«Սակայն երբ հիշում եմ՝ ինչպես Արցախյան գոյամարտում նվաճեցինք ազատ, անկախ ապրելու մեր իրավունքը…»

Արցախ տանող բոլոր ճանապարհները նոր ասքեր են բացահայտում: Յուրաքանչյուր ծանոթություն դառնում է թանկ, յուրաքանչյուր անուն ջերմ ալիք է արթնացնում հիշողություններիս մեջ…

Ջեբրայիլ մեկնելիս ուղեկիցս երիտասարդ կին էր:

– Անունս Յունա է՝ Յունոնա,- ասում է նա:

«юная она». անվան առաջին բացատրությունն էր, որ մտքիս եկավ…

– Յունոնան հռոմեական դիցարանում կնոջը կենսատու ուժ պարգևող, ամուսնության, մայրության աստվածուհին է եղել: Հայրս է ինձ անվանել այդ անվամբ:

– Ի՞նչ մասնագիտություն ունի Ձեր հայրը:

– Բժիշկ է:

Եվ զրույցի ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ Յունայի հայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ Համո Բաբայանն է: Նա շուրջ 51 տարի (1965 թվականից) աշխատում է Հադրութի շրջանային հիվանդանոցում՝ նախ որպես բժիշկ-մասնագետ, ապա՝ որպես գլխավոր բժիշկ (1984-1994 թթ.), իսկ այսօր հիվանդանոցի միակ վարակաբանն է, ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարը: Երբ սկսվում է Արցախյան պատերազմը, Համո Բաբայանն ինքնակամ ստանձնում է Հադրութում ռազմաբժշկական ծառայությունը կազմակերպելու, իրականացնելու պատասխանատվությունը, ռազմադաշտային շարժական հոսպիտալներ է ստեղծում Խծաբերդում, Ազոխում: Զինադադարի կնքումից հետո շարունակում է ծառայությունը ԼՂՀ զինված ուժերում՝ նախ գնդի բուժկետի, ապա բուժծառայության պետի պաշտոններում:

– Մեր բնակարանը, նրա աշխատասենյակը կարծես շտաբ էր դարձել ազատամարտիկների համար,- պատմում է Յունան,- բոլորը մեզ հարազատ էին դարձել, բոլորն էլ իրենց կյանքը չէին խնայում Արցախի համար: Հայաստանից Հադրութ եկած բժիշկներին նույնպես մեր տանն էինք թաքցնում. նրանց հետապնդում էին, և եթե որևէ մեկին ձերբակալելու հրաման էր տրվում, ապա միջոցներ չխնայելով, դիմելով ստի, կեղծիքի՝ ակտավորում էին ու տանում Շուշիի կամ Կիրովաբադի բանտ: Հակառակորդը քաջ գիտակցում էր, որ կապելով բժիշկների ձեռքերը՝ մարտիկները կարծես անպաշտպան էին դառնում: Սակայն որքան կատաղի էին հետապնդում նրանց, այնքան ավելի վճռական էին դառնում մեր բժիշկներն ու կամավորականները:

Հիշում եմ՝ ինչպես էին ռուս զինվորները խուզարկության ժամանակ նայում մեր սրբապատկերներին. չգիտեմ՝ որպես քրիստոնյա, որպես հավատակից արդյո՞ք համարում էին մեզ իրենց «մերձավորը» (ինչպես Սուրբ գիրքն է ասում), թե նրանց համար նշանակություն չուներ, որ նույն Աստծուն ենք դավանում…

Ավարտելով խոսքը՝ Յունան հարցնում է.

