«Չէ՞ որ տեղեկացված լինելը նպաստում է հիվանդությունների կանխարգելմանը»

Օրեր առաջ 3-րդ բանակային զորամիավորման՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը կատարած այցելության ընթացքում զորային օղակում ատամնաբուժական ծառայության առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք երկտարեցի բժիշկ-ստոմատոլոգ, բուժկետի բժիշկ-ատամնաբույժ, բուժծառայության լեյտենանտ Արգիշտի Հայրապետյանի հետ:

2007 թվականին Արգիշտի Հայրապետյանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Մագիստրատուրան ավարտելուց հետո՝ 2013-2015 թվականներին, հետբուհական կրթությունը շարունակել է կլինօրդինատուրայում՝ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ: 2015 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր՝ որպես բժիշկ-ատամնաբույժ ծառայության անցնելով մարտական հերթապահություն իրականացնող զորամասում:

«Գոհ եմ ծառայությունից. որքան էլ հասուն լինես ու լիարժեք ձևավորված անհատ, միևնույնն է, ծառայությունը շատ բան է տալիս, սովորեցնում՝ խիստ կանոնակարգված, կազմակերպված աշխատելու ունակությունները զարգացնելու, ինչու ոչ, որոշակիորեն նաև մասնագիտական փորձը հարստացնելու և այլ առումներով,- պատմում է զրուցակիցս, ապա շարունակում,- ծառայության առաջին օրերին ամեն ինչ անսովոր էր՝ անգամ զինվորի հետ առնչվելը, սակայն զորամասի բժշկական կոլեկտիվն ինձ սրտաբաց ընդունեց՝ որպես յուրայինի: Բժշկական միջավայրում առավել հեշտ է ինտեգրվելը, քանի որ մտածելակերպի ընդհանրությունները շատ են: Լուրջ դժվարությունների, խնդիրների չեմ բախվել: Ծառայությունն անընդհատ կոփում է, յուրացնում ես անգամ այնպիսի «դասեր», որոնք հետագայում քաղաքացիական կյանքում ևս օգտակար են լինելու: Շուտով կլրանա մեկ տարին. ծառայել եմ սիրով, կշարունակեմ նույն կերպ՝ մասնագիտական հմտություններս ծառայեցնելով զինվորների առողջության ամրապնդմանը»:

Բժիշկ-ատամնաբույժը նշում է, որ զորային օղակում բուժապահովման թույլատրելի ծավալի շրջանակում ատամնաբուժական ծառայությունը իրականացվում է լիարժեք. «Ժամանակ առ ժամանակ լինում են բարդություններ (ատամնաքարեր, կարիես և այլն)՝ հիմնականում անձնական հիգիենայի կանոններին պատշաճ չհետևելու պատճառով: Բերանի խոռոչի ավելի լուրջ հիվանդություններ, բարեբախտաբար, չեն հանդիպել: Մեր հնարավորությունների սահմաններում իրականացնում ենք անհրաժեշտ բոլոր միջամտությունները»:

Յուրաքանչյուր հերթափոխից առաջ սահմանված կարգով մարտական հերթապահության մեկնող անձնակազմն ընդհանուր բուժզննում է անցնում: Արգիշտի Հայրապետյանը վստահեցնում է. «Բուժզննումների ընթացքում եթե հայտնաբերվում են ատամնաբուժական խնդիրներ, ապա փորձում ենք դրանց լուծում տալ (եթե հնարավոր չէ վերջնական, ապա գոնե ժամանակավոր, իսկ բուժումը շարունակում ենք հերթապահությունից անմիջապես հետո), որպեսզի մարտական հերթապահության ընթացքում ցավը չանհանգստացնի, և զինծառայողը կարողանա լիարժեք կենտրոնանալ միայն ծառայության վրա»:

Զրուցակիցս կարևորում է նաև հաճախակի զրույցները զինծառայողների հետ. «Ընդհանուր բուժզննումների ընթացքում և առհասարակ բուժկետ դիմած բոլոր զինվորների հետ զրուցում եմ անձնական հիգիենայի կանոնները պահպանելու կարևորության, դրանց առանձնահատկությունների մասին: Օգնում եմ խորհուրդներով, որոշ հարցերում ճիշտ ուղղորդում: Ի դեպ, բավականին հաճախ դիմում են նաև խորհուրդ ստանալու նպատակով: Չէ՞ որ տեղեկացված լինելը շատ դեպքերում նպաստում է հիվանդությունների կանխարգելմանը»:

Հասմիկ Գյոզալյան