Մարտական դիրքում հայտնվում ես միանգամայն այլ իրականության մեջ…

Դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհը միշտ սպասված է: Հերթական անգամ այն տանում է դեպի 3-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամաս: Մեզ ուղեկցում է զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, գումարտակներից մեկի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ա. Կարապետյանը: Արդեն կացարանի մոտ մեզ դիմավորում է զորամասի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանը:

Դիրքապահները մարտական տրամադրվածությամբ, հպարտ կեցվածքով են ողջունում հրամանատարներին: Պայմանագրային զինծառայողներ են, բոլորն էլ՝ տեղացի և հսկելով սահմանի` իրենց վստահված հատվածը` անմիջապես իրենց տունն են պաշտպանում, թիկունքին մշտապես զգալով հայրենի գյուղի տաք ու ապրեցնող շնչառությունը` նոր ուժ ստանում:

Անխախտ «ավանդույթի» համաձայն` նախ վայելում ենք դիրքապահների պատրաստած սուրճը: Հարաբերական անդորր է: Այնքան խաղաղ է, որ մոռանում ես` յուրաքանչյուր հաջորդ վայրկյանը կարող է անկանխատեսելի լինել: Բավականին երկար ժամանակ թշնամին ոտնձգությունների չի դիմել: Ավելին` վերջին շրջանում նվազագույնի են հասել նաև անկանոն կրակոցները:

«Ներկա դրությամբ սահմանի երկայնքով համատարած խաղաղություն է տիրում: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Սակայն ոչ մի վայրկյան զգոնությունը չենք թուլացնում: Այս ժամանակահատվածը մենք օգտագործում ենք դիրքերի ամրապնդման, անձնակազմի ամենօրյա մարզումների և այլ ուղղություններով աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի հարկ եղած դեպքում անձնակազմը կարողանա արագ կողմնորոշվել, ճիշտ դիրքավորվել և արդյունավետ մարտ վարել: Ոչ մի վայրկյան չի կարելի հանգստանալ: Հանգստանալու իրավունք չունենք, քանի որ մեր դիմաց կանգնած է նույն ոխերիմ թշնամին: Անընդհատ պետք է սովորել, պատրաստվել և կատարելագործվել»,- նշում է զորամասի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանը:

Զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, մայոր Ա. Կարապետյանն էլ վստահեցնում է, որ անձնակազմի ոգին միշտ ամուր է, տրամադրվածությունը` մարտական. «Անգամ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ և դրանից հետո թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային անձնակազմերի շրջանում ընկճվածություն, անհանգստություն չի նկատվել: Տրամադրվածությունը մարտական էր: Բոլորն էլ պատրաստ էին դիմագրավելու թշնամու ցանկացած ոտնձգություն և այսօր էլ պատրաստ են պատվով կատարել իրենց սրբազան պարտքը` Հայրենիքի պաշտպանությունը»:

Փոխգնդապետ Ա. Մկրտչյանը ևս կարևորում է անձնակազմի տրամադրվածությունը, ինչպես նաև հրամկազմի կողմից զինծառայողների մարտական ոգու ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքները. «Ապրիլյան պատերազմի օրերին մեր անձնակազմը տեսնում էր իրենց զինակից ընկերների հերոսական պայքարը Արցախում, տոգորվում նրանց սխրանքով: Վստա՛հ եղեք` անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր զինվոր իր պարտքը բարձր գիտակցմամբ ու նվիրումով է կատարելու»:

Հրամանատարի տեղակալները գոհունակությամբ են խոսում նաև զորամասի բուժանձնակազմի ծառայության մասին:

«Բոլոր օղակները հետևողականորեն են իրականացնում իրենց ծառայությունը: Բուժօգնությունը մշտապես ցուցաբերվում է ժամանակին: Եվ վստահ եմ` ցանկացած պարագայում այդպես կլինի: Բուժանձնակազմի ծառայությունը գնահատելի է: Նրանց շնորհիվ մենք «պարտություններ» չենք ունեցել»,- մեր զրույցը եզրափակում է զորամասի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը:

***

Պայմանագրային գումարտակի բուժակ, կրտսեր սերժանտ Աննա Ջաղինյանն ուշադրությունս գրավում է անմիջապես. կոկիկ համազգեստը, սաղավարտն ու զրահաբաճկոնը, ինքնաձիգը և… սանիտարական պայուսակն ամբողջացնում են զինվորական բուժքրոջ կերպարը:

