Քրիս Ֆոգել. «Առաջին տպավորությունը, որ ստացել եմ հայ ռազմական բժիշկներից, անշուշտ, դրական է»

Սեպտեմբերի 27-ից 29-ը ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի առաջին մակարդակի ինքնագնահատում:

Չափազանց կարևոր այս իրադարձությունը բնույթով եզակի է. ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը՝ որպես ռազմաբժշկական միավոր, առաջին անգամ է գնահատվում ՕԿՀ շրջանակներում: 72 ժամ տևողությամբ զորավարժությանն ընդգրկված են ՊՆ խաղաղապահ բրիգադի և ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 500 ներկայացուցիչներ: 3 օրերի ընթացքում ստուգվել են ավելի քան 250 քննական հարցեր:

Ինքնագնահատման փուլին դիտորդական առաքելությամբ մասնակցում են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ Ֆրանսիայից և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Նրանք վերահսկում են բուն զորավարժությունը և ինքնագնահատման գործընթացը: Ներկա են նաև դիտորդներ ԱՄՆ-ից:

Զորավարժության ընթացքին հետևում է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ով ՆԱՏՕ-ի ՕԿՀ շրջանակներում շարժական դաշտային հոսպիտալի առաջին մակարդակի ինքնագնահատումը ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության կարևորագույն միջոցառումներից մեկն է համարում. «Ինչպես գիտեք, սույն թվականի մարտի 31-ից ապրիլի 23-ը ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումը մասնակցել է Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացված «Միաձուլված սուր-2016» զորավարժությանը, որին ներգրավված էին շուրջ 5000 զինծառայողներ: Այն չափազանց կարևոր էր փորձի ձեռքբերման և ՀՀ զինված ուժերը ներկայացնելու առումներով: Հոսպիտալի անձնակազմը խնդիրը հաջողությամբ կատարեց և վերադարձավ: Այսօր, համաձայն պլանի, տեղի է ունենում ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալի ինքնագնահատում: Ինքներս գնահատում ենք մեզ, մեր կարողությունները՝ իրական պատերազմական ժամանակահատվածում խնդիրը կատարելու առումով: Ես առանձնազրույց ունեցա ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր հետևում են ինքնագնահատման գործընթացին: Նրանք իրենց գնահատականների մասին կխոսեն ամփոփումից հետո միայն, սակայն նրանց կարծիքը բավականին բարձր է կատարված աշխատանքների վերաբերյալ: Ինքնագնահատման փուլին հաջողության դեպքում արդեն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կողմից հաջորդելու է գնահատումը, և ակնկալիքները մեծ են, որ այդ պարագայում ԻՄԵԴՍ (EMEDS)-ը կստանա ՆԱՏՕ-ի չափորոշիչներով որակավորված հոսպիտալի կարգավիճակ և համաձայն մեր երկրի վերադաս ղեկավարության որոշումների՝ կբացազատվի ու իր խնդիրը կկատարի ըստ անհրաժեշտության»:

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ ԻՄԵԴՍ (EMEDS) դաշտային շարժական հոսպիտալը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Անձնակազմում ընդգրկված են բարձրակարգ մասնագետներ, և հոսպիտալը կարող է դաշտային պայմաններում անխափան կատարել խնդիրը:

«Կարծում եմ՝ այս հոսպիտալը մեր լավագույն միավորներից է: Պատերազմական իրավիճակներում այն կարող է հաջողությամբ կատարել խնդիրը»,- եզրափակեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Քրիս Ֆոգելը, ով ծառայում է Իզմիրի՝ ՆԱՏՕ-ի հրամանատարական կետերից մեկում, դիտորդական խմբի կազմում է և վերահսկում է ՆԱՏՕ-ի ՕԿՀ շրջանակում շարժական դաշտային հոսպիտալի առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը: Թեպետ դիտորդական խումբը վերջնական եզրակացությունը կներկայացնի միայն զորավարժության ամփոփումից հետո, սակայն գերմանացի փոխգնդապետը պատմեց իր տպավորությունների մասին.

