Ն. Ճղրիկյան. «Հավատացե՛ք՝ ուրիշ կյանք է խրամատներում…»

ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, պլաստիկ և միկրովիրաբույժ Նորիկ Ճղրիկյանի հետ ծանոթությունը սկսվեց վիրակապարանում: Նրա մասին դեռևս Երևանում էի լսել. ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնագծին մոտ տեղակայված ռազմաբժշկական զորամասում նա պլաստիկ վիրահատություն է կատարել՝ զինծառայողին փրկելով հաշմանդամությունից: Նա թշնամու ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյանի բժիշկն է…

Վիրակապարանում Նորիկ Ճղրիկյանն ընդունել էր հերթական հիվանդին (զինվոր էր) և սրունքի վերքն էր մշակում: Զինվորին հարցրի՝ ինչից է առաջացել, որտեղ, դիմել է իրենց սանհրահանգչին, ինչ ունեն իրենց անհատական բժշկական փաթեթների մեջ: Սակայն նրա փոխարեն վիրաբույժը պատասխանեց.

– Գիտեք, Դուք հիմա նրան տալիս եք հարցեր, որոնց ինքը երբեք չի պատասխանի, թեև հասկանում եմ՝ ինչու եք հարցնում… Ռոմանտիկ, պաթետիկ բառերը, որ «էրեխեքն» ասում են տեսախցիկների առաջ, միայն եթերի համար են: Հավատացե՛ք՝ ուրիշ կյանք է խրամատներում…

Առաջին բժիշկն էր, որ քառօրյա պատերազմից հետո թշնամուն սանձած հայ զինվորներին «էրեխեք» էր անվանում:

– 18-20 տարեկան «էրեխեք են», ամբողջ գիշեր չեն քնում, դիրքերում կանգնած՝ հերթապահում են, իսկ երբ 1-2 ժամ քնելու հնարավորություն են ունենում, նույնիսկ կոշիկները չեն հանում, որովհետև ամեն վայրկյան կարող է տագնապ լինել: Ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ինչ է զգում այդ 18 տարեկան տղան, երբ լսում է հեռահար զենքերի պայթյունը, երբ իր վրա հարձակվող թշնամու ջոկատներն է տեսնում,- շարունակեց Նորիկ Ճղրիկյանը,- կարողանալո՞ւ է կրակել, վերցնել զենքն ու մարդ սպանել՝ թեկուզ իմանալով, որ նա թուրք է, ու եթե ինքը նրան չսպանի, ապա իրեն կսպանեն… Գուցե չկարողանա, ո՞վ գիտի (մերոնք ուրիշ դաստիարակություն, ուրիշ սիրտ ունեն):

Սակայն փառք ու պատիվ մեր «էրեխեքին»: Նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Մարտական խնդիրն իրենց կյանքի գնով լուծելու արիություն ու նվիրում ունեցան: Կանգնեցին մինչև վերջ ու կանգնեցրին թշնամուն:

Մեր զրույցը շարունակվեց բժիշկների առանձնասենյակում:

– Ապրիլյան պատերազմի և հաջորդած օրերի ընթացքում մեր բուժանձնակազմը բաժանված էր բրիգադների՝ կազմված բուժակից և բժիշկ-մասնագետներից,- պատմում է վիրաբույժը,- նրանք շտապօգնության մեքենաներով ընդառաջ էին գնում մինչև հրամանատարական կետը և ընդունելով վիրավորներին՝ նրանց տեղափոխում ԱԲՋ (իսկ ինձ պահում էին այստեղ՝ տեղում վիրահատություններ կատարելու նպատակով. թիմում միակ պլաստիկ և միկրովիրաբույժը ես էի):

