«Մեր բուժանձնակազմն ընտանիքի նման է և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ»

Երբ գործեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» Amda.am ֆեյսբուքյան էջը, մեզ հարցնում էին՝ ինչպես են դառնում զինվորական բժիշկ, ովքեր են նրանք, որտեղ են ծառայում: Լսելով նրանց՝ հասկանում էինք, որ մինչ այդ մեր զրուցակիցը կամ նամակագիրը չի էլ պատկերացրել՝ ինչպես է զինված ուժերում գործել բուժծառայությունը, իսկ հետո չէր թաքցնում զարմանքը՝ 18 տարեկան տղան որոշո՞ւմ է, որ ամբողջ կյանքում բանակում է ծառայելու, որպես բժիշկ ավելի շատ չե՞ն վաստակի, եթե քաղաքացիական բուժհաստատություններում աշխատեն…

Հայկ Հարությունյանը նույնպես ընտրել է զինվորական բժշկի բարդ ճանապարհը, և այդ հարցերին մեկ բառով պատասխանեց՝ պետք է: Նախ նա ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ապա ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ավարտելով ինտերնատուրան՝ որպես բուժկետի պետ, բուժծառայության պետ ծառայել է զորային օղակում: 2013-2016 թթ. ուսանել է կլինօրդինատուրայում (ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց), ստացել վարակաբանի մասնագիտական որակավորում:

– Ապրիլի 1-ին հանձնել էի կլինօրդինատուրայի ավարտական քննությունը, և մեկամսյա արձակուրդից հետո պետք է անցնեի ծառայության: Սակայն գիշերը պատերազմը սկսվեց: Գնացի Պաշտպանության նախարարություն և խնդրեցի արագացնել իմ նշանակումը՝ ինձ ուղարկել Մեխակավանի ԱԲՋ, որտեղ կկարողանայի և՛ բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, և՛ ընկերներիս կողքին լինել: Ապրիլի 4-ին արդեն Մեխակավանում էի: Պետք է խոստովանեմ՝ մտնելով ԱԲՋ՝ զարմացել էի. բուժանձնակազմն այնքան առույգ էր, զգոն, յուրաքանչյուրը՝ իր տեղում, ծառայությունը՝ կետ առ կետ համակարգված: Կարծես ոչ թե պատերազմ էր, այլ ծառայության բնականոն ընթացք: Ծանր վիրավորներն արդեն տեղափոխվել էին բուժօգնության հաջորդ էտապ, միջին և թեթև ծանրության վիրավորներ էին մնացել ԱԲՋ-ում: Բոլորին բուժեցինք, և կարճատև արձակուրդից հետո նրանք վերադարձան ծառայակից ընկերների մոտ: Նրանցից շատերն արդեն զորացրվել են, իսկ մյուսներն այսօր էլ շարունակում են ծառայությունը, հաղթողի հպարտությամբ հսկում են Արցախի խաղաղությունը:

Նշանակվելով ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի ընդունման բաժանմունքի պետի պաշտոնում՝ Հայկ Հարությունյանն անցնում է ծառայության:

Մեր բուժանձնակազմն ընտանիքի նման է և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ: Երբ հիվանդ կամ վիրավոր զինծառայող են բերում, ոչ միայն հերթապահ բժիշկն է գալիս ընդունարան, այլև մյուսները, ինչպես տանը, երբ հյուրին են դիմավորում: Զինվորը ներկայացնում է իր գանգատները, կատարվում են պարտադիր հետազոտություններ, սակայն լինում են դեպքեր, երբ հետազոտությունների արդյունքները գոհացնող են՝ ոչ մի շեղում, որը կարող է որևէ հիվանդության մասին վկայել, իսկ գանգատներն իրար հետ կապ չունեն: Փորձում ենք ամեն կերպ հասկանալ՝ ինչն է իրականում անհանգստացնում նրան, և մեր պարզ, մտերմիկ հարցերին, ի վերջո, զինվորը (կամա թե ակամա) անկեղծ է պատասխանում: Ավարտելով անհրաժեշտ թղթաբանությունը՝ զինծառայողին ուղեկցում ենք համապատասխան բաժանմունք կամ ցուցաբերելով առաջնային բուժօգնությունը՝ վերաուղեգրում այլ բուժհաստատություն:

