Երբ վիրահատարանի պատերից այն կողմ պատերազմ է…

Ապրիլյան պատերազմի օրերին մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու, անձնուրաց աշխատանքի, անմնացորդ նվիրման համար բարձր է գնահատվել զորային և հոսպիտալային օղակների ինչպես բժշկական կազմի, այնպես էլ միջին բուժանձնակազմի ծառայությունը:

ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Սիրուն Ստեփանյանը մարտական գործողություններից հետո պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով: Երիտասարդ բուժքույրն անթաքույց հուզմունքով է խոսում բարձր պարգևի մասին. «Երանի պարգևատրվելու առիթը պատերազմը չլիներ… Երախտապարտ եմ՝ ծառայությունս գնահատելու համար: Չափազանց պարտավորեցնող պարգև է»:

Սիրուն Ստեփանյանը Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է: 2011 թվականին ավարտել է Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջը, 2012 թվականին՝ ծառայության անցել դեռևս Ալաշանում տեղակայված ԱԲՋ-ում՝ որպես վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի բուժքույր:

Երբ վիրահատարանի պատերից այն կողմ պատերազմ է…

Առաջին պատերազմը չեմ հիշում. փոքր եմ եղել, սակայն մեծացել եմ պատերազմի մասին պատմություններով: Արդեն հինգերորդ տարին է՝ ԱԲՋ-ի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքում եմ և, որքան էլ ցավալի է, այս ընթացքում հաճախ եմ առնչվել պատերազմի հետ. թշնամու ոտնձգությունների հետևանքով ժամանակ առ ժամանակ ունեցել ենք ծանր վիրավորներ: Այդ ամենով հանդերձ՝ երբևէ չեմ պատկերացրել, որ կարող են լայնածավալ գործողություններ սկսվել: Ապրիլի մեկի գիշերը ես հերթապահ էի: Այդ օրերի տագնապը հնարավոր չէ բառերով փոխանցել. երբ ապրում ես ամեն վիրավոր զինվորի ցավը, երբ օրեր շարունակ գրեթե դուրս չես գալիս վիրահատարանից, անընդհատ լսում ես ընկնող արկերի որոտը ու գիտես, որ այդ պատերից դուրս իրական պատերազմ է: Դառը երազ էր, անգամ չէինք հավատում, թե այն կավարտվի:

Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր ողջ անձնակազմին, հատկապես ԱԲՋ-ի հրամանատար Խորեն Ազարյանին, հրամանատարի՝ բուժգծով տեղակալ Սուրեն Հովհաննիսյանին, բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին… Նրանք ամենածանր պահերին հուսադրում էին ինձ հարազատի նման, ու ես աննկարագրելի ուժ էի ստանում:

Մի վիրահատությանն անմիջապես հաջորդում էր մյուսը՝ առանց ընդմիջման, առանց թեկուզ կարճ դադարի, բայց մենք չէինք հոգնում: Զարմանալի եռանդ կար:

Աշխատանքը պետք է կատարվեր, և ոչինչ չէր քննարկվում: Ոչ ոք չէր մտածում, թե իր փոխարեն միգուցե պետք է ուրիշը աշխատի: Ընդհակառակը՝ աշխատանքը «խլում էին» միմյանցից և դա անում էին սրտանց:

Անգամ հերոս բառն ամբողջությամբ չի բնութագրում մեր զինվորներին…

Երբեք չեմ մոռանա վիրավոր տղաներին: Մեր զինվորներից մեկը ծանր վիրավորում ուներ, սակայն ինքն իրեն, իր ցավի մասին մոռանալով, անընդհատ զինակից ընկերոջ անունն էր տալիս, հարցնում՝ որտեղ են ընկերները:

Երբ խոսում էինք պատերազմական իրավիճակի մասին, մեր 18-20 տարեկան զինվորները վստահեցնում էին, որ ամեն ինչ լավ կլինի. չէին ցանկանում, որ անհանգստանանք…

Սկզբնական շրջանում, երբ հեռուստացույցով տեսնում էի մեր ծանր վիրավորներին արդեն ապաքինման փուլում, անկախ իմ կամքից, հուզվում էի, ուրախանում… Հիշում եմ բոլորին, մտածում եմ նրանց մասին: Չեմ կարողանում հարմար բառեր գտնել նրանց մասին խոսելու համար: Անգամ հերոս բառը ամբողջությամբ չի բնութագրում մեր զինվորներին:

Հասմիկ Գյոզալյան