«Միշտ պատրաստ ենք պատվով կատարել մեր առջև դրված խնդիրը»

Ապրիլյան պատերազմը նոր էջ ավելացրեց մեր նորագույն տարեգրության մեջ, որտեղ միահյուսված են կորստի ցավն ու մարտական գործողությունների հաղթական դրվագները, զինակից ընկերոջը կորցրած մարտիկի` երբեք չսփոփվող վիշտն ու թշնամու տանկը խոցած զինվորի հրճվանքը: Պատերազմում միշտ կողք կողքի են հաղթանակի բերկրանքն ու կորցնելու տագնապը:

Անզիջում էր նաև զինվորական բժիշկների պայքարը թե՛ առաջնագծում, թե՛ վիրասեղանի առաջ… Պայքար` հանուն կյանքի:

ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի անձնակազմը վիրավորների` նախադեպը չունեցող ծավալների պայմաններում առանց չափազանցության հերոսաբար կատարեց խնդիրը, իսկ ամենամեծ ծանրությունը կրեց բուժհաստատության վիրահատա-վերակենդանացման բաժանմունքը:

Անձնվեր ծառայությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ, խիզախությամբ ու նվիրումով աչքի ընկան բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հարությունյանը և բժիշկ-օրդինատոր, բուժծառայության լեյտենանտ Ալեքսան Պետրոսյանը, ովքեր արժանիորեն պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով («Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան»): Նրանք մե՛րթ վիրահատարանում էին, մե՛րթ դեպի առաջնագիծ էին շտապում` փրկելու ծանր վիրավորների կյանքը…

Մեր զրուցակիցը Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- օրդինատոր, բուժծառայության լեյտենանտ Ալեքսան Պետրոսյանն է:

2002 թ.-ին նա ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 2008 թ.-ից հետբուհական կրթությունը շարունակել է կլինիկական օրդինատուրայում՝ անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ: 2011 թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա, ավարտել՝ 2014 թ.-ին: 5 տարի աշխատել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: 2015 թ.-ի դեկտեմբերին զորակոչվել է Ազգային բանակ` ծառայության անցնելով ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում:

– Պարո՛ն լեյտենանտ, այսօր շատ երկտարեցի բժիշկներ ծառայում են Ազգային բանակում` թե՛ զորային, թե՛ հոսպիտալային օղակներում` իրենց գիտելիքները, հմտություններն ու փորձառությունը ծառայեցնելով զինվորի և սպայի առողջության պահպանման և բարելավման գործին: Ապրիլյան պատերազմի օրերին էլ նրանք շարքում էին և շատերը (որոնց թվում՝ նաև Դուք) աչքի ընկան իրենց խիզախությամբ: Դուք քաղաքացիական հիվանդանոցներում աշխատելու փորձ ունեք, սակայն երբևէ պատկերացրե՞լ եք, որ ծառայության վայրը կլինի առաջնագծին այսքան մոտ հատվածում` մարտական թեժ գործողությունների գոտում:

– 2015 թ.-ի տարեվերջին, երբ ծառայության նշանակվեցի Մարտակերտի առանձին բժշկական ջոկատում, ծանոթացա բուժհաստատության անցած ճանապարհին, որը լի է հերոսական պատմություններով: Քիչ չեն եղել դժվարին պահերը, սակայն ԱԲՋ-ի անձնակազմը միշտ պատվով է հաղթահարել բոլոր փորձությունները: Նաև տեղեկացա, որ 2015 թվականին ԱԲՋ-ն ճանաչվել է ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ լավագույն ռազմաբժշկական զորամաս: Իհարկե, ի սկզբանե պարտավորեցնող էր այդպիսի վայրում ծառայելը: Կարճ ժամանակ անց համոզվեցի, որ լավագույնի բարձր կոչումը ԱԲՋ-ն իսկապես վաստակել է:

