«Այդ պահից իմ կյանքը դարձավ անվերջ փնտրտուք, սպասում»

Սեպտեմբերի 28-ին անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանը կդառնար 58 տարեկան: 1994 թվականի հունվարի 5-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման ստացավ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարեց մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով: Հունվարի 7-ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

Դժվար է անցյալ ժամանակով գրել մի մարդու մասին, ում երկու տասնամյակից ավելի՝ 22 տարի, սպասում են, անվերապահորեն հավատում նրա վերադարձին:

Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մշակութամասսայական գծով հրահանգիչ է և այցելուներին հաճախ է ուղեկցում, պատմում պանթեոնում ամփոփված սուրբ նահատակների կյանքի ու սխրանքի մասին: Իսկ Յուրին Եռաբլուրում չէ… նրան դեռ սպասում են: Նրա կնոջ, զավակների, հարազատների համար կյանքը հավերժ սպասում է:

…Տիկին Զարինեն իմ խնդրանքով բացում է թղթապանակը, ամուսնու լուսանկարներն է ցույց տալիս: Իրար վրա դարսված թղթերի մեջ նկատում եմ ոչ միայն Յուրի Առուստամյանի, այլև նրա զինակից ընկերների լուսանկարները, յուրաքանչյուր լուսանկարի հետ՝ մարտիկի անցած ուղին: Ազատամարտիկի կինը դրանք խնամքով հավաքել ու փոքրիկ արխիվ է ստեղծել:

Երկար զրուցում ենք: Համո Սահյանի «Կգամ» բանաստեղծությունից մի քանի տող է արտասանում, ու աչքերում արցունքներ եմ նշմարում, ձայնը նկատելիորեն փոխվում է… Սակայն անմիջապես ուժ է գտնում, շարունակում զրույցը:

Մեր դաշտերի առաջին ծաղիկները Յուրին ինձ էր նվիրում…

Ծնվել ու մեծացել եմ Հայաստանի ամենագողտրիկ վայրերից մեկում՝ Սյունյաց աշխարհի Կապան քաղաքում: Ծնողներիս ու երկու քույրերիս հետ ապրում էինք քաղաքի կենտրոնական հատվածում: Այդ տարիների իմ ամենագեղեցիկ ու ջերմացնող հուշերում Յուրան է՝ մանկությանս անբաժան ընկերը: Նրանք բնակվում էին մեր տնից քիչ հեռու՝ բազմաբնակարան շենքում, բայց մի բակում էինք խաղում, միասին մեծանում…

Խաղերից հետո ամենից հաճախ Յուրին էր ինձ տուն ուղեկցում: Բանակ զորակոչվելուց առաջ սեր խոստովանեց: Յուրօրինակ խոստովանություն էր, առաջին հայացքից անգամ փոքր-ինչ անհասկանալի. ընդամենը մի նախադասություն ասաց. «Կսպասես, ես կգամ բանակից, հետո կամուսնանաս»: Ծառայության տարիներին հաճախ էր նամակներ, գեղեցիկ բացիկներ ուղարկում, որոնցում անսահման ջերմություն ու հոգատարություն էր ծրարում:

Ժամանակն աննկատ անցավ: Մի քանի օրով մեկնում էի Երևան: Ուշ երեկոյան, երբ տեսա Կապան գնացող հանդիպակաց գնացքը, սիրտս վկայեց, որ Յուրան նրա մեջ է: Զանգահարեցի տուն, մայրս ասաց, որ նա արդեն Կապանում է և զանգահարել է ինձ: Վերադարձա… եկել էր կայարան՝ ինձ դիմավորելու:

Կարճ ժամանակ անց նշանադրվեցինք: 1981 թվականին ծնվեց մեր առաջնեկը՝ Դենիսը, 1983 թ.-ին՝ դուստրս՝ Մարինան:

…Ես կատարյալ երջանիկ էի: Հիմա հաճախ եմ մտածում, որ կյանքն ամեն ինչ մատուցեց ինձ միանգամից, արագ, հախուռն կերպով՝ մեծ սեր, երջանիկ ընտանիք, հրաշալի երեխաներ… Իսկ հետո…

Յուրին անսահման նվիրված էր ինձ ու երեխաներին: Այնքան ուշադիր էր, սիրող, հոգատար: Յուրահատուկ մարդ էր: Զբաղվում էր մի քանի մարզաձևերով, ուներ պատվոգրեր, առաջին կարգի մրցանակներ: Հրաշալի երգում էր, պարում, նկարում, այնքան կյանքով լեցուն էր: Սիրում էր նվիրել: Ծաղիկներ էր նվիրում՝ մեր սարերից, ձորերից փնջած հրաշք ծաղիկներ: Առաջին ձնծաղիկը, մանուշակը, առաջին վարդը միշտ իմն էին…

