«…որքան էլ սարսափելի է՝ երբեմն մարտիկի կյանքն է այն գինը, որ…»

Բուժքույր Պալինա Գրիգորյանին հանդիպեցի ԼՂՀ պաշտպանության բանակի՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:

Արցախում անհնարինության աստիճան դժվար է գտնել մի ընտանիք, որին պատերազմը «խնայել է», մի մարդու, ով իր հոգում չի կրում պատերազմի դառնությունները, սարսափն ու երբեք չամոքվող ցավը:

Բուժքույր Պալինան 1992 թվականից՝ գրեթե ամբողջ քառորդ դար, շարքում է. պատերազմ, զինադադար, «ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի» երկար ու ձիգ տարիներ, ապրիլյան պատերազմ…

Զորամասի երկարամյա բուժքույրը երեք որդի է դաստիարակել, որոնցից մեկն այսօր զինվոր է՝ հայրենյաց պաշտպան, և իր ծառայողական պարտքն է կատարում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո բոլոր զրույցների կենտրոնում անխուսափելիորեն նոր պատերազմն է, թանկ կորուստների կսկիծը, սպայի և զինվորի խիզախումը… Սակայն բուժքրոջ հուշերը մեզ մի քանի տասնամյակ հետ են տանում. «Ծնվել եմ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում՝ համեստ, հայկական ավանդույթներին կառչած, բազմանդամ ընտանիքում: Ծնողներս հողագործությամբ էին զբաղվում. հայրս տրակտոր էր վարում, մայրս խաղողագործ էր: Պապս կույր էր: Նա մեծ համբավ ուներ գյուղում, վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը: Անհոգ, գունեղ մանկություն եմ ունեցել իմ 4 քույրերի և 3 եղբայրների հետ: …Եղբայրներիցս մեկին կորցրել եմ պատերազմում, մյուսի հետ եղել ենք մարտի դաշտում՝ սկզբից մինչև վերջ: Նա այժմ էլ շարունակում է ծառայությունը»:

Մաղավուզում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Պալինան ժամանակավորապես տեղափոխվում է Չարենցավան քաղաք, մասնագիտանում որպես բուժքույր, մասնակցում նաև հաշվապահական դասընթացների:

«Ուսումս ավարտելուց հետո աշխատանքի անցա Չարենցավանի «Ձուլակենտրոն» գործարանում: Արդեն սկսվել էր Արցախյան շարժումը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը և մի խումբ այլ ակտիվ ներկայացուցիչներ ազատազրկված էին, և նրանց ազատելու պահանջով Չարենցավանում ստորագրահավաք կազմակերպեցինք: Դրան հաջորդեց նստացույցը՝ ռուսական բանակային ստորաբաժանումը Չարենցավանից դուրս բերելու, Սումգայիթից մեր հայրենակիցներին տեղափոխելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պահանջներով: Ես ակտիվ ներգրավված էի այդ աշխատանքներում»,- պատմում է բուժքույրը:

1992 թվականն էր. Արցախից տագնապալի լուրեր էին հասնում: Վճռեց վերադառնալ. վստահ էր՝ մարտի դաշտում իր մասնագիտական օգնության անհրաժեշտությունը կա:

«Վճռական էի տրամադրված: Երբ գնացի աշխատավայր՝ դիմում գրելու, «Ձուլակենտրոն» գործարանի տնօրենը՝ Սանասար Մելտոնյանը, փորձեց համոզել, որ հետ կանգնեմ իմ մտադրությունից, ապա… բարեկամաբար համբուրեց ճակատս և ճանապարհեց: Մինչ «Էրեբունի» օդանավակայանում սպասում էի իմ թռիչքին, Արցախ մեկնող ուղղաթիռն առանց ինձ երկինք բարձրացավ: Հետագայում, երբ բուժքույր Մելսիդային, ով նույն ուղղաթիռով Արցախ էր մեկնել, հարցրի, թե ինչու ինձ չսպասեցին, ասաց. «Երիտասարդ ես, փորձում էինք քեզ խնայել»,- հիշում է զրուցակիցս, ապա շարունակում,- …Ես նույնպես մեկնեցի Արցախ: Թեպետ Մարտակերտից եմ, բայց միևնույնն էր, թե սահմանի որ հատվածում կլինեմ: Ինձ համար կարևոր էր գնալ այնտեղ, որտեղ ամենից շատ կլիներ իմ կարիքը: Մեր ուղղաթիռը նախատեսված վայրում վայրէջք չկատարեց, քանի որ վտանգ կար, որ կխոցվի թշնամու կողմից: Վայրէջք կատարեցինք Ստեփանակերտում: Մեր ուղղությունն արդեն որոշակիորեն պարզ էր. մեկնելու էինք Եղնիկներ: Ստեփանակերտում պատահաբար հանդիպեցի ընտանիքիս բարեկամներից մեկին, ով արդեն զինվորագրվել էր պայքարին: Անակնկալի եկավ, նույնիսկ զայրացավ, որ այնտեղ եմ, ապա երկար բանակցություններից հետո ինձ ներկայացրեց շտաբ: Այնտեղ տեղեկացա, որ իմ հայրենի գյուղում՝ Մաղավուզում, բուժքրոջ կարիք կա: Ծառայության անցա հրետանավորների գումարտակում»:

Բուժքույրն անմիջապես կրակի գոտուց տարհանում էր վիրավոր մարտիկներին, նրանց առաջին օգնություն ցուցաբերում:

