Բացվեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ զինվորական կցորդ, գնդապետ Բրյուս Մրֆին, Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ջոն Ֆրիլը և այլ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ, բ/ծ մայոր Հարություն Հովհաննիսյանը: Համառոտ ներկայացնելով ուսումնական կենտրոնի ստեղծման նախապատմությունը՝ նա նշեց, որ ուսումնական կենտրոնի դասախոսական և հրամանատարական կազմի վերապատրաստման դասընթացն իրականացվել է հայ-ամերիկյան ռազմաբժշկական համագործակցության շրջանակում: Հարություն Հովհաննիսյանը հավելեց, որ ԱՄՆ գործընկերների և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկը:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն էլ փաստեց, որ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում ռազմաբժշկական ծառայության իրականացման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև միջին և կրտսեր բուժանձնակազմը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ էին նոր սկզբունքներ՝ նրանց ծառայության որակը բարելավելու նպատակով: Կամավոր Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ յուրացնելով ամերիկյան գործընկերների փորձը և գիտելիքները՝ դասընթացի ունկնդիրները ծառայությունն ավելի արդյունավետ կիրականացնեն:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ, ողջունելով ներկաներին, կարևորեց ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի դերը կադրերի պատրաստման գործում և հաջողություն մաղթեց դասընթացի ունկնդիրներին:

Ապա ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ, բ/ծ մայոր Հարություն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ներկաները շրջեցին ուսումնական կենտրոնի հարկաբաժնում, ծանոթացան լսարանների, աշխատասենյակների պայմաններին և նյութատեխնիկական հագեցվածությանը:

Հ.Գ.: Տեսանյութը՝ շուտով:

Էդիտա Մելքոնյան

  • B81I8821 копия
  • B81I8769 копия
  • B81I8756 копия
  • B81I8866 копия
  • B81I8843 копия
  • B81I8869 копия
  • B81I8733 копия