարձել է նկուղ, հետո նորից դուրս եկել… ու նորից վերադարձել… Տղան նկուղում է ծնվել… Իսկ եղբայրս այդ ժամանակ իր ջոկատի հետ էր:

– Որտե՞ղ է ծառայում ,- հարցնում եմ՝ զինվորական համազգեստը տեսնելով:

– Իր կամքով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս ընտրեց: Սպա է: Ռուսաստանում է սովորել՝ ռազմական ակադեմիայում: Ավարտելուց հետո վերադարձել է Արցախ: Նրանք մեր անկախության սերունդն են, հաղթանակած հայրերի զավակներ:

Էդիտա Մելքոնյան

  • 2901
  • 2903