Որքան էլ պատկերացնեի ծառայության բնույթը` պայմանավորված սահմանային իրավիճակի լարվածությամբ, սկզբնական շրջանում ամեն ինչ անսովոր էր, սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի լիովին հարմարվեմ ծառայությանը: Այդ առումով մեծ դեր ունեցավ ԱԲՋ-ի անձնակազմը. ես ամեն օր տեսնում էի թիմային աշխատանք, միմյանց օգնելու պատրաստակամություն…

– Ինչպես Դուք էլ նշեցիք, ԱԲՋ-ն արժանիորեն է վաստակել լավագույնի կոչումը, իսկ ապրիլյան պատերազմն ասվածի ամենածանրակշիռ ապացույցն էր…

– Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԱԲՋ-ի հրամանատարի` բուժգծով տեղակալ, բ/ծ մայոր Սուրեն Հովհաննիսյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ վիրավոր ունենք. վիճակը ծանր էր… Վիրաբուժական բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Դավիթ Մարգարյանի հետ րոպեներ անց արդեն պատրաստ էինք վիրավորին դիրքերից տեղափոխող սանիտարական մեքենային ընդառաջ գնալուն` նպատակ ունենալով հնարավորինս կրճատել ժամանակը և առաջնագծին մոտ հատվածում որակավորված բուժօգնություն ցուցաբերել, ինչպես սովորաբար լինում է և, ցավոք, ոչ հազվադեպ: Դեռևս չէինք պատկերացնում իրավիճակի լարվածության աստիճանը, լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ճանապարհին, սակայն, արդեն որոշակիորեն պարզ դարձավ, որ մարտական գործողություններ են սկսվել, ընդ որում՝ բավականին մեծ ծավալով: Մեր ռեանիմոբիլից մի քանի մետր հեռավորության վրա արկեր էին ընկնում, անընդհատ կրակահերթեր էին լսվում: Իսկ վիրավորին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ սկսեցին արկակոծել տարածքը: Երբ հասանք ԱԲՋ, քիչ անց սկսվեց վիրավորների աննախադեպ հոսքը:

Ինչպես հայտնի է, քաղաքացիական կյանքում, երբ միաժամանակ մի քանի դժբախտ պատահարներ են գրանցվում, ինչի հետևանքով լինում են, օրինակ, հրազենային վիրավորումներ, շտապ օգնության ծառայությունը վիրավորներին գրեթե միշտ բաշխում է տարբեր բժշկական կենտրոնների միջև, քանի որ նույնիսկ 4-5 վիրավորների առկայությունը բավականին լուրջ իրարանցում է առաջացնում անգամ բազմապրոֆիլ քաղաքացիական բուժհաստատություններում: Մեր պարագայում ունեցել ենք վիրավորների անընդհատ հոսք: Մեծ է եղել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորների թիվը: Սակայն անգամ այդ պայմաններում որևէ վիրավորի ցուցաբերվող օգնությունը չի ուշացել: Երբեք ժամանակի կորուստ չենք ունեցել: Բացառիկ կազմակերպված, ներդաշնակ, թիմային աշխատանք է կատարվել անձնակազմի կողմից, և այսօր բաց ճակատով կարող ենք խոսել այդ մասին:

Կրակոցների ձայներն անգամ վիրահատարանում ենք լսել, սակայն ոչ մի վայրկյան խուճապ, իրարանցում չի առաջացել: Բոլորիս համար ծանր էր, սակայն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն էր, մարտական ոգին` բարձր, ինչի արդյունքում չտուժեց նաև բուժական գործը:

Մեծ գնահատանքի է արժանի հատկապես կին բուժաշխատողների ծառայությունը: Այդ ծանր օրերին նրանք հերոսական աշխատանք են կատարել:

Դեղորայքի, բուժսարքավորումների խնդիր երբևէ չենք ունեցել: Ավելին` մեր պաշարները համալրվել են: Աստված մի՛ արասցե, եթե մարտական գործողությունները վերսկսվեն, միշտ պատրաստ ենք պատվով կատարել մեր առջև դրված խնդիրը:

Հասմիկ Գյոզալյան