«Բժշկի ձեռքը հրաշքներ է գործում»

ԼՂՀ պաշտպանության բանակի դիվիզիաներից մեկի բուժծառայության պետ, Արցախյան ազատամարտի մասնակից-բժիշկ, բ/ծ փոխգնդապետ Վարդգես Արզումանյանն օրերս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի amda.am կայքին է փոխանցել իր շնորհակալական նամակը՝ ուղղված գործընկերներին: Ստորև ներկայացնում ենք այն:

Փորձություններն ու դժվարությունները, ցավոք, միշտ չէ, որ շրջանցում են մեզ: Մարդը երջանիկ է, երբ փորձության ժամին միայնակ չէ, երբ տեսնում է ընկերոջ, բարեկամի՝ օգնության համար պարզած ձեռքը, զգում նրա ամուր, հուսալի թիկունքը, օգնելու, նեցուկ լինելու պատրաստակամությունը:

Վերջին շրջանում ես և ընտանիքս ստիպված եղանք դժվարին փորձություն հաղթահարել. մայրս վրաերթի ենթարկվեց՝ ստանալով ծանր վնասվածքներ: Երկարատև բուժումից հետո՝ այսօր, փա՛ռք Տիրոջը, նա կրկին իր հարազատ հարկի ներքո է և արդեն ապաքինվում է:

Մենք երկար, դժվարություններով լի ճանապարհ հաղթահարեցինք, և այդ ճանապարհի ամեն քայլափոխին, յուրաքանչյուր օր ու ժամ ես զգացի գործընկերներիս` զինվորական բժիշկների հուսադրող ներկայությունն իմ կողքին, սրտացավությունը, նվիրումը, ջերմությունը, ջանքերն ու պատրաստակամությունը…

Սիրելի՛ գործընկերներ, երախտագիտության զգացումը բառերով անհնար է ամբողջությամբ արտահայտել, սակայն որպես Հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ՝ իմ մարդկային, պարզ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ-ին և ԼՂՀ ՊԲ-ին, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանին, ԼՂՀ ՊԲ ռազմաբժշկական բաժնի պետ, բ/ծ գնդապետ Հրաչ Եգորյանին, ԼՂՀ ՊԲ Մարտունու առանձին բժշկական ջոկատի հրամանատար, բ/ծ փոխգնդապետ Վահե Գենուլյանին և ԱԲՋ-ի բժշկական կազմին, ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Զորի Սաղյանին, վերակենդանացման և անզգայացման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Միքայել Թարխանյանին և բուժանձնակազմին, ինչպես նաև վիրահատող անձնակազմին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բ/ծ գնդապետ Արամ Ասատուրյանին, վերակենդանացման և կրծքային վիրաբուժության բաժանմունքների բուժանձնակազմերին:

Հարգանքով՝

փոխգնդապետ Վարդգես Արզումանյան