Ինչպես տեղեկացրեց վարակաբան Հայկ Հարությունյանը, նախկինում Մեխակավանի ԱԲՋ-ում նաև ինֆեկցիոն բաժանմունք է գործել, և այսօր էլ ցանկալի է վերաբացել այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարակիչ հիվանդություններն առավել տարածված են զորային օղակում, իսկ Մեխակավանի ԱԲՋ-ն՝ որպես կայազորային ռազմաբժշկական հաստատություն, սպասարկում է ԼՂՀ ՊԲ-ի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մի քանի զորամասերի:

– Սակայն միայն ցանկությունը բավական չէ,- հավելեց Հայկ Հարությունյանը,- անհրաժեշտ են մասնագիտացված բուժանձնակազմ, համապատասխան պայմաններ՝ ծառայությունը հավուր պատշաճի կազմակերպելու, իրականացնելու համար: Մյուս կողմից, այսօր գործող իրավական նորմերի համաձայն, առանձին բժշկական ջոկատն իր կազմում ընդգրկում է ընդունման, վիրաբուժական, վերակենդանացման, թերապևտիկ բաժանմունքները:

Ծառայելով այս պաշտոնում՝ ես կարողանում եմ նաև խնդիր կատարել որպես վարակաբան՝ վաղ հայտնաբերելով վարակիչ հիվանդությունները և հիվանդներին վերաուղեգրելով այլ բուժհաստատություններ: Սակայն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի՝ դրանց վաղ կանխարգելման առաջին օղակը հենց զորամասն է, որտեղ այդ ուղղությամբ իրականացվում են կանխարգելման միջոցառումներ: Հիգիենիկ-համաճարակային անվտանգության ծառայությունը վերահսկում է սանիտարա-համաճարակային իրավիճակը՝ անհրաժեշտության դեպքում ցուցաբերելով մեթոդական և գործնական օգնություն: Աղիքային վարակները, սննդային գործոնով պայմանավորված թունավորումները կանխելու նպատակով ստուգվում են զորամասերի ջրամատակարարումը, սննդի կազմակերպումը, զինանձնակազմի սանիտարակենցաղային պայմանները:

Հայկ Հարությունյանը փաստեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ զինված ուժերում էականորեն նվազել են վարակիչ հիվանդությունները, իսկ արձանագրված վարակիչ հիվանդությունների գերակշռող մասը սուր շնչառական հիվանդություններն են՝ առաջացման և տարածման օբյեկտիվ պատճառներով, որոնցից են.

– ՍՇՀ հարուցիչների առկայությունը բնության մեջ և դրանց ակտիվացումը հատկապես որոշակի ամիսների ընթացքում: Զինծառայողների կարճատև արձակուրդները, տեսակցությունները հարազատների հետ (գաղտնիք չէ, որ երդման բազմամարդ արարողություններից հետո անմիջական շփման հետևանքով շնչառական վարակները թափանցում են զորամաս): Կամ նորակոչիկները կարող են նաև ադապտացիոն դժվարություններ ունենալ, իսկ, ինչպես գիտենք, սթրեսային հոգեվիճակում օրգանիզմն առավել խոցելի է դառնում վիրուսային վարակների կողմից: Ձմեռային զորակոչի ժամանակ նորակոչիկների հիվանդացությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ հավաքակայանից զորամաս նրանք մեկնում են «թեթև» հագուստներով, և ֆիզիկապես թույլ, ոչ կոփված օրգանիզմը կարող է չդիմանալ:

Սակայն երիտասարդ օրգանիզմն ունի ներուժ այդ գործոնների դեմ պայքարելու՝ «ինքնավերականգնվելու», և բժիշկների օգնությամբ կարողանում է հաղթել հիվանդությանը:

Էդիտա Մելքոնյան