Միասին՝ բակային խաղերից մինչև… վիրահատարան

Ազգային բանակի շարքերում՝ թե՛ հոսպիտալային, թե՛ զորային օղակների բուժանձնակազմերում, զինվորական բժիշկների հետ մասնագիտական պարտքը նվիրումով են կատարում նաև երկտարեցի բժիշկները՝ իրենց գիտելիքները, հմտություններն ու փորձառությունը ծառայեցնելով զինծառայողների առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ըստ այդմ՝ նաև բանակի մարտունակության ապահովման գործին:

3-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամաս կատարած այցելության ընթացքում հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահան Ստեփանյանն ինձ հուշեց, որ զորամասի բուժանձնակազմում երկվորյակ եղբայրներ են ծառայում: Եղբայրների հետ կայանալիք հանդիպումն ի սկզբանե հետաքրքրեց, և մարտական դիրքեր այցելությունից հետո վերադարձա զորամաս:

Մինչ բուժկետի ընդունարանում սպասում էի, նախ ներս մտավ եղբայրներից մեկը, ապա՝ մյուսը: «Ինչպե՞ս եմ զրուցակիցներիս տարբերելու միմյանցից»,- սա էր առաջին միտքը, որ ծագեց բժիշկներին տեսնելուց հետո:

Արդեն շուրջ մեկ տարի է՝ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում իրենց ծառայողական պարտքն են կատարում երկտարեցի բժիշկներ, բուժկետի բժիշկ-մասնագետներ, պլաստիկ և միկրովիրաբույժներ, բուժծառայության լեյտենանտներ Դավիթ և Վահան Դավթյանները:

Ծննդով մայրաքաղաքից են, արմատներով՝ Արցախից: Հայրական պապը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Եղբայրները պատմում են, որ ընտանիքում, հարազատների շրջանում բժիշկներ չկան:

Կյանքի բոլոր փուլերը միասին են հաղթահարել, բոլոր ճանապարհները միասին անցել՝ բակային խաղերից, մանկապարտեզից մինչև դպրոց, բուհ, մինչև … վիրահատարան:

Ուսումնառությունը դպրոցում ավարտելուց հետո բժշկի մասնագիտության ընտրությունը ևս համատեղ են կայացրել և ընդունվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Երրորդ կուրսի ուսանողների համար արդեն որոշակիորեն պարզ էր նաև նեղ մասնագիտության ընտրությունը՝ միկրո և պլաստիկ վիրաբուժություն:

Հետբուհական կրթությունը շարունակել են կլինօրդինատուրայում, որն անցել է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում՝ վաստակաշատ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանի ղեկավարությամբ:

Կլինօրդինատուրան ավարտելուց հետո եղբայրները զորակոչվել են զինված ուժեր:

«Միայն մանկապարտեզում ենք նույն հագուստը կրել՝ անկախ մեր կամքից, իսկ հիմա՝ բանակում»,- կատակում են զրուցակիցներս, ապա հավելում, որ երբեք չեն սիրել միանման հագուստ կրել, ինչպես սովորաբար լինում է երկվորյակների դեպքում:

Երկվորյակների մասին եղած այն զրույցները, թե նրանք զգում են միմյանց ցավը, տագնապները, մտահոգությունները, եթե անգամ մեծ տարածություն է բաժանում, եղբայրները չեն հաստատում, փոխարենը՝ 27 տարի միշտ կողք կողքի լինելն այնքան բնական են համարում, որ անգամ մի քանի օր իրար չտեսնելն անսովոր է թվում:

Նրանց ամենուր շփոթելը, մեկին մյուսի փոխարեն ընդունելը ևս օրինաչափ է: Շփոթության հետևանքով էլ ստեղծված զավեշտալի իրավիճակների, պատմությունների պակաս երբեք չի զգացվում:

«Միայն մեր հարազատները, մտերիմ ընկերները մեզ չեն շփոթում, քանի որ իրականում այնքան էլ նման չենք միմյանց»,- ասում են եղբայրները, իսկ նախադասության վերջին հատվածն ինձ համոզիչ չի թվում, քանի որ ինքս նրանց նմանությունից շփոթության մեջ եմ…

…Ի տարբերություն զինվորական բժիշկների, որոնց համար կանխատեսելի է իրենց անցնելիք ճանապարհը, երկտարեցի մասնագետների համար քաղաքացիական բուժհաստատություններում աշխատելուց հետո հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայությունը որոշակի դժվարություններ է առաջացնում: Եղբայրների՝ ԶՈՒ զորակոչվելուց հետո ընդամենը մի քանի ամիս էր անցել, երբ Արցախում սկիզբ առավ ապրիլյան պատերազմը: Նույն ժամանակահատվածում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ևս բուժծառայությունը բերվեց պատրաստության բարձր աստիճանի, ինչը լրացուցիչ պատասխանատվություն ու նոր պարտականություններ է ենթադրում: Բժիշկները նշում են, որ կարճ ժամանակ է պահանջվել ծառայությանը լիովին հարմարվելու համար, իսկ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ծառայակից ընկերների հետ պատրաստ են եղել իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում խնդիրը լիարժեք կատարելուն:

«Ինչպես հայտնի է, ռազմական բուժծառայությունն էտապային է, և յուրաքանչյուր օղակում բուժապահովումն իրականացվում է միայն սահմանված ծավալների շրջանակում: Ըստ այդմ՝ զորային օղակում մեր նեղ մասնագիտական գիտելիքներն ամբողջությամբ չեն կիրառվում, սակայն պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Տավուշի ԱԲՋ-ի հետ»,- նշում է Վահան Դավթյանը:

«Ծառայում ենք սիրով, ինչին առաջին հերթին նպաստում են անձնակազմը, մեր ծառայակից ընկերները: Բժշկի ծառայությունը, իսկապես, առանձնահատուկ է: Յուրաքանչյուր զինվոր անհատականություն է և յուրովի մոտեցում է պահանջում, իսկ այն իրողությունը, որ մեր զինվորները մարտական հերթապահություն են իրականացնում, ավելի է մեծացնում պատասխանատվության չափը: Անում ենք հնարավորը՝ հայրենիքի պաշտպաններին օգտակար լինելու համար: Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա դրանք մեզ համար նոր չեն, իսկ ծառայության մեջ միանգամայն օրինաչափ են»,- մեր զրույցը եզրափակում է Դավիթ Դավթյանը:

Հասմիկ Գյոզալյան

  • 2