– Իսկ Դո՞ւք որտեղ եք աշխատում, ի՞նչ մասնագիտություն ունեք:

– Լրագրող եմ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայում:

– Տեսնո՞ւմ եք՝ ինչպես իրար գտանք: Бог большой насмешник…

Եվ Երևանից Հադրութ տանող ճանապարհն անցնում է աննկատ:

– Հայրս մարդկանց բուժելու իր շնորհը Մարտիրոս պապից է ժառանգել: Պապն ընդամենը 4 դասարան էր սովորել Գտչավանքում, բայց ասում էր, որ երազում տեսել է մարդու անատոմիան ու հասկացել՝ ինչը ինչպես պետք է բուժել: Երբ մարդիկ հիվանդանում էին, գալիս էին նրա մոտ, թեև գյուղում բուժակ կար,- պատմում է Յունան, ապա ծիծաղելով շարունակում,- գիտե՞ք՝ ինչ էր գրված Մարտիրոս պապի «դիպլոմի» մեջ. «Տրվում է Մարտիրոս Պետրոսի Խաչատուրյանին՝ առ այն, որ նա իրավունք ունի բուժելու մարդկանց և կենդանիներին, և նա իր շնորհքը և գործիքները իրավունք ունի կտակելու միայն իր թոռանը՝ Համո Բաբայանին: Եվ կարող է ստանալ բժշկի աշխատավարձ» Իսկ գրության տակ ստորագրել էին Բժշկական ինստիտուտի պրոֆեսորներն ու դասախոսները: Սակայն դիպլոմի բնօրինակը կորչելու ունակություն ուներ: Ամեն անգամ, երբ դիպլոմն անհետանում էր, պապիկը մի լաչակ էր կապում, դուրս գալիս գյուղամեջ ու գյուղի բուժակին հարցնում. «Դո՞ւ ես գողացել դիպլոմս…»:

Մարտիրոս պապը100 տարուց ավելի է ապրել: Նրա զավակները, թոռները տարվա մեջ մի քանի անգամ հավաքվում էին Տումիում, ամբողջ գերդաստանով սեղան նստում, իսկ Պուժի տատիկն առատ և համեղ կերակուրներով ծածկում էր սեղանը: Այն ժամանակ չէի մտածում նրանց պատմությունները գրի առնելու մասին, կարծում էի՝ միշտ կողքիս են լինելու, ու դեռ ժամանակ ունենալու եմ…

Երբ հասանք Հադրութ, մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն օրեր անց ես հյուրընկալվեցի Համո Բաբայանի տանը:

– Պատերազմի տարիներին,- պատմում է Յունան,- երբ խաղաղ երեկոներ էինք ունենում, հավաքվում էինք հյուրասենյակում, ես և մայրս ռոմանսներ էինք երգում ճրագի լույսի ներքո: Վիրաբույժ Իգոր Կարապետյանը, վերհիշելով այդ երեկոները, 16 տարի անց խոստովանել էր. «Ձեր տանն ինձ թվում էր՝ Պետերբուրգում եմ հայտնվել»:

– Ճիշտ է, պատերազմ էր, բայց մարդիկ անկեղծ էին միմյանց նկատմամբ, սիրում էին կյանքը, գնահատում միմյանց, անշահախնդրություն կար,- շարունակում է բժիշկը,- իսկ այսօր… Կյանքն անցավ Հեղնար աղբյուրի նման… Ափսոսանք եմ զգում… Սակայն երբ հիշում եմ՝ ինչպես Արցախյան գոյամարտում նվաճեցինք ազատ, անկախ ապրելու մեր իրավունքը, ինչպես մեր որդիները, թոռները հերոսացան ապրիլյան պատերազմի օրերին, սիրտս դողում է հպարտությունից:

Միասին դուրս ենք գալիս պատշգամբ, և ցույց տալով հանդիպակաց բարձունքը՝ բժիշկը պատմում է, թե ինչպես էր թշնամին այնտեղից վերահսկում ամբողջ շարժը, հրետակոծում ոչ միայն բնակելի շենքերը, այլև հիվանդանոցը, ճանապարհները, հետո դրվագ առ դրվագ վերհիշում է՝ ինչպես պարտիզանական ջոկատներն ազատագրեցին այն:

