«Մեր զինվորները շատ հպարտ են և երբեմն իրենց ցավերի, գանգատների մասին նույնիսկ չեն բարձրաձայնում»

Այցելելով զորամասեր և լուսաբանելով զորային օղակում բուժապահովման կազմակերպումը՝ հաճախ ենք լսում, որ «վաշտի սանհրահանգիչները ռազմական բուժծառայության, թերևս սխալ չէր լինի ասել, առաջին օղակն են»: Երիտասարդ զինծառայողներն իրենց գանգատների մասին առաջին հերթին տեղեկացնում են նրանց: Մարտական գործողությունների ժամանակ նրանք են առաջինը հասնում վիրավորներին:

ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի բուժկետի պետ, բ/ծ լեյտենանտ Գևորգ Հարությունյանը կարևորեց սանհրահանգիչների դերը թե՛ մարտական հենակետերում՝ վաշտի հետ մարտական հերթապահություն իրականացնելիս, թե՛ զորամասի բուժկետում.

– Սանհրահանգիչները պատասխանատու են վաշտի անձնակազմի առողջության պահպանման՝ սանիտարահակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու, հիվանդներին ժամանակին հայտնաբերելու համար: Հայտնաբերելով հիվանդներին՝ նրանք զեկուցում են վաշտի հրամանատարին, ապա հիվանդին ներկայացնում գնդի կամ գումարտակի բուժկետ: Նրանք իրականացնում են բժշկի նշանակած տարրական բուժական միջոցառումները և հսկում, որպեսզի հիվանդը կատարի բժշկի ցուցումները: Սակայն սանհրահանգիչները հերթապահություն են իրականացնում նաև զորամասի բուժկետում որպես բուժկետի հերթապահ բժշկի կամ բուժակի օգնական և ուղղակիորեն մասնակցում են հիվանդների ընդունման, բուժման գործընթացներին:

Ինչպես փաստեց Գևորգ Հարությունյանը, իրենց զորամասի բոլոր սանհրահանգիչները բժշկական նախնական կրթություն ունեն. մի քանիսն արդեն ավարտել են ԵՊԲՀ-ի բակալավրը և զորակոչվել են մագիստրատուրայից, մյուսները բժշկական բուհերի 2-րդ, 3-րդ կուրսերի ուսանողներ են: Զորակոչվել են որպես շարքային զինծառայող և որոշ ժամանակ ծառայելով նախապատրաստական գումարտակում ՝ սահմանված կարգով ներկայացվել են վերադաս օղակներին՝ սանհրահանգիչների շարքերը համալրելու նպատակով: Մասնակցել են սանհրահանգիչների պատրաստման հատուկ դասընթացներին և այսօր կարողանում են լուծել իրենց առաջադրված խնդիրը:

– Ապրիլյան պատերազմից հետո, ինչպես գիտեք, զորքը «մարտական տագնապի» մեջ էր: Եվ բոլոր սանհրահանգիչները գտնվում էին մշտական տեղակայման վայրից դուրս՝ իրենց վաշտերի հետ,- շարունակում է Գևորգ Հարությունյանը:- Զորամասի բուժծառայության պետը, բոլոր բժիշկ-մասնագետները նույնպես առաջնագծում էին, և անցնելով մի հենակետից մյուսը, դիրքից դիրք, խրամատից խրամատ՝ մենք տեսնում էինք՝ ինչպիսի պատասխանատվությամբ ու նվիրումով են սանհրահանգիչները իրականացնում ծառայությունը: Մենք վստահ էինք, որ մինչև մեր հասնելը նրանք չեն կորցնի վիրավորի կյանքը փրկելու «ոսկե րոպեները» և ամեն ինչ կանեն՝ իրենց ուժերի, հնարավորությունների սահմաններում:

Զորամասի բուժկետում մենք զրուցեցինք նաև վաշտի սանհրահանգիչներ Տիգրան Վասիլյանի և Սերգեյ Գրիգորյանի հետ (ինչպես նշեց բուժկետի պետը, Տիգրան Վասիլյանը գրեթե պատրաստված է եկել, նա մագիստրատուրայի ուսանող է, սովորել է գերազանց առաջադիմությամբ, իսկ Սերգեյ Գրիգորյանը զորակոչվէլ է ԵՊԲՀ-ի 2-րդ կուրսից և, կարելի է ասել, ամեն ինչ սովորել է տեղում՝ առօրյա ծառայությունն իրականացնելիս):

Մեզ հետ զրույցի ընթացքում վաշտի սանհրահանգիչ Սերգեյ Գրիգորյանը պատմեց.

