Երեք զինվոր

Ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ անց այցելել էի ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ: Բաժանմունքներում բուժվող զինծառայողները հիմնականում ԼՂՀ հարավարևելյան սահմանագծում տեղակայված զորամասերից էին: Զինվորներ, ովքեր տեսել էին պատերազմը, և յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ:

…Հիշում էի Վահեի խոսքերը. «Երբ նրանք գրավեցին Ադամենց դիրքը, մենք հեռադիտակով տեսնում էինք, ինչպես էին… Աստված իմ, ո՞նց եմ ապրելու էս հիշողություններով… երանի…»: Ու բոլոր բառերը, բոլոր հարցերը, որ պտտվում էին մտքիս մեջ, թվում էին կեղծ, հնարովի: Նրանք ընկեր էին կորցրել: Եվ միջանցքում նրանց հանդիպելիս միայն ողջունելու «արիություն» էի ունենում:

Լռությունը «խախտեց» զինվորներից մեկը՝ հրետանավոր նշանառու Գեորգի Քոչարյանը: Ուզում էր իմանալ՝ ով եմ, ինչ եմ անում ԱԲՋ-ում… Հետո նաև իր մասին պատմեց.

– Նախնիներս Ամարասից են: Ես էլ 14 տարեկանից Ամարասի վանական համալիրում որպես մոմավաճառ եմ աշխատել, որպես հսկիչ: Ամեն առավոտ, երբ բացում էի վանքի դռները, կարծես ինչ-որ բան էր փոխվում իմ մեջ, ավելի էի մոտենում, ճանաչում Նրան և օրեցօր սկսում էի «չճանաչել» ինձ՝ ով էի երեկ և ով եմ այսօր:

Լինում էին օրեր, երբ ձյունը ծածկում էր բոլոր ճանապարհները, քամին ու տեղացող ձյունը հարվածում էին դեմքիս, բայց այնպիսի ոգևորությամբ էի քայլում առաջ՝ դեպի վանքը, այնպիսի հրճվանքով էի տրորում ձյան հաստ շերտը, որ կարծես արածս հերոսություն էր… Նրա շունչը զգում էի ամեն ինչում՝ Արցախի ամեն քարի, հողի, ջրի, օդի մեջ, և օրեցօր հայրենի հողի նկատմամբ իմ ակնածանքը պաշտամունք էր դառնում:

Ես միշտ զարմանում եմ՝ ի՞նչ ուժ է դա, ի՞նչ «գեր-գերբնական» ուժ ունի այս հողը, որի համար մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է իր կյանքը տալուն… Ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, երբ տղաներն իրենց կյանքի գնով թույլ չտվեցին, որ թշնամին ոտք դնի Արցախի հողի վրա:

Գեորգին դեռ չէր ավարտել խոսքը, երբ մի տղա մոտեցավ մեզ, վերցնելով աթոռը՝ նստեց մեր դիմաց, ապա հարցրեց.

– Չեմ խանգարի, չէ՞:

Երիտասարդը հետախուզական դասակի շարքային զինծառայող Տիգրան Խաչատրյանն էր: Լսելով Գեորգիին՝ Տիգրանը հարցրեց.

– Ինչի՞ չես պատմում՝ ո՞նց եք «սատկացրել» դրանց. մեր հրետանին փայլել է պատերազմի ժամանակ…

– Մենք ընդամենը կրակային խնդիր ենք կատարել,- անշտապ պատասխանեց հրետանավոր նշանառու Գեորգի Քոչարյանը,- ի՞նչ ասեմ (…ինչ գիտեք, բավական է):

Չկարողանալով կոտրել ընկերոջ լռությունը՝ Տիգրանը պատմեց իրենց հետախուզական դասակի մասին.

– Ապրիլի 1-ինհերթականառաջադրանքը կատարելիս նկատեցինք, որ հակառակորդը կարծես սողեսող մոտենում էր: Սև գոտու նման ձգվող նրանց շարքերի և մեր պաշտպանական բնագծի միջև հեռավորությունն աստիճանաբար փոքրանում էր: Այնուհետև՝ գիշերը, սկսեցին հրետակոծել: Երբ մի քանի րոպե լռություն տիրեց (առաջին ժամանակավոր լռությունն էր), դուրս հանեցինք գլուխներս, որպեսզի տեսնենք՝ ինչ է կատարվում մեր շուրջը: Տեսանք, որ արդեն մեզ են հասնում…

Զինվորը ծիծաղում է (մտածում եմ՝ երևի հուզմունքն է փորձում թաքցնել կամ վախը), բայց նա շարունակում է.

– Գոռացի. «Տղե՛րք, էս ոչխարները մեզ փղի տեղ են դրել, ճիշտ եմ ասում, դրանք շատ մեծ կարծիք ունեն մեր մասին, մեզանից վախենում են, բա՞ որ չվախենային, մի դիրքի վրա, որտեղ 7 կամ 8 հոգի է լինում, մի քանի հարյուր հոգով կհարձակվեի՞ն»: Մրջյունների նման գալիս էին ու գալիս, բայց հո՜ չջարդեցինք դրանց… Ու ոչ մի զոհ չտվեցինք…

Տիգրանը ծիծաղում է ավելի բարձր:

Պետք է տեսնեիք՝ ո՜նց էին փախչում՝ իրար տրորելով, իրար վրա կրակելով,- …հետո կարծես փոքր-ինչ տխուր ձայնով ավելացնում է,- այդ պահին բոլորս մի մարդու նման կնետվեինք առաջ, բայց թույլ չտվեցին:

– Չե՞ս մտածել՝ գուցե ճիշտը դա էր,- Տիգրանին ընդհատում է Գեորգին,- այդ պահին գուցե դա ոչ թե համարձակություն կլիներ, այլ ինքնասպանություն…

…Օրն արդեն մթնել էր: Հիվանդասենյակներից մեկում մի զինվոր սկսեց երգել «Սեր իմ անմոռաց» երգը: Այնքան բարձր էր երգում, որ լսվում էր և՛ ԱԲՋ-ի բակում, և՛ մյուս հիվանդասենյակներում: Երբ ծանոթացա նաև երգող զինվորի՝ շարքային զինծառայող Գրիգոր Քամալյանի հետ, նա ասաց.

– Վաղուց չէի երգել, վաղուց, այսինքն՝ ինչ զորակոչվել եմ, դե՛ զորամասում ո՞վ կթողնի՝ երբ ուզեմ, երգեմ, իսկ հոսպիտալում գտել եմ մարդկանց, ովքեր ինձ լսում են:

Հետո պատմեց, որ ինքը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի բաժինն է ավարտել, մարզվել է դուքենդո ֆուլլ կոնտակտ կարատեով, մասնակցել բազմաթիվ առաջնությունների…Գրիգորը նորակոչիկ էր (զորակոչվելուց օրեր անց տեղափոխվել էր ԱԲՋ):

Հ.Գ.: Երեք զինվորներ, որոնցից երկուսն անցել էին քառօրյա պատերազմի հորձանուտով՝ ապրելով ընկերների կորստյան ցավը, բայց և հպարտ, որ կասեցրել են հակառակորդի լայնածավալ հարձակումը, և մեկը, որ նոր է զինվորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, այսօր էլ պատրաստ են անառիկ պահել մեր սահմանները:

Էդիտա Մելքոնյան