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին Հադրութում պարտիզանական ջոկատներ կազմավորվեցին: Երիտասարդ տղաներ էին՝ ազգի սերուցքը, ընտրյալներ…,- անուն առ անուն վերհիշելով տղաներին՝ Համո Բաբայանը շարունակում է,- իրավիճակը Հադրութում չափազանց սրվել էր. թշնամու ուժերն անհամեմատ գերակշռում էին, ու թեև մեր կամավորականները իրենց կյանքի գնով փորձում էին կանգնեցնել թշնամուն, միևնույնն է, օրեցօր օղակը սեղմվում էր: Ես հրաման եմ ստանում, որ պետք է հիվանդանոցը հնարավորինս արագ տեղափոխել թիկունք: Նախապատրաստում ենք բոլոր վիրավորներին, անհրաժեշտ սարքավորումները տեղավորում մետաղական մեծ արկղերի մեջ (մեքենաները բակում մեզ էին սպասում), և երբ թվում է՝ վերջ, արդեն կարող ենք մեկնել, զանգում են Հադրութի ջոկատի տղաներն ու ասում. «Եթե դուք տեղափոխվեք, մենք թողնում ենք դիրքերը: Մենք քո հույսով ենք…»: …Ամբողջ պատասխանատվությունը վերցնելով ինձ վրա՝ որոշում եմ կայացնում, որ մնում ենք հիվանդանոցում: Եվ իմ որոշումն արդարացված էր: Տղաները ոգևորվել էին և կատաղի մարտերի ընթացքում, ծանր կորուստներ հասցնելով թշնամուն, նրանց ստիպեցին նահանջել:

Սակայն հիվանդանոցում մնալ իսկապես չէինք կարող. այն գտնվում էր դիտարկվող տարածքում, և թուրքերը հանդիպակաց բլրի գագաթից զենիթային զինատեսակներով մի քանի անգամ հրետակոծեցին հիվանդանոցը: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ հարվածեցին, վիրաբույժներ Ալբերտ Հայրապետյանը (նա Կիսլավոդսկից էր ժամանել) և Վարդան Խաչատրյանը (գյումրեցի էր) ներսում էին: Անտեսելով ամեն վտանգ՝ մենք շտապեցինք այնտեղ… Այդ դժվարին պայմաններում պետք էր նաև հնարավորինս արագ իրականացնել վերանորոգման աշխատանքները, թեև ավերածությունների հետքերը մինչև այսօր էլ պահպանվել են հիվանդանոցի պատերի վրա:

Մարտի 30-ին կրակահերթն ավելի սաստկացավ, և մենք ստիպված եղանք տեղափոխվել վարչակազմի նկուղ: Մոտ երկու տարի նկուղային պայմաններում է հիվանդանոցի բուժանձնակազմն իրականացրել ծառայությունը՝ գիշեր-ցերեկ անխափան ապահովելով բոլոր բաժանմունքների գործունեությունը: Այդ օրերին մենք ոչ միայն վիրավորներին փրկելու խնդիր ունեինք, այլև անհրաժեշտ էր ապահովել տեղի բնակիչների բուժսպասարկումը: Ծննդատան բաժանմունքին էլ երկու սենյակ էինք հատկացրել, և պատկերացրե՛ք՝ այդպիսի պայմաններում նույնիսկ ծնունդ էինք ընդունում:

– Երբ գալիս էր տուն, հագուստն ամբողջովին արյան մեջ էր, իսկ աչքը հեռախոսից չէր կտրում,- հիշում է բժշկի կինը՝ Նեստան-Դարեջան Գրիգորյանը (պատերազմի տարիներին նա աշխատել է հիվանդանոցում որպես լաբորանտ-բուժակ),- այն ժամանակ հեռախոսակապ ունենալը «ճոխություն» էր, բայց նա էր գլխավոր բժիշկը, և պետք է հասանելի լիներ ամեն իրավիճակում: Հադրութի ջոկատի հրամանատարը մի քանի անգամ առաջարկել էր մեր նկուղ հոսանք քաշել, բայց Համոն թույլ չէր տվել. «Իմ ընտանիքն էլ կապրի ճրագի լույսի ներքո, ինչպես մյուսները»:

Բժիշկը նույն վճռականությամբ ընդհատում է կնոջը.

