Արկերն ընկնում էին մեքենայից 20 կամ 30 մետր հեռավորության վրա…

Ապրիլյան պատերազմն աննախադեպ վայրագություն էր, ռազմական հանցագործություն: Պաշտպանական բնագծում կանգնած երիտասարդ հայ զինվորների դեմ թշնամու ծանր զինատեսակներն էին, հատուկ նշանակության ոճրագործների բազմությունը…

Սակայն քառօրյա պատերազմի ելքը վկայեց, որ ամենածանրակշիռ զենքը հայ զինվորի չնահանջելու վճռականությունն է և հայրենի հողի պաշտամունքը: Արհամարհելով ամեն վտանգ՝ նրանք հաղթեցին իրենց կյանքի, առողջության գնով և հաղթելու հրամայականը թողեցին մեզ:

ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ում բուժանձնակազմը զինվորների խիզախության, անձնազոհության անհավատալի դրվագներ է հիշում, իսկ զինվորներն անթաքույց երախտագիտությամբ, հիացմունքով պատմում են՝ ինչպես են բժիշկներն իրենց դուրս բերել մարտադաշտից, հասցրել հոսպիտալ, վիրահատել, բուժել:

Հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերելու համար ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Դավիթ Փթուկյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

2014 թ. ավարտելով կլինօրդինատուրան՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, Դավիթ Փթուկյանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանությամբ որոշվում է ծառայության վայրը՝ ԿՊՇ, սակայն մի քանի ամիս որպես բուժկետի բժիշկ-մասնագետ ծառայելով զորային օղակում՝ նա խնդրում է իրեն տեղափոխել առաջնագիծ՝ Մեխակավանի ԱԲՋ, որտեղ որպես մասնագետ իսկապես կկարողանար օգտակար լինել և ուսումնառության-աշխատանքային հագեցած գործունեությանը հաջորդող ժամանակահատվածը՝ ծառայության 2 տարիները, նույնքան արդյունավետ կլինեին (կլինօրդինատուրայում ուսանելու տարիներին Դավիթ Փթուկյանը՝ որպես ընդունարանի պատասխանատու վիրաբույժ, աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում): Ծառայության առաջին օրից անկեղծ բնավորությամբ, մասնագիտական հմտությունների շնորհիվ, օգտակար լինելու պատրաստակամությամբ շահում է ծառայակից ընկերների համակրանքը, իսկ ապրիլյան պատերազմի օրերը հիշելիս բուժանձնակազմն առանձնահատուկ հիացմունքով է խոսում ավագ օրդինատոր Դավիթ Փթուկյանի մասին:

«Ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, երբ իմացանք, որ մեծ թվով վիրավորներ ունենք, Դավիթ Փթուկյանն առաջինն էր, ով նստեց մեքենան, և անեսթեզիոլոգի՝ վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետ Արամ Նավասարդյանի հետ շարժվեցին դեպի մարտական գործողությունների գոտի: Ամեն անգամ, երբ պետք է բժիշկների հերթական խումբն ընդառաջ գնար՝ վիրավորներին ընդունելու, նա նորից առաջինն էր ասում՝ ես կգնամ (բայց երբ զանգում էին տնից, համոզում էր, որ ինքը տանն է, որ մեզ մոտ հանգիստ է, այնինչ օրեր, շաբաթներ շարունակ՝ գիշեր-ցերեկ, ամբողջ բուժանձնակազմը ԱԲՋ-ից դուրս չէր գալիս»,- հիշում են ծառայակից ընկերները:

Ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, առաջին մեքենան դուրս եկավ ԱԲՋ-ից,- պատմում է Դավիթ Փթուկյանը,- երբ հասանք հրամանատարական կետին, մեզ թույլ չտվեցին առաջանալ, պիտի սպասեինք, մինչև զորամասի բժիշկները դուրս բերեին վիրավորներին: Սակայն սպասելն ավելի անտանելի էր. հեռվից տեսնում էինք՝ ինչպես է զորամասի սանիտարական մեքենան փորձում մոտենալ վիրավորին, բայց թշնամին, նկատելով նրանց, հրետակոծում էր այդ ուղղությամբ: 3 ժամից ավելի տևեց, մինչև կարողացան դուրս բերել առաջին վիրավորին: Մեր առաջին վիրավորն Արման Ավետիսյանն էր (շատ արյուն էր կորցրել, վիճակը ծայրահեղ ծանր էր):

Ճանապարհին նկատելով, որ զինվորը փակում է աչքերը, Դավիթ Փթուկյանը և Արամ Նավասարդյանն անընդհատ փորձում են խոսեցնել նրան: Արմանը կցկտուր ասում է. «Բժի՛շկ, մայրս մենակ է… պիտի հասնեմ նրան…»: Մեխակավանի ԱԲՋ-ում Արման Ավետիսյանին վիրահատում են (ստորին վերջույթի մասնակի ամպուտացիա), և զինվորը կյանք է վերադառնում: Բժիշկների հետ հաղթահարելով հրետակոծվող ճանապարհների խոչընդոտները և հասնելով վիրահատասեղանին՝ փրկվում են բոլոր վիրավորները:

– Ծանր զինատեսակներով հրետակոծվում էր ոչ միայն ամբողջ պաշտպանական բնագիծը, այլև ճանապարհները: Վիրավորներին տարհանելիս երբեմն հասցնում էինք նկատել, որ հերթական արկն ուր որ է մեքենայի մոտ կընկնի… և ընկնում էր մեքենայից 20 կամ 30 մետր հեռավորության վրա:

ԱԲՋ-ի շտապօգնության մեքենայով հերթական անգամ մոտեցել էինք՝ վիրավորներին ընդունելու: Նրանց արդեն տեղավորել էինք մեքենայի մեջ, երբ նկատեցինք, որ անօդաչու թռչող սարքը մեր գլխավերևում է (նկարում էին), և արագ շարժվեցինք տեղից: Րոպեներ անց այն վայրը, որտեղ կանգնած էր մեր մեքենան, արկակոծվեց: Չեմ ուզում պատկերացնել՝ ինչ կկատարվեր, եթե չհասցնեինք փախցնել շտապօգնության մեքենան… մեքենայի մեջ 4 վիրավոր կար,- հիշում է վիրաբույժը:

Այսօր էլ Դավիթ Փթուկյանը շարունակում է ծառայությունը ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ում՝ պլանային և անհետաձգելի վիրահատություններ, հերթապահություններ, ինչպես նաև իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում ապագա սանհրահանգիչներին:

Էդիտա Մելքոնյան

  • 901
  • 0902