Պատերազմը…

1991 թվականի վերջերին իրավիճակը սկսեց լարվել: Պատերազմն ամենուր էր: Կապանը պարբերաբար հրթիռահրետակոծության էր ենթարկվում: Օդային հարվածների ամսաթվերը ես մինչ օրս անգիր հիշում եմ: Մեր շենքը, մեր բնակարանը ևս հայտնվեցին թշնամու թիրախում: Վայրկյան առ վայրկյան հիշում եմ այդ քաոսը, այդ սարսափելի րոպեները: Այդ ժամանակ շատերն էին ստիպված հեռանում քաղաքից, իսկ ես մտածում էի, որ ոչ մի դեպքում չպետք է հեռանանք, քանի որ քաղաքը մեզանով է շնչում:

Մի օր հանդիպեցի Յուրիի ղեկավարի կնոջը, ում հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ ունեինք: Նա տարակուսանքով ասաց, թե ամուսինն անհանգիստ է, քանի որ Յուրան աշխատանքի չի գնում, հաճախակի է բացակայում՝ հակառակ իր պարտաճանաչությանը: Ինձ համար այդ ամենը զարմանալի էր: Դեռ չէի պատկերացնում, որ նա արդեն բոլորից գաղտնի կամավորագրվել է պայքարին:

Լարված օրեր էին, անընդհատ սպասում էինք նոր հարվածների: Մի օր իջել էի ավտոտնակ, պատահաբար զինվորական համազգեստ գտա, և այդ պահից ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար: Որպես կին՝ փոքր-ինչ սրտնեղեցի, թեև ներքուստ հպարտ էի: Սկսեց ավելի հաճախակի բացակայել տնից: Ու ոչինչ չէր պատմում, ինչքան էլ խնդրեի: Դրսում տարբեր խոսակցություններ էի լսում մարտերի ընթացքի, ընդհանուր իրավիճակի մասին ու երբ փորձում էի ճշտել, կատակի էր տալիս՝ ասելով. «Ով է այդ «հետախույզը», տանենք մեզ մոտ, այդպիսի լավ կադրերի կարիք ունենք»:

Այդ ընթացքում Յուրին միայնակ, իր ուժերով ապաստարան կառուցեց: Իր ձեռքով պատրաստած երկհարկանի մահճակալ տեղադրեց այնտեղ, որպեսզի բակի մանկահասակ երեխաները հարմարավետ քնեն:

1992 թ.-ի նոյեմբերից իր կամքով դիմեց Կապանի զինկոմիսարիատ, ստացավ ծանուցագիր և ծառայության անցավ Կապանի թիվ 1 գումարտակում:

Ուշ-ուշ էր տուն գալիս: 1993 թվականին՝ Զանգելանի ազատագրման ժամանակ, մեր որդուն՝ Դենիսին, վիրահատեցին: Յուրան նորից կողքիս չէր: Դժվար պահեր էին, օդային տագնապ, ռմբակոծություններ… Երբ հիվանդանոցում էի, անընդհատ վիրավորներ էին բերում, հաճախ որդուս մենակ թողած՝ վազում էի և նրանց մեջ Յուրային փնտրում…

…1993 թվականի մայիսի 9-ից ստեղծվեց Շիկահողի թիվ 6 գումարտակը, որտեղ հրամանատարի նախաձեռնությամբ ընդգրկվեցին փորձառու, հմուտ տղաներ: Յուրին դասակի հրամանատար էր: 1993 թվականի դեկտեմբերին 21-ին՝ որդուս ծննդյան օրը, երբ մի ակնթարթով տուն մտավ, ասաց, որ ձմեռային արձակուրդին երեխաների հետ պետք է ժամանակավորապես տեղափոխվեմ Շիկահող:

Ծառայությունը կարծես թե բնականոն հունով էր ընթանում, թեպետ սահմանները լարված էին: Սակայն հունվարի 5-ին Յուրին հայտնեց, որ տագնապ է, պետք է անպայման գնա: Խնդրեցի՝ ինձ ու երեխաներին Կապան տանել, որպեսզի ինձ համար դեռևս օտար գյուղում մենակ չմնամ, բայց պատասխանեց, որ չի կարող բացակայել: Ձյունախառն օր էր: Յուրին տանն էր, ես էլ լուսամուտից դուրս էի նայում, որ հենց մեքենան գա, տեղեկացնեմ իրեն: Մինչ այդ նկատեցի, որ բոլորովին նոր ճտքակոշիկները թողած՝ հին, մաշված ճտքակոշիկներն է հագնում: Պատճառը հարցրի, ասաց, որ զինվորներից մեկի ոտքերը թաց են, նորը նրան է տալու: Մեքենան եկավ, Յուրին նստեց թափքում՝զինվորների կողքին: Այդ օրը նրան վերջին անգամ տեսա…

…Անբացատրելի տագնապ ու անհանգստություն կային: Հենց այդ գիշեր տարօրինակ, չարագուշակ երազ տեսա: Անցավ երկու օր, Յուրիից՝ ոչ մի լուր:

