«Երբ բարդ վիրահատությունից հետո բացում ես աչքերդ…»

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի amda.am կայքին նամակ է փոխանցել Շուշանիկ Մելիքբեկյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ՊՆ Տավուշի առանձին բժշկական ջոկատի (ԱԲՋ) անձնակազմին: Այն ներկայացնում ենք ստորև:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում և շրջակա բնակավայրերում հազիվ թե գտնվի մի ընտանիք, որը երբևէ չի արժանացել Տավուշի ԱԲՋ-ի հմուտ ու փորձառու բուժանձնակազմի ջերմ վերաբերմունքին: Ինքս էլ մի քանի անգամ առնչվել եմ բուժհաստատության անձնակազմի հետ, բայց այս անգամ` որպես զինծառայող։

…Երբ պառկած ես վիրահատական սեղանին, երբ սրտումդ քաոս է, տագնապ ու գլխավերևումդ տեսնում ես ժպտացող, ջերմ ու հոգատար հայացքներ, մի պահ մոռանում ես վախի, ցավի մասին։ Երբ բարդ վիրահատությունից հետո բացում ես աչքերդ ու տեսնում քեզ նոր կյանք նվիրած մարդկանց ինքնավստահ ժպիտները, ուզում ես ի սրտե շնորհակալություն հայտնել: Ասելիքս շատ է, բառերը՝ քիչ: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Տավուշի ԱԲՋ-ի հրամանատար, բուժծառայության փոխգնդապետ Էդուարդ Գրիգորյանին, ինձ արդեն հարազատ դարձած բժիշկներին, բուժքույրերին, ողջ անձնակազմին, ովքեր անսահման նվիրված են ինչպես միմյանց, այնպես էլ հիվանդներին:

Հարգելի՛ բժիշկներ, թո՛ղ ձեր ընտանիքներում սերն ու երջանկությունը թևածեն: Թո՛ղ Հայոց սահմանները միշտ խաղաղ լինեն, և դուք ձեր ծառայությունն իրականացնեք խաղաղ պայմաններում։

Հարգանքով՝

ՀՀ ՊՆ N զորամասի ԱԿՀ տեխնիկ-օպերատոր Շուշանիկ Մելիքբեկյան