«Ամառային սեզոնն անցել է առանց ինֆեկցիոն բռնկումների»

3-րդ բանակային զորամիավորման՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը կատարած այցելության ընթացքում զրուցել ենք բուժկետի բժիշկ-մասնագետ, բուժծառայության ավագ լեյտենանտ Շահնազար Դանիելյանի հետ:

2007 թվականին Շահնազար Դանիելյանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: 2015 թվականին՝ ինտերնատուրան ավարտելուց հետո, ծառայության է նշանակվել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում՝ որպես բուժկետի բժիշկ-մասնագետ:

– Արդեն մեկ տարուց ավելի է, որ ավարտելով ուսումնառությունը ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ծառայության եք անցել զորային օղակում: Այս ժամանակահատվածը, ինչ խոսք, զինվորական բժշկի ծառայողական կենսագրության ամենադժվար փուլերից մեկն է. նորավարտ կուրսանտը, որքան էլ բազմակողմանի գիտելիքներով զինված լինի, որքան էլ պատկերացնի իր պարտականությունները, այնուամենայնիվ հայտնվում է միանգամայն նոր միջավայրում, ստանձնում նոր պարտականություններ…

– Բնականաբար, ուսումնառության ընթացքում մենք ստանում ենք անհրաժեշտ գիտելիքներ, անընդհատ պատրաստվում, գիտակցում և պատկերացնում ենք հետագա ծառայության լրջությունը, առանձնահատկությունները, սակայն ծառայության անցնելով՝ հասկանում ենք, որ իրականությունը և նախնական պատկերացումները որոշակիորեն տարբերվում են: Այնուամենայնիվ, երկար ժամանակ չպահանջվեց նոր պայմաններին լիովին հարմարվելու համար: Այս զորամասն ինձ հարազատ էր, քանի որ դեռ 2013 թվականին ուսումնական պրակտիկաս այստեղ էր անցել: Դեռ այն ժամանակ ինձ հիացրել էին բուժկետում տիրող ջերմ մթնոլորտը, իրար մշտապես աջակցելու պատրաստակամությունը: Բժշկական կազմը, իհարկե, մասամբ փոխվել է, սակայն այդ հատկանիշները փոխանցվել են սերնդեսերունդ:

Նոր միջավայրում, նոր պայմաններին ինտեգրվելու առումով անչափ կարևոր են միջավայրը, անձնակազմը, որի հետ պետք է ծառայես: Երբ ես մտա զորամաս, ինձ ընդունեցին ոչ թե որպես նորեկի, այլ որպես հարազատի: Անշահախնդիր օգնեցին, սովորեցրին, փորձեցին անընդհատ բարձրացնել: Առաջին դժվարությունը, որին ես բախվեցի, զինվորների հետ աշխատանքն էր, քանի որ ծանոթ չէի նրանց հոգեբանությանը: Ինձ իր խորհուրդներով օգնեց մեր զորամասի բուժծառայության պետը՝ բուժծառայության մայոր Մխիթար Քոչարյանը, ով երկար տարիների փորձառություն ունի: Նրա օգնությունն անգնահատելի է: Այդ դժվարին փուլը վաղուց անցյալում է:

– Ամառային սեզոնը, որը բավականին «նպաստավոր» պայմաններ է ստեղծում ինֆեկցիոն բռնկումների համար, արդեն կարելի է ամփոփել: Ինչպիսի՞ն էր ամառն անձնակազմի հիվանդացության առումով:

– Թե՛ մշտական տեղակայման վայրում, թե՛ մարտական դիրքերում անհրաժեշտ բուժկանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացվել են ամենայն հետևողականությամբ: Այդ առումով, կարելի է ասել, բացթողումներ չենք ունեցել, ուստի ամառային սեզոնն անցել է բավականին հանգիստ, առանց ինֆեկցիոն բռնկումների: Այդ ամենով հանդերձ՝ չի կարելի հանգիստ շունչ քաշել: Առջևում ձմեռ է, ուստի շարունակում ենք պատշաճ իրականացնել բուժկանխարգելիչ միջոցառումները: Հիմնական միջոցառումներից զատ՝ նաև խորհուրդներով ենք օգնում հատկապես մարտական դիրքեր կատարած այցելությունների ժամանակ, որպեսզի հնարավորինս խուսափենք հնարավոր բռնկումներից:

-Անձնակազմը մարտական խնդիր է կատարում հայ-ադրբեջանական սահմանի բավականին բարդ հատվածում: Երբ ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակողական գործողություններ ձեռնարկեց, սպասելի էր, որ այս ուղղությամբ ևս մարտական գործողություններ կծավալվեն…

– Այո՛, միանգամայն սպասելի էր, որ մարտական գործողություններ կարող են ծավալվել նաև ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում: Ուստի ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ մեր զորամասի բուժանձնակազմը մարտական գործողությունների հնարավոր ծավալման դեպքում պատրաստ էր լիարժեք բուժապահովում իրականացնելուն:

Այդ օրերին բժիշկներն առավել հաճախ էին այցելում մարտական դիրքեր, հետաքրքրվում անձնակազմի առողջական վիճակով, բուժզննումներ իրականացնում, հետևում կացարանների, ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակին: Փա՛ռք Աստծո, այդ օրերին ոչ մի միջադեպ չի գրանցվել: Մենք՝ բժիշկներս, նաև հետևում էինք Արցախում մեր ծառայակից ընկերների գործողություններին, ովքեր, ինչպես ապրիլյան պատերազմից հետո գնահատեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, գերազանց կատարեցին խնդիրը:

Հասմիկ Գյոզալյան