Հիշեցի, որ մաշված ճտքակոշիկներով է դուրս եկել և մի քանի զույգ գուլպա վերցնելով՝ գնացի շտաբ: Մտածեցի՝ կխնդրեմ որևէ մեկին, կփոխանցեն: Բայց… ոչ ոք իմ ձեռքից գուլպաները չվերցրեց: Խուսափողական պատասխաններ էին տալիս: Բոլորը գիտեին՝ ինձնից բացի…

Հունվարի 11-ն էր, կրկին՝ ոչ մի լուր: Քրոջս ամուսինը եկավ մեր հետևից: Երբ տեսա նրան, սիրտս կծկվեց, բայց չէի ուզում հավատալ: Ամբողջ ճանապարհին հարցեր էի տալիս ու կրկին խուսափողական պատասխաններ ստանում: Դժվարությամբ իջա ավտոմեքենայից: Դրսից նկատեցի, որ մեր տան վարագույրը շարժվում է, և տանը շատ մարդ կա: Նստել էի միջանցքում և չէի կարողանում առաջ գնալ: Յուրիի քույրն ընդառաջ եկավ ու միայն երկու բառ ասաց՝ Յուրին չկա: Չէի ուզում հավատալ… Այդպես էլ երբեք չհավատացի, չհամակերպվեցի: Այդ պահից իմ կյանքը դարձավ անվերջ փնտրտուք, սպասում: Սկսեցի զանգահարել Սյունիքի մարզի, Արցախի հոսպիտալներ և հիվանդանոցներ, բոլոր ծանոթներիս: Փնտրում էի ամեն տեղ, ուր հնարավոր էր: Մարտական ընկերներն ասում էին, որ նա հավանաբար զոհվել է, բայց միևնույն է` սիրտս չէր ընդունում: Արդեն հունվարի վերջն էր ու… նույն անորոշությունը: Յուրայի զինվորները զորացրվում էին: Գալիս էին մեզ հրաժեշտ տալու և պատմում էին, թե որքան հոգատար ու սրտացավ է եղել իրենց նկատմամբ, թե ինչպես էր հավատում մեր հաղթանակին, ինչպես էր զինակից ընկերների հետ մինչև վերջ պայքարել, և ես ավելի շատ էի հավատում, որ նա ողջ է:

«Միևնույնն է, կգամ…»

Կյանքը շարունակվում էր, և ես պարտավոր էի ապրել: Սկսեցի աշխատանքի գնալ: Դժվար է նկարագրել այդ օրերը: Ես ունեի երջանիկ ընտանիք, բայց անորոշության մղձավանջի մեջ էի… Փորձում էի ամեն ինչ անել, որ երեխաներս չզգան հոր ուշադրության պակասը:

Ես իրավունք չունեի Յուրիի ստեղծած օջախը շեղել իր ավանդույթներից: Միշտ կողքիս զգում էի նրա ներկայությունը: Թոռնիկներս փոքր են, բայց նրանք էլ զգում են պապիկի ներկայությունը և սիրում են նրան: Ես ամեն օր չեմ պատմում նրանց պապիկի մասին, բայց իմ տանն ապրում են Յուրիի մասին հուշերը:

…Ես երբեք չհավատացի, չհամակերպվեցի Յուրիի կորստի հետ: Ուժ գտա ապրելու, որովհետև ոչ մի վայրկյան չդադարեցի հուսալ, որ մի օր դուռը կբացվի, ու նա ներս կգա: Ինչպես տարիներ առաջ հանդիպակաց գնացքը տեսնելով՝ սիրտս վկայեց, որ նա վերադարձել է, այդպես էլ այսօր… Ես հավատում եմ, որ նա կգա՝ ամոքելու մեր ցաված սրտերը:

Յուրի Առուստամյանի մարտական ուղին

Յուրի Առուստամյանը, 1992 թվականի ապրիլից միանալով կամավորական ջոկատներին, մասնակցել է հայրենի եզերքի պաշտպանության մարտերին: Նույն թվականի նոյեմբերից ծառայության է անցել Կապանի թիվ 1 գումարտակում և ծառայել մինչև 1993 թվականի մայիսը: Ծառայության ընթացքում ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ սահմանների պաշտպանությանը (Լաչին, Հորադիզ, Զանգելան, Ռազդարա), Կուբաթլուի, Կապան քաղաքի և սահամանմերձ գյուղերի` Դավիթ-Բեկի, Ագարակի, Շիկահողի, Սրաշենի, Հանդի պաշտպանական մարտերին: 1993 թ.-ի մայիսին տեղափոխվել է Շիկահողի թիվ 6 գումարտակ՝ որպես դասակի հրամանատար: Ծառայության ընթացքում ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: Գումարտակը 1994 թվականի հունվարին տեղափոխվել է հարավարևելյան սահմանագոտի՝ Հորադիզ կայարանի մարտական դիրքեր: Մարտական գործողությունների ժամանակ Յուրի Առուստամյանը, զինակիցներիհետ չնահանջելով, հայտնվել է շրջափակման մեջ, և այդ պահից նրա ճակատագիրն անհայտ է:

Հասմիկ Գյոզալյան

  • 3
  • 4
  • 2