«Առաջնագծից դուրս էինք բերում վիրավորներին, ապա մոտենում էր սանիտարական մեքենան և տեղափոխում նրանց: Ամենամոտ գտնվող դաշտային հոսպիտալը Դրմբոնում էր, որտեղ բարդ վիրահատություններ էին կատարում Պավել Աթայանը, Արցախ Բունիաթյանը, Սերգեյ Օգանյանը, Ռադիկ Առուշանյանը՝ մեծագույն ջանքերի գնով փրկելով ծանր վիրավորների կյանքը»,- վերհիշում է Պալինան:

Երիտասարդ բուժքրոջ համար մարտի դաշտում ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերելը դժվարին փորձություն էր: Անհրաժեշտ էր ամեն գնով թաքցնել զգացմունքներն ու հույզերը, գործել սառնասրտորեն: Բուժքույրը հիշում է բոլոր վիրավորներին… Ոչ ոք չի մոռացվել. «Հիշում եմ՝ առաջին անգամ պետք է օգնություն ցուցաբերեի վիրավորներին: ՀՄՄ-ն պայթել էր ականի վրա: Նախնական տվյալներով՝ 12 վիրավոր ունեինք: Միջադեպը տեղի էր ունեցել դժվարանցանելի տեղանքում, և ճանապարհի մի հատվածը պետք է ոտքով անցնեի: Այսօրվա պես հիշում եմ. թաց ձյուն էր տեղում, ես ամբողջ ուժով վազում էի, թեև ձյունն ու ցեխն ավելի դժվարանցանելի էին դարձնում ճանապարհը: Նույնիսկ այսօր՝ տարիների հեռավորությունից, ես դժվարանում եմ բառեր գտնել ու նկարագրել այն զգացողությունները, որ ապրեցի: Ես աղոթում ու ուժ էի խնդրում Աստծուց, որ կարողանամ օգնել տղաներին, որ ուժերս չլքեն ինձ:

Երբ հասա ՀՄՄ-ի մոտ, առաջին վայրկյաններին աչքերիս առջև բացված տեսարանը վախեցրեց ինձ. ամեն կողմից վիրավորները, ցավից գալարվելով, կանչում էին՝ բուժքո՛ւյր, հասի՛ր: Հենց այդ պահին վախս ու լարվածությունս նահանջեցին, արագ կողմնորոշվեցի և սկսեցի հերթով զննել տղաներին: Նրանցից մեկը զոհվել էր, մեկը գնացել էր օգնություն կանչելու: Վիրավորներն ութն էին: Բոլորին անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցի, որից հետո նրանց տեղափոխեցին: Մինչ այդ վիրավոր մարտիկներից մեկն անզուսպ լալիս էր, նույնիսկ սաստեցի նրան, սակայն հետո իմացա, որ զոհված տղայի եղբայրն է, և ներողություն խնդրեցի: Զոհվածը՝ Նաիրին, 19 տարեկան էր: Ես ճանաչել էի նրան, երբ դեռ երեք տարեկան էր: Վերքեր չուներ, մարմնին ոչ մի քերծվածք չկար… սակայն գլուխն անճանաչելիորեն փոխվել էր: Գտա սաղավարտներից մեկը և մի կերպ հագցրի գլխին, երեսը մաքրեցի ձյունով, որ… մայրը ճանաչեր: Անասելի ծանր ապրումներ ունեցա, և մի պահ զգացմունքները հաղթեցին, նույնիսկ մտածեցի, որ ի վիճակի չեմ լինի շարունակել ծառայությունս: Սակայն անմիջապես հասկացա, որ չեմ կարող վերադառնալ թիկունք. ինձ ուժ տվեց այն գիտակցումը, որ փրկել էի մյուս վիրավորներին: Նաիրիին երբեք մոռանալ չկարողացա: Այն ժամանակ մտածում էի, որ պատերազմ է, և որքան էլ սարսափելի է՝ երբեմն մարտիկի կյանքն է այն գինը, որ վճարում ենք ազատության ու խաղաղության դիմաց: Սակայն այսօր էլ ես նույն ցավով եմ հիշում նրան, հիշում եմ բոլորին… »:

Զինադադարից հետո էլ բուժքույր Պալինան չլքեց շարքերը: Ծառայության անցավ զորամասերից մեկում, նշանակվեց որպես բուժծառայության պետ: Մեկ տարի անց մայրացավ, ինչպես ինքն է ասում՝ «կոչումը բարձրացավ»: Պատասխանատու պաշտոնը և նոր «կոչումը» գրեթե անհամատեղելի էին, ուստի ծառայությունը շարունակեց որպես գումարտակի բուժակ-բուժկետի պետ: 2001 թվականից ծառայության անցավ ներկայիս զորամասում:

Ապրիլյան պատերազմը…

«Պատերազմը երբեք չավարտվեց մեզ համար: Հետպատերազմական տարիները, ցավոք, ուղեկցվեցին թշնամու ոտնձգություններով: Մեր զորամասն էլ ցավալի կորուստներ ունեցավ, իսկ այս տարվա ապրիլը սաստկացրեց ցավը: Հերոսի մահով ընկան մեր սպաներից Զորիկ Գևորգյանը (զոհվել է 2014 թ.-ի օգոստոսի 2-ին), Արմենակ Ուրֆանյանը (զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 2-ին), մեր զինվորները, ովքեր իրենց անձնազոհությամբ չեն զիջել հրամանատարներին… Բոլորի սխրանքի մասին սերունդներն են խոսելու: Ես խոնարհվում եմ մեր հերոս հայորդիների հիշատակի առջև և իմ մարդկային շնորհակալությունն եմ հայտնում այն խիզախ տղաներին, ովքեր այսօր անառիկ են պահում սահմանը»,- մեր զրույցն ամփոփում է Պալինա Գրիգորյանը:

Հասմիկ Գյոզալյան