Երբ վերադարձա սանհրահանգիչների պատրաստման հատուկ դասընթացներից, զորամասի բուժծառայության պետը, բուժկետի պետն ինձ հնարավորություն տվեցին կարծիք հայտնելու (դա ինձ համար և՛ անսպասելի էր, և՛ շատ կարևոր): Ես ոգևորվել էի: Նրանք թույլ էին տալիս, որ ինքնուրույն որոշումներ կայացնեմ, ինքնուրույն քայլեր ձեռնարկեմ, բայց, ինչ խոսք, ամեն վայրկյան հսկում էին ինձ: Այդպես աստիճանաբար դարձա ավելի վստահ և այսօր ծառայությունս ավելի արդյունավետ եմ իրականացնում:

Լինելով վաշտի սանհրահանգիչ՝ ես նաև զինվոր եմ, և դա ինձ օգնում է զինվորի հոգեբանությունը հասկանալու գործում: Վաշտում անընդհատ շփվում եմ զինվորների հետ և երբեմն առաջին բառից, խոսելու ձևից «ճանաչում» նրանց: Նրանք շատ տարբեր են՝ տարբեր ընտանիքներից մեկտեղված, տարբեր արժեհամակարգեր, խառնվածքներ ունեցող…

Եվ թերևս չենք կարող ժխտել, որ տարբեր արժեհամակարգ ու խառնվածք ունեցող երիտասարդների միջև թեմաներն էլ տարբեր են, որոնք երբեմն միջանձնային հարաբերությունների խախտման պատճառ են դառնում: Սանհրահանգիչը չի թաքցնում, որ, այո՛, իրենց դիմել են ոչ միայն առողջական խնդիրներ ունենալու դեպքում: Նա հիշում է դեպքեր՝ ինչպես են իրենց միջամտությամբ «բացահայտվել» զինվորների միջև առկա միջանձնային խնդիրները և հարթվել իրենց կամ հրամանատարների միջնորդությամբ:

– Նույնիսկ ընտանիքում հնարավոր չէ խուսափել շահերի «բախումներից»,- լսելով մեր զրույցը՝ ասաց վաշտի սանհրահանգիչ Տիգրան Վասիլյանը,- ամենուր, որտեղ մարդիկ կան, շահերը բախվում են…

Սակայն շատ հաճախ, հավատացե՛ք, միջամտելու անհրաժեշտություն չի լինում. զինվորները գտնում են հաշտության եզրերը, որովհետև, ի վերջո, մեկ ազգ ենք, ու մեզ ընդհանուր թշնամու դեմ մեր պայքարը, մեր գաղափարն է միավորում:

Վաշտի սանհրահանգիչ Տիգրան Վասիլյանին ուղղում եմ վերջին՝ «հերթապահ» հարցերից մեկը՝ ինչ առողջական խնդիրներով են ավելի հաճախ դիմում:

– Մեր զինվորները շատ հպարտ են և երբեմն իրենց ցավերի, գանգատների մասին նույնիսկ չեն բարձրաձայնում, նամանավանդ եթե մարտական հենակետերում են: Չեն ուզում թողնել ընկերներին: Չեն փորձում փախչել դժվարություններից (իսկ մենք հենց դրա համար ենք, որ հայտնաբերենք նրանց, ու համապատասխան բուժական միջոցներ կիրառվեն),- պատասխանում է վաշտի սանհրահանգիչը, ապա հպարտ շարունակում,- որպես սանհրահանգիչ ծառայելու ընթացքում իմ վաշտի բոլոր հիվանդներին բուժել ենք, իսկ վիրավորներ չեմ ունեցել երբեք, փա՛ռք Աստծո… ոչ թե այն պատճառով, որ թշնամին «խնայել է», այլ մեր զինվորներն են խստագույնս հետևել և այսօր էլ հետևում են անվտանգության կանոններին, այլապես նույնիսկ ամենահմուտ հրամանատարը կամ ամենաարագ սանհրահանգիչը չեն կարող նրանց փրկել թշնամու գնդակից:

Հ.Գ.: Մեր այցելության ժամանակ զորամասի բուժծառայության պետ, բ/ծ կապիտան Վահրամ Գաբրիելյանը զորամասում չէր: Սակայն զրույցի ընթացքում սանհրահանգիչները հիշում էին, թե նա դրական ինչ դերակատարում է ունեցել իրենցից յուրաքանչյուրի ծառայության ընթացքում:

Էդիտա Մելքոնյան