«Այդ օրերին շատ ազատամարտիկներ ասում էին, որ երիտասարդ սերունդը գերազանցեց իրենց»

ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատ կատարած այցելության հենց առաջին օրը ծանոթացա ԱԲՋ-ի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի մայրապետ Աիդա Սիմոնյանի հետ: Տիկին Աիդան հոգում խորունկ ցավ է թաքցնում, որը ժամանակն անգամ ի զորու չի եղել մեղմացնել. ամուսինը՝ Բորիս Սիմոնյանը, 1993 թվականին զոհվել է Քարվաճառում:

Այդ պահին միասին թեյ ենք տանում բաժանմունքում գտնվող միակ զինվորի համար, ապա շարունակում զրույցը:

«Ես էլ, ամուսինս էլ ծնվել ենք Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղում: Մենք բազմանդամ ընտանիք էինք: Ծնողներս անասնապահությամբ էին զբաղվում, գիշերուզօր աշխատում, որպեսզի մենք՝ ես, 4 եղբայրներս և 2 քույրերս, ապահովված լինեինք: Ծնողներս իրենց զավակների դաստիարակության հարցում բավականին խիստ էին: Բոլորս ամուսնացանք, ամուր ընտանիքներ կազմեցինք: Ավա՜ղ, ինձ վիճակված չէր ամուսնուս հետ երկար վայելել ընտանեկան երջանկությունը»,- պատմում է տիկին Աիդան:

Զինվորական ծառայության ավարտից հետո Բորիս Սիմոնյանը վերադարձել է հայրենի Կճողուտ: Ամուսնացել են 1981 թվականին:

«Հիմա կարոտով եմ հիշում մեր ապրած երջանիկ ու անհոգ օրերը: Երեք զավակ ունեցանք՝ 2 որդի և մեկ դուստր: Հիմա երեքն էլ ընտանիք են կազմել: Արդեն 7 թոռ ունենք,- շարունակում է տիկին Աիդան, իսկ ամուսնու մարտական ուղու մասին պատմելիս սակավախոս է դառնում,- հիշում եմ 1992 թ.-ի ծանր, սարսափելի օրերը: Թուրքն արդեն մեր տուն էր մտնում, բայց ամուսինս ասում էր՝ ոչ մի տեղ չենք գնալու գյուղից: Սակայն ստիպված տեղի տվեց, և մենք էլ մի քանի ընտանիքների հետ հեռացանք առավել ապահով վայր: Ամուսինս հետախույզ էր… Ես շատ բան չգիտեմ նրա մարտական ուղու մասին: Եղբոր հետ մասնակցում էին մարտական գործողություններին: Միասին էլ գնացին Քարվաճառ, որտեղ ամուսինս զոհվեց: Պատմում են, որ իր հանգստի ժամն է եղել, սակայն մարտական ընկերների հետ գնացել է դեպի դիրքեր, որտեղ էլ թշնամու գնդակը գտել է նրան ու երկու զինակիցներին: Երեքն էլ Կճողուտից էին: Երեքն էլ զոհվեցին: Անասելի ծանր ժամանակներ էին: Երեխաներս արդեն հասկանում էին ամեն ինչ: Դժվարությամբ, բայց կարողացանք հաղթահարել այդ ծանր օրերը»:

Զրուցակիցս նույն կսկիծով է պատմում նաև այս տարվա ապրիլին ծավալված մարտական գործողությունների մասին. «Երկար ժամանակ գյուղում չէի եղել, ապրիլի մեկին գնացի: Գիշերն արթնացա կրակոցների ձայներից և հասկացա, որ սովորականից տարբեր են: Լույսը բացվելուն պես շտապեցի Մարտակերտ և այն, ինչին ականատես եղա, դժվար է նկարագրել: Կրակոցներ, մեքենաների խցանումներ, գնդակոծվող ճանապարհներ, մեծ թվով վիրավորներ… իրական պատերազմ: Ես երկրորդ անգամ անցա պատերազմի միջով: Մեր անձնակազմն օրեր շարունակ հերոսաբար պայքարեց: Հրամանատարը, բժիշկները, միջին բուժանձնակազմն արեցին անհնարինը: Իմ երկու որդիները դիրքերում էին: Այդ ծանր պահերին ցավում ու տառապում էի բոլոր վիրավորների համար:

