«Աղոթե՛ք մեր ժողովրդի համար…»

Անցած կիրակի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում հանդիպեցի մեր զինվորական բժիշկներից մեկին՝ ՊՆ ԿԿԶՀ-ի ատամնաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Արտաշես Քարտաշյանին, ով նստած էր՝ փոքրիկ որդուն գրկած: Փոքրիկը բժշկի չորրորդ զավակն է, երկու դստրիկները դպրոցական են, իսկ որդիներից ավագը մանկապարտեզ է հաճախում: Մոտեցա նրանց, և զրույցի ընթացքում բժիշկը, ինչպես ամեն անգամ, զարմացրեց ինձ.

– Զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ՝ ինձ տեղափոխեն Տավուշ: Ուզում եմ ծառայությունս Տավուշի ԱԲՋ-ում շարունակել:

– Ինչո՞ւ,- հետաքրքրվեցի ես:

– Իմ հող ու ջուրն է, կինս էլ այնտեղից է: Մեր ծնողներն այնտեղ են ապրում: Երեխաներս էլ թող այնտեղ ապրեն, այնտեղ մեծանան: Այդպես կսովորեն, որ դա է իրենց երկիրը, կսիրեն ու երբեք ուրիշին չեն տա,- պատասխանում է բժիշկն ու պատմում, որ արդեն խոսել է եղբոր՝ տեր Աբելի հետ, և նա տվել է իր օրհնությունը:

…Ես հիշում եմ իմ առաջին հանդիպումը Արտաշես Քարտաշյանի հետ: Երբ մտա նրա աշխատասենյակ, սեղանի վրա՝ ուղիղ իր առջև, դրված էին Աստվածաշունչը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2015 թվականի Տարեմուտի ուղերձը, իսկ ձախ կողմում թերթեր էին ու թղթապանակներ:

– Կարդացե՞լ եք,- հարցրեց ինձ՝ ցույց տալով նախարարի ուղերձը:

– Որոշ հատվածներ:

– Ամբո՛ղջը կարդացեք:

Ապա բացեց գիրքը, սկսեց թերթել ու կարճ հատվածներ կարդալ տարբեր էջերից: Հետո փակեց այն ու ձեռքը դնելով գրքի վրա՝ ասաց՝ ինչ մտածում էր (կարծում եմ՝ մարգարեացավ…): Ես ժպտացի:

– Մտածո՞ւմ եք՝ խենթ եմ:

– Ո՛չ:

Նա էլ ժպտաց.

– Մի անգամ հոսպիտալի վերադասներին, ծառայակից ընկերներիս առաջարկեցի, որ ամեն առավոտ՝ ծառայությունը սկսելուց առաջ, ինչպես բոլոր զորամասերում, շարքով կանգնենք հոսպիտալի բակում, բարձրացնենք մեր հայրենիքի դրոշը, «Հայր մեր»-ն ասենք, մեր պետության օրհներգը երգենք…

– Ես էլ մեծ սիրով ամեն առավոտ կմասնակցեի այդ արարողությանը:

…Բժիշկը սկսեց աղոթել, հետո երգեց հատվածներ պատարագից, բայց ամենատպավորիչ ակորդը, որ մինչ այսօր հնչում է հիշողությանս մեջ՝ «Վասն միաբանության զՏեր աղաչեսցուք…»:

– Աղոթե՛ք մեր ժողովրդի համար…

Վերադառնալով տուն՝ Արտաշես Քարտաշյանի մասին ակնարկ գրեցի՝ իրականում ոչինչ նրա մասին չգրելով (http://amda.am/?p=2416#more-2416): Ամիսներ անց իմացա, որ հոսպիտալի աղոթատանը սկսել են նաև պատարագ մատուցել, և Արտաշես Քարտաշյանն իր դստրերի հետ երգում է պատարագի ժամանակ:

Հ.Գ.: Ամեն անգամ շփվելով զինվորական բժիշկների հետ՝ ես համոզվում եմ, որ նրանք մեր բանակի լավագույն մտավորականներից են:

 

Էդիտա Մելքոնյան