Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները երդվեցին պատվով ծառայել հայրենիքին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի` 1994 թվականին կազմավորված ռազմաբժշկական ֆակուլտետը տարիների հոլովույթում հաջողությամբ է կատարել իր առջև դրված խնդիրը, այն է` Զինված ուժերի համար պատրաստել գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ: Միանշանակ է, որ ռազմաբժշկական ֆակուլտետն ընտրած երիտասարդների՝ ապագա ռազմական բժիշկների աշխատանքը կրկնակի պարտավորեցնող է, քանի որ նրանց է վիճակված հայոց բանակի զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու և բանակի մարտունակությունը բարձր պահելու առաքելությունը:

Եվ ահա օգոստոսի 31-ին տեղի ունեցավ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Զինվորական կարգով կուրսանտները երդվեցին պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական ու մասնագիտական պարտականությունները:

Երդման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և կուրսանտների հարազատները:

Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա ռազմական բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորն արժևորեցին երիտասարդների՝ զինվորական բժշկի մասնագիտությունն ընտրելու որոշումը հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո: Նրանք վստահություն հայտնեցին, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց դժվարին, բայց անչափ պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը՝ որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար իրենց կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը:

Հովհաննես Պառաշյան

Տեսանյութը շուտով

  • bjsihk 31.08.Still001
  • bjsihk 31.08.Still007
  • bjsihk 31.08.Still008