Ինչպես նշեց Նորիկ Ճղրիկյանը, քառօրյա պատերազմի և հաջորդած օրերին Մեխակավանի ԱԲՋ-ում են եղել նաև Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, վնասվածքաբան Արայիկ Լևոնյանը, ՊՆ ԿԿԶՀ-ի բրիգադը՝ կազմված կրծքային վիրաբույժից, նյարդավիրաբույժից, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետներից: Եվ առաջնագծին մոտ տեղակայված ռազմաբժշկական զորամասում բազմակողմանի վիրաբուժական ծառայություն է իրականացվել՝ շնորհիվ ԱԲՋ-ի նյութատեխնիկական արդիական հագեցվածության:

Անդրադառնալով այդ օրերին կատարված պլաստիկ և միկրովիրաբուժական միջամտություններին՝ բժիշկը նշեց.

-Վիրավոր զինծառայողների մեծ մասը դեմքի և վերջույթների հրազենային, ականապայթյունային վիրավորումներ ուներ: Այդ պարագայում անհրաժեշտ էր ոչ միայն դադարեցնել արյունահոսությունը, կանխել կյանքին սպառնացող վտանգը, այլև պլաստիկ վիրաբուժական միջամտություններ կատարելով՝ շտկել մաշկի վրա առաջացած վնասվածքները:

Վերջույթների բարդ վնասվածքներ ունեցող վիրավորներին ընդունելիս անհրաժեշտ էր ճիշտ կողմնորոշվել՝ ինչ վիրաբուժական միջամտություն է կատարվելու՝ վերջույթի ռեկոնստրուկցիա՞ (վերականգնում), թե՞ անդամահատում: Եթե վերջույթը փրկելու թեկուզ աննշան հնարավորություն ենք ունեցել, ապա այն պահպանել ենք: Ամպուտացիա կատարվել է միայն այն դեպքում, եթե վերջույթն ամբողջովին բացակայել է, կամ հյուսվածքները պատռված, ծայրահեղ վնասված են եղել:

Իմ ծառայության ընթացքում թերևս ամենածանր պահն այդ րոպեներն էին, երբ ես՝ որպես պլաստիկ և միկրովիրաբույժ, պետք է որոշում կայացնեի, և ստիպված, այլ ելք չունենալով, կատարեինք անդամահատումը (ես մեկ անգամ էի որոշումը կայացնելու՝ ռեկոնստրուկցիա, թե անդամահատում, իսկ վիրավորը, ում ոտքը պետք է ամպուտացնեինք, ամբողջ կյանքում է հաշմանդամ լինելու):

Երբ արթնացել են, մենք փորձել ենք գոտեպնդել նրանց: Հիշել ենք այն տղաներին, ովքեր իրենց կյանքը չապրեցին… Եվ փառք ու պատիվ նրանց, չեն վհատվել:

Վիրաբույժը փորձում է հիշել և խոստովանում է, որ վիրավորների դեմքերը, անունները չի հիշում.

– Հավատացե՛ք՝ նրանց հետ շփվելու ժամանակ չենք ունեցել: Նրանցից շատերին մեկ անգամ եմ տեսել՝ կա՛մ վիրահատարանում, երբ վիրահատել եմ նրանց, կա՛մ վիրակապարանում, որտեղ ընդունում էինք թեթև վիրավորներին, մշակում վերքերը, նշանակումներ կատարում: Ապա հնարավորինս արագ վիրավորները տեղափոխվել են բուժօգնության հաջորդ էտապ, որպեսզի ԱԲՋ-ի ռեսուրսները չզբաղեցվեն, և մենք պատրաստ լինենք վիրավորների հաջորդ հոսքն ընդունելուն:

Բոլորս մեր տեղերում էինք՝ զգոն, պատրաստ իրավիճակի ցանկացած զարգացմանը: Եվ միակ անհանգստությունը, որ ունեինք, սահմանին կանգնած «էրեխեքն» էին: Նրանք, ովքեր այսօր մեր կյանքն ու խաղաղությունը, մեր անկախությունն են պաշտպանում:

Էդիտա Մելքոնյան