«Առաջին տպավորությունը, որ ստացել եմ հայ ռազմական բժիշկներից, անշուշտ, դրական է: Ակնհայտ է նրանց մասնագիտական պատրաստվածության որակը, արհեստավարժությունը: Պետք է շեշտեմ, որ նշված բոլոր որակներից զատ՝ բարձր է նաև միջազգային կառույցների հետ փոխգործակցության կարողությունը: Ես տեսնում եմ բավականին լուրջ աշխատանք: Մենք գտնվում ենք ճիշտ ուղղության վրա: Իհարկե, կան նաև փոքրիկ թերացումներ, որոնց մասին կխոսենք զորավարժությունն ամփոփելուց հետո, բայց դրանք իրականում չնչին թերություններ են: Այս տեմպերով շարունակելու դեպքում ամեն ինչ լավ կլինի»:

Բուն զորավարժություններին նախորդել են նախապատրաստական բուռն աշխատանքները, որոնք ներկայացրեց դաշտային շարժական հոսպիտալի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության վերլուծության պլանավորման բաժնի ավագ սպա, բուժծառայության փոխգնդապետ Գեղամ Փաշիկյանը.

«ՆԱՏՕ-ի ՕԿՀ շրջանակներում շարժական դաշտային հոսպիտալի առաջին մակարդակի ինքնագնահատման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2016 թվականի մայիսին՝ ՆԱՏՕ-ի ՕԿՀ գնահատողների խորհրդատվական այցից հետո: Այնուհետև կազմվել է ինքնագնահատման հարցաշար, որին հետևել են դրանում ընդգրկված հարցերի ուսումնասիրման, դասընթացների կազմակերպման և անցկացման, անձնակազմի պատրաստման աշխատանքները: Սեպտեմբերի 5-ից հոսպիտալը բացազատվել է «Զառ» ուսումնական կենտրոնում, որից հետո կրկին տարբեր դասընթացներ են անցկացվել, այդ թվում՝ ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների անմիջական օգնությամբ»:

Շարժական դաշտային հոսպիտալի հրամանատարը ևս վստահ է՝ հոսպիտալը լիովին կիրառելի է պատերազմական իրավիճակներում:

«Ես ցանկանում եմ հատուկ շեշտել, որ ամբողջ աշխարհում սա առաջին զինվորական հոսպիտալն է, որ ՆԱՏՕ-ի գնահատում է անցնում: Իհարկե, եղել են համազորային ստորաբաժանումներ, սակայն որպես ռազմաբժշկական միավոր՝ մեր հոսպիտալն առաջինն է: Ես այս մասին խոսում եմ մեծ հպարտությամբ»,- ամփոփեց Գեղամ Փաշիկյանը:

ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը բաղկացած է անգլերեն H տառի ձևով ծավալված վրան-բաժանմունքներից: Հիվանդների հոսքն ապահովվում է բացառապես վրանների ներսում` միջանցքների շնորհիվ: Գործում են անհետաձգելի բուժօգնության, վիրաբուժության, հիվանդների պահման և տարհանման բաժանմունքները, ատամնաբուժական կաբինետը, կարևոր գործառույթներ են իրականացնում նաև հոսպիտալի շտաբը, թիկունքային ապահովման ստորաբաժանումը և դեղատունը: Ավելացել է հիվանդասենյակների քանակը, ստեղծվել է հատուկ հիվանդասենյակ՝ նախատեսված գերիների համար: Հոսպիտալն ապահովված է անհրաժեշտ բուժսարքավորումներով և նյութատեխնիկական միջոցներով ու կարող է լիարժեք իրականացնել իր գործառույթները:

ԻՄԵԴՍ (EMEDS)-ն իր գործառույթներով մոտ է առանձին բժշկական ջոկատի (ԱԲՋ) գործառույթներին, սակայն հոսպիտալի պետի տեղակալ-շտաբի պետ,ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ԲԾԿՄ ամբիոնի դասախոս, բուժծառայության մայոր Ալբերտ Համբարձումյանի խոսքով՝ այստեղ իրականացվում է ոչ միայն որակավորված, այլև որոշ դեպքերում նաև մասնագիտացված բուժօգնություն:

Ալբերտ Համբարձումյանը բարձր է գնահատում անձնակազմի կատարած աշխատանքը, պատրաստվածությունը. «Ամբողջ անձնակազմը ստացել է տեսական հարուստ գիտելիքներ, ինչպես նաև իրականացվել են գործնական պարապմունքներ: Նրանք լիովին պատրաստ են ցանկացած իրավիճակում, օրինակ՝ հոսպիտալի ուղղությամբ հրաձգության պարագայում, բուժական միջոցառումներին զուգահեռ անհրաժեշտ գործողություններ իրականացնելուն: Ի դեպ, հոսպիտալում ունենք հատուկ վահանակ, որը նմանաբնույթ իրավիճակներում հուշող դեր է կատարում: Այնտեղ նշվում է, թե արտակարգ իրավիճակներում անձնակազմն ինչ գործողությունների պետք է դիմի, ընդհուպ մինչև համապատասխան համազգեստ կրելու կարգը: Հոսպիտալի անձնակազմը կարող է լիարժեք կատարել խնդիրը: Աստված մի՛ արասցե, եթե պատերազմական իրավիճակ լինի, այն կարող է կարճ ժամանակում ծավալվել առաջնագծին մոտ վայրում և արագ ընդունել առաջին վիրավորներին, մինչև մյուս դաշտային հոսպիտալների ծավալումը»:

Զորավարժության ղեկավար, գնդապետ Արթուր Երոյանը ևս գոհունակությամբ խոսեց զորավարժության կազմակերպչական աշխատանքների, ընթացքի մասին:

***

Զորավարժության ընթացքում խաղարկվում են տարբեր սցենարներ՝ հնարավորինս մոտեցված պատերազմական իրավիճակին: Շարժական դաշտային հոսպիտալը խաղաղապահ բրիգադի կազմում ծավալված է պայմանական երկրում: Հոսպիտալի անձնակազմը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակում ճիշտ և արագ կողմնորոշվելուն և իր առջև դրված խնդիրը կատարելուն, այն է՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել ոչ միայն բրիգադի զինծառայողներին, այլև տեղաբնիկներին:

Օրինակ՝ ըստ խաղարկվող սցենարներից մեկի՝ սեպտեմբերի 28-ի առավոտյան հումանիտար օգնություն է ուղարկվել նախապես որոշված երթուղով: Շարասյան ուղեկցումը կատարվել է զորախմբի ուժերով, սակայն ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով 2 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ:

Մեկ այլ սցենարի համաձայն՝ կրկին պարեկային խումբ էր ուղարկվել նախապես որոշված երթուղով: Սակայն տեղի բնակիչները, ովքեր բողոքի փոքրիկ ցույց էին կազմակերպել, փակել էին ճանապարհը, և պարեկային խումբը հարկադրված կանգ էր առել: Ցուցարարների մեջ մահապարտ էր հայտնվել և պայթեցրել իրեն ամրակցված պայթուցիկը: Վիրավորների թիվը բավականին մեծ էր՝ 35 հոգի, որոնցից 5-ը զինվորականներ էին, 30-ը՝ քաղաքացիական անձինք: Առաջին օգնությունից հետո բոլոր վիրավորները տեղափոխվեցին հոսպիտալ: Հոսպիտալի բակում վիրավորների տեսակավորման հրապարակ ծավալվեց, որտեղ անձնակազմն ընդունեց նրանց: Նախ դեպքի վայրից տարհանվեցին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորները, որոնց անմիջապես տեղափոխեցին վիրահատարան: Այնուհետև կատարվեց վիրավորների տեսակավորում և կազմակերպվեց բուժօգնությունը՝ ըստ վիրավորման ծանրության աստիճանի:

2 ծայրահեղ ծանր վիրավորները վիրահատությունից հետո ուղղաթիռներով տարհանվեցին հաջորդ էտապ, իսկ միջին և թեթև ծանրության վիրավորներն անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվեցին հիվանդների պահման և տարհանման բաժանմունք:

Նշենք նաև, որ այսօր ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի առաջին մակարդակի ինքնագնահատման փուլն ավարտվում է: Վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում:

Հ.Գ.: Տեսանյութը՝ շուտով:

Հասմիկ Գյոզալյան

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11 (1)
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24