Աննան ծառայում է 2010 թվականից, վերջին երեք տարին՝ որպես գումարտակի բուժակ: Մինչ այդ կատարել է վաշտի սանհրահանգչի պարտականությունները: Կողբ գյուղի բնակիչ է, երկու զավակների մայր, որոնցից ավագը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող է, իսկ այս պահին ծառայում է ՊՆ զորամասերից մեկում: Աննան չափազանց մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր ծառայությանը:

«Յուրաքանչյուր հերթափոխից առաջ մշտական տեղակայման վայրում կատարվում է անձնակազմի ընդհանուր բուժզննում, որից հետո համապատասխան նշումներ եմ կատարում մարտական հերթապահության մեկնող անձնակազմի բուժզննման մատյանում: Ստուգվում է նաև անձնական հիգիենայի պարագաների հագեցվածությունը, անհրաժեշտության դեպքում` լրացվում: Առողջական խնդիրների դեպքում զինծառայողներն անմիջապես դիմում են գնդի բուժկետ, իսկ թեթև խնդիրների դեպքում ես եմ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում` բժշկի պարտադիր հսկողությամբ: Հերթափոխի օրերին բավականին հաճախ շրջում եմ գումարտակի բոլոր դիրքերով, հետաքրքրվում զինծառայողների որպիսությամբ, հարկ եղած դեպքում` օգնություն եմ ցուցաբերում, դեղորայք տրամադրում»,-պատմում է գումարտակի բուժակը:

Կացարաններում, ճաշարաններում սահմանված կարգով իրականացվում են նաև ախտահանման աշխատանքներ:

«Ստուգվում են ջրամբարները, ճաշարանը, սպասքը, սննդի ժամկետները, դրանց պահպանման պայմանները… Ախտահանման միջոցառումներն առավել հետևողականորեն են իրականացվում հատկապես ամառային սեզոնին` հնարավոր ինֆեկցիաները կանխելու նպատակով: Ամառային սեզոնը բավականին հանգիստ էր, ինֆեկցիաներ, թունավորման դեպքեր չենք ունեցել: Կցանկանայի նշել, որ զորամասի բուժանձնակազմը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում իր ծառայությունը` սկսած բուժծառայության պետից մինչև բուժակներ և սանհրահանգիչներ»,- շարունակում է Աննան:

***

Անձնակազմի ամենաերիտասարդ զինծառայողը` Հրայր Նասիբյանը, գրեթե տասը տարի շարքում է. պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունց հետո` 2008 թվականից, անցել է պայմանագրային ծառայության: Պատմաբան է, ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

«Անձնակազմի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` միշտ մարտական: Արդեն երկու տարի է` այստեղ եմ անցկացնում ծառայությունս: Մեր անձնակազմի կողմից դիրքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, և բոլորիս համար հարազատ վայր է դարձել…»,- պատմում է զինծառայողը:

Հրայրը հիշում է` իր ծառայության ընթացքում առավել լարված են եղել 2014 թվականի օգոստոսը, 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները: Տղերքն անառիկ են պահել դիրքերը… Այսօր էլ կանգնած են ամուր ու վստահ. «Զգոնությունը միշտ բարձր է: Բոլորս հասուն ենք, կյանքի, ծառայության փորձառություն ունենք, նաև հստակ գիտակցում ենք մեր առաքելությունը: Յուրաքանչյուրն իր գործին գերազանց տիրապետում է, ինչն օգնում է ցանկացած իրավիճակում ճիշտ և արագ կողմնորոշվելուն»:

Հ.Գ.: Վերևում` մարտական դիրքում, հայտնվում ես միանգամայն այլ` զուգահեռ իրականության մեջ… Զարմանալիորեն ավելի ապահով ու խաղաղ իրականության: Իրերին ու երևույթներին նայում ես միանգամայն այլ դիտանկյունից, վերարժևորում խաղաղությունը, որի համար ամեն վայրկյան կյանքի ու մահվան կռիվ են տալիս տղերքը:

Անփորձանք ծառայություն մաղթելով հայրենիքի նորօրյա պաշտպաններին` իջնում ենք դիրքերից…

Հասմիկ Գյոզալյան

  • 1911