-Ճիշտ է, այդ օրերին ես կարողանում էի Հադրութի գինու գործարանից անսահմանափակ քանակությամբ սպիրտ և գինի վերցնել, բայց մեծ դժվարությամբ էի դրանք փոխանակում վառելիքի հետ (գաղտնի կապերս օգտագործելով): Տղաներին բենզին էր պետք, վիրահատարանը լուսավորելու, սարքավորումներն աշխատեցնելու նպատակով կերոսին էինք օգտագործում: Ինչպե՞ս կարող էի թույլ տալ, որ իմ նկուղը լուսավորելու համար այդ վառելիքը օգտագործեին:

Ես փորձում եմ բացել «գաղտնի կապերի» փակագծերը, և բժիշկը կցկտուր պատասխանում է.

– Երբ ռուսները եկան Հադրութ, նրանց մեծ խնդությամբ, գրկաբաց ընդունեցինք, քաղցրավենիք, հրուշակեղեն, հայկական գինի, օղի էինք հյուրասիրում (…հետո արդեն սկսեցինք փոխանակել վառելիքի հետ, իհարկե՝ գաղտնի, նրանց շարքերում մեզ հավատարիմ, երախտապարտ մարդիկ էին մնացել):

– Բազմաթիվ թուրք գերիներ նույնպես, վերադառնալով յուրայինների մոտ, համարձակվել են բարձրաձայնել, որ երախտապարտ են հայ բժիշկներին:

– Այո՛,- պատասխանում է բժիշկը,- գաղտնիք չէ, որ հայ բժիշկները բուժել, վիրահատել են բոլոր գերիներին ոչ միայն նրանց փոխանակելու ակնկալիքով, այլ հավատարիմ այն երդմանը, որը տվել են. չէ՞ որ Հիպոկրատի երդումն ազգություն, դավանանք, կրոն չի ճանաչում:

…Ջեբրայիլի ազատագրման ժամանակ մի թուրք վիրաբույժ էր գերի ընկել: Ժամեր անց հիվանդանոց են բերում մի վիրավորի՝ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ իմ վիրաբույժներից ոչ մեկն այդ պահին հիվանդանոցում չէր: Ես շտապ բերել եմ տալիս թուրք վիրաբույժին ու ասում նրան. «Ես գիտեմ, որ ես հայ եմ, դու՝ թուրք… բայց արի՛ պայմանավորվենք որպես երկու տղամարդ. դու մեր վիրավորին ես փրկում, իսկ ես խոստանում եմ քո փոխանակումը»: Թուրքը, բավականին զգուշավոր, տալիս է իր համաձայնությունը, սակայն պետք է խոստովանեմ, որ թե՛ ես, թե՛ անձնակազմս ներքին մտավախություն ունեինք՝ ինչպես կվիրահատի մեր վիրավորին, արդյոք ամեն ինչ կանի նրան փրկելու համար: Րոպեներ անց թուրքը սկսում է վիրահատությունը, իսկ ես ամբողջ ընթացքում չեմ հեռանում նրա կողքից և հետևում եմ նրա ձեռքերի աշխատանքին (ճիշտ է, ես Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարական ֆակուլտետն եմ ավարտել, բայց մինչև պատերազմը Բաքվի բժշկական ինստիտուտում վերապատրաստվել էի որպես ռազմադաշտային վիրաբույժ և տարիներ շարունակ որպես ասիստենտ օգնել հիվանդանոցի վիրաբույժներին): Նա ամեն ինչ արեց, որպեսզի փրկի մեր մարտիկին: Խոստումը կատարելու հերթն իմն էր: Ես մոտեցա Մանվել Գրիգորյանին և պատմելով ամբողջ եղելությունը՝ ասացի նրան. «Հայ լինելս չեմ ստորացնում և թուրքին աջակցելու համար չեմ ասում. որպես տղամարդ խոսք եմ տվել, նրան պիտի փոխանակենք…»: Եվ Մանվելը տալիս է իր համաձայնությունը. վիրաբույժին փոխանակում են մեր գերիների հետ:

Օրեր անց Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցույց են տալիս նրան: Թղթակիցը հարցնում է. «Ինչպե՞ս են Ձեզ հետ վերաբերվել այնտեղ»: Վիրաբույժը, մի քանի զինծառայողների, ինչպես նաև իմ անունը հիշատակելով, երախտագիտությամբ ասում է, որ իր նկատմամբ վերաբերմունքը զուսպ է եղել. չեն ծեծել, չեն տանջել, չեն վիրավորել: Թղթակիցն ուղղում է հաջորդ հարցը՝ կարծես մեղադրական կարդալով. «Ասում են՝ դու այնտեղ հայի՞ ես վիրահատել, փրկե՞լ ես»: «Այո՛,- պատասխանում է վիրաբույժը, ապա կարծես արդարանալով շարունակում,- բայց հայ բժիշկներն էլ թուրք գերիներին էին փրկում, իմ աչքով եմ տեսել»:

Համո Բաբայանը կարոտով ու երախտագիտությամբ հիշում է այն հայ բժիշկներին, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտից, Հայաստանից , Ռուսաստանից, Ղազախստանից եկել էին Հադրութ և հույս, ապավեն, թիկունք էին դարձել ազատամարտիկների համար.

– Նրանք 50-ից ավելին էին (ուզում էի գիրք գրել, պատմել բոլորի մասին): Թեև նրանց հետապնդում էին, խուզարկում հիվանդանոցները, տները, փնտրում ամենուր, սակայն արհամարհելով ամեն վտանգ՝ նրանք շարունակում էին գալ ու մնում էին մեզ մոտ:

Մի օր լուր ստացանք, որ գալիս են Երևանից եկած վիրաբույժ Էլման Ամիրյանին ձերբակալելու (նա ՀՀ անձնագրով էր, և եթե բռնեին նրան, կա՛մ մեծ փրկագին կպահանջեին, կա՛մ պետք է հաշտվեինք նրան կորցնելու մտքի հետ): Շտապ ինձ մոտ կանչեցի բուժակ Անաստաս Գրիգորյանին և հանձնարարեցի անտառի միջով անհապաղ փախցնել բժշկին մինչև մոտակա գյուղ… Կեսգիշերին մոտ զինված օմոնականները և ոստիկանները լցվեցին հիվանդանոց, նրանց նույնիսկ ասվել էր՝ որ հարկում, որ սենյակում է լինում բժիշկը: Սակայն երբ նրանք բարձրացան երկրորդ հարկ, սենյակի դուռը փակ էր, և ոչ մի բժիշկ էլ չկար Էլման անունով:

Այդ օրերին Համո Բաբայանի՝ Հադրութի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի անունը նույնպես «սև ցուցակում» էր: Նրան հետապնդում էին ոչ միայն բժիշկներին թաքցնելու համար, այլև թույլ չէին տալիս ընդունել, բուժել վիրավոր ազատամարտիկներին՝ առանց պարետատանը հայտնելու:

– Երբ վիրավոր ազատամարտիկ էին բերում, անմիջապես ցուցաբերում էինք անհրաժեշտ բուժօգնությունը, ապա թաքցնում նրան: Սակայն որքան էլ զգուշավոր էինք, միևնույնն է, շատ չանցած ոստիկանները, օմոնականները լցվում էին հիվանդանոց, խուզարկում վիրահատարանը, բոլոր հիվանդասենյակները, և եթե չէին ստանում իրենց հարցերի պատասխանները, ձերբակալում էին բժիշկներին: Այդ օրերին բոլորիս մի հարց էր տանջում՝ որտեղից էին նրանք այդքան արագ իմանում, որ վիրավոր են բերել (…հաճախ պարետն ինքն էր ներկայանում որպես հիվանդ և որոշ ժամանակ մնալով մեզ մոտ՝ միամիտ բուժաշխատողներից տվյալներ էր կորզում):

– Մի օր էլ հայրիկին և երջանկահիշատակ վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանին ձերբակալելու հրաման էր տրվել,- հիշում է Յունան:

– Ռուս պարետը, մոտենալով ինձ, հեգնանքով ասաց. «Կգնաք Խաչատրյանի մոտ, մի ամիս էլ դուք կնստեք նրա հետ… կհասկանաք… որը որից հետո է»: Լուսահոգի Ռոբերտ Խաչատրյանը մեր վիրաբույժներից էր, նրան մեկ ամիս առաջ էին ձերբակալել: Ես լուռ նայեցի պարետին,- հիշում է բժիշկը,- և ոչինչ չպատասխանեցի… իսկ նրանք հեռացան՝ չկարողանալով կատարել հրամանը:

Համո Բաբայանը հպարտությամբ է պատմում ՝ ինչ նվիրումով, արիությամբ էր ծառայում իր բուժանձնակազմը, և կարծես ինքն իրեն հարցնում է.

– Ինչպե՞ս կարող եմ չգրել Լիլյա Հարությունյանի՝ այդ հերոս աղջնակի մասին: Գինեկոլոգ էր, բայց երբ սկսվեց պատերազմը, տեսնելով, որ անեսթեզիոլոգ չունենք, շատ արագ մասնակցեց վերապատրաստման կարճաժամկետ դասընթացների և ապահովում էր վիրահատությունները: Զորքի հետ գնում էր մարտական գործողությունների գոտի, Ազոխի, Խծաբերդի դաշտային հոսպիտալներում օգնում վիրաբույժներին (Լիլյայի հայրը մեր հիվանդանոցի գլխավոր բժիշկն է եղել, աղջիկն ապրել էր ապահով, բարեկեցիկ կյանքով, սակայն պատերազմի տարիներին նա այնպիսի զրկանքների միջով անցավ և այնպես անտրտունջ. սրտի հիվանդություն ուներ, նույնիսկ դրան ուշադրություն չէր դարձնում):

– Ինչպես դու…,- մեղմորեն հանդիմանելով հորը՝ ասում է Յունան,- 2013 թ.-ի ձմռանը հայրիկի ինքնազգացողությունը խիստ վատացել էր. երբ նրան տարանք հիվանդանոց, բժիշկն ապշել էր. ընդամենը մեկ զարկերակ էր սնուցում սիրտը. հարցրեց՝ ինչպես է աշխատել այս սրտով:

– Այդ ձմեռ հիվանդ զինվորները շատ էին,- ընդհատում է բժիշկը,- հազիվ նրանց էինք բուժում, ով ժամանակ ուներ իր ցավը հիշելու…

Ճիշտ է, այսօր ԼՂՀ զինված ուժերում կանոնավոր գործում են ռազմաբժշկական հաստատությունները, սակայն Հադրութի շրջանային հիվանդանոցը շարունակում է ընդունել և բուժօգնություն ցուցաբերել մոտակա զորամասերի՝ վարակիչ հիվանդություններ ունեցող զինծառայողներին: Եվ Համո Բաբայանը, լինելով հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարը, միակ վարակաբանը, այսօր էլ շարունակում է ծառայությունը՝ բուժելով և շարք վերադարձնելով զինծառայողներին:

ԼՂՀ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման, մարտական խնդիրների հաջող կատարման համար Համո Բաբայանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ», «Մարտական ծառայություն» մեդալներով: Արժանացել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչմանը:

Հ.Գ.: Գլխավոր լուսանկարը Համո Բաբայանի արխիվից է՝ արված 1992 թ.-ի ապրիլի 8-ին՝ բժշկի 50-ամյակի օրը: Նա հիշում է՝ մարդիկ շնորհավորում էին իրեն, իսկ ինքը մոռացել էր, որ իր ծննդյան տարեդարձն է: Այդ օրն իրենք երկու ծանր վիրավոր էին ընդունել և փրկել նրանց կյանքը…

Էդիտա Մելքոնյան

  • h12 (Medium)