Մեր տղաներն իրենց վճռականությամբ, համարձակությամբ, հայրենասիրությամբ չեն զիջում նախորդ սերնդին: Նրանք հերոսներ են: Որքան էլ գնահատվի նրանց սխրանքը, որքան էլ պարգևների արժանանան, միևնույնն է, նրանց ծառայությունն անգնահատելի է: Ես աղոթում եմ, որ այդ օրերը երբեք չկրկնվեն, որ երբեք ոչ մի զինվորի մոր աչքեր չարցունքոտվեն»:

«Մենք փորձում էինք սառնասիրտ լինել, թեպետ դժվար էր»

2 տարի է, ինչ վիրակապարանի բուժքույր Բելլա Սուլեյմանյանը ծառայում է Մարտակերտի ԱԲՋ-ում: Երիտասարդ բուժքույրը երեք երեխաների մայր է: Ընտանիքի հետ բնակվում է Մարտակերտում:

«Ապրիլի մեկի գիշերն առաջին իսկ կրակոցից արթնացա,- վերհիշում է Բելլան,- կարծում էի՝ սովորական դարձած կրակոցներ են, սակայն ձայներն ավելի ու ավելի էին ուժեղանում: Առավոտյան ժամը 05:30-ին զանգահարեցի ԱԲՋ, խոսեցի ավագ բուժքրոջ հետ: Մի քանի բառով նկարագրեց իրավիճակը, հայտնեց, որ արդեն վիրավորներ ունենք: Լուսաբացին մեծ դժվարությամբ երեխաներին Մարտակերտից ուղարկեցինք համեմատաբար ապահով վայր, և առանց ժամանակ կորցնելու շտապեցի հոսպիտալ:

Հիմա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես ենք հաղթահարել այդ ծանր փորձությունը: Որպես կին բնականաբար նաև վախ էի զգում: Վախ՝ մերձավորի (ապրիլի 3-ից ամուսինս և եղբայրներս նույնպես առաջնագծում էին), ինչպես նաև զինվորի ու սպայի համար: Մեր կին բուժծառայողներից գրեթե բոլորի հարազատներն այդ օրերին դիրքերում էին: Սակայն պարտքի զգացումն ավելի ուժեղ էր: Մենք փորձում էինք սառնասիրտ լինել, թեպետ դժվար էր: Մեծ էր հրամանատարի դերը, նա թույլ չէր տալիս կոտրվել, հուսալքվել, հանձնվել… Անընդհատ մեր կողքին էր: Երբ ասում էին վիրավոր են բերել, բոլորս միանգամից ուժ էինք ստանում, վազում դեպի վիրավորը: Եվ… հուզվում նրան ճանապարհելուց հետո միայն»:

«…Այդ օրերը ծանր երազի էին նման»

Զրուցեցինք նաև ԱԲՋ-ի դեղատան պետ, ենթասպա Սամսոն Մանգասարյանի հետ, ով ծննդով Ստեփանակերտից է: Արդեն 7 տարի է՝ ծառայում է ԱԲՋ-ում: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում բազմիցս ընդառաջ է գնացել վիրավոր զինծառայողներին, տեղափոխել նրանց հոսպիտալ: Ավելի երկար ժամանակ նա գտնվել է արկակոծվող ճանապարհներին, քան հոսպիտալում:

«Ես չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկի անունը կամ խոսել այստեղ կատարված աշխատանքի մասին: Միայն կասեմ, որ բոլորը ծառայել են մեծ նվիրումով: Միայն ծառայողական պարտականություններով ոչ ոք չի սահմանափակվել,- ասում է զրուցակիցս ու շարունակում,- այդ գիշեր թեպետ հերթապահ չէի, բայց տուն չէի գնացել: Լուսաբացին առաջին վիրավորն արդեն ԱԲՋ-ում էր: Մեր ռեանիմոբիլներից մեկն այդ պահին ճանապարհին էր: Կրկին հայտնեցին նոր վիրավորի մասին, ես առանց ժամանակ կորցնելու գնացի:

…Այդ օրերը ծանր երազի էին նման: Մենք ունեցել էինք միաժամանակ մի քանի վիրավորներ, բայց այդպիսի հոսք…

Իսկական փորձություն էր: 90-ականներին մեր սերունդը փոքր է եղել և պատերազմի մասին պատկերացում է կազմել միայն պատմություններով, իսկ սա իրական պատերազմ էր: Մեր զինվորներն ու սպաները պատվով կատարեցին իրենց սրբազան պարտքը: Այդ օրերին շատ ազատամարտիկներ ասում էին, որ երիտասարդ սերունդը գերազանցեց իրենց»:

Հասմիկ Գյոզալյան

